Լրահոս

21.12.2010 15:46


Արմեն Աշոտյանը նստվածք չունի

Արմեն Աշոտյանը նստվածք չունի

Հանրակրթության և լեզվի մասին օրենքներում փոփոխություններ անելու մասին օրինագծերի վերաբերյալ եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներից և նշել, որ երեկվա քննարկումների ավարտն ու այսօրվա քննարկումների ողջ ընթացքն անհամեմատելի էին.

-Կարծում եմ, որ իրոք բարեկրությունը և կրթվածությունն առհասարակ հաղթեց նաև այսօր,- նշել է նա:

Ինչ վերաբերում է համառության մեջ մեղադրանքներին, Ա. Աշոտյանն ասել է, որ դա ոչ թե համառություն է, այլ հետևողականություն և վճռականություն. «Եթե 120 տարի կարելի է պնդել նույն քաղաքական պլատֆորմը, ապա գոնե 8 ամիս կարելի է նույն տեսակետը հայտնել»:

Դիմելով Արծվիկ Մինասյանին' Արմեն Աշոտյանն ասել է.

-Իմ շատ հարգված գործընկեր, իմ սերընդակից, ընդդիմադիր խմբակցություններից մեկի ծագող քաղաքական աստղ պարոն Մինասյան, ուզում եմ հիշեցնել, որ ամիսներ առաջ ինձ խոստացված իրավական հիմնավորումը, որ փոփոխությունը հնարավոր է անել առանց Լեզվի մասին օրենքում փոփոխության, ես այդպես էլ չեմ ստացել:

Անդրադառնալով իր կողմից շատ հարգված «ավագ ընկեր Սահակյանի» հայտարարությանը, որ նիստերի դահլիճում անպայման նաև ներկա լինի հոգեբույժ, ԿԳ նախարարն ասել է.

-Թույլ տվեք առաջին անգամ հանդգնել և չհամաձայնվել ձեզ հետ, առաջին անգամ այս ամբիոնից ես ձեզ հետ համաձայն չեմ. հոգեբույժի կարիք կարծում եմ դեռ չկա: Ես ավելի լավատես եմ և կարծում եմ, որ հոգեբանով կարելի է սահմանափակվել գոնե այս փուլում:

Ա. Աշոտյանը նաև վստահություն է հայտնել, որ որոշ գործընկերներ, ովքեր «ելույթ ունենալիս շատ տարբեր բաներ ասացին», 2,5 տարի առաջ «մեծագույն հավեսով կգովերգեին օրենսդրական նախաձեռնությունը»:

Եզրափակելով իր ելույթը ԿԳ նախարարը բոլորին շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ, ասելով, որ կփորձի օրինագծի քննարկումների հետ կապված բոլոր բացասական հիշողությունները թողնել 2010թ.-ում.

-Մենք որևէ նստվածք չունենք և՛ ոչ մեկի անզգույշ արտահայտությունից: Ես կունանամ նստվածք, եթե այդ անզգույշ արտահայտությունները դառնան օրինաչափ և փորձեն վերածվել գործելաոճի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը