Լրահոս

21.12.2010 14:28


Օտարալեզու դպրոցների մասին օրինագծի քննարկումը շարունակվել է

Օտարալեզու դպրոցների մասին օրինագծի քննարկումը շարունակվել է

Այսօր արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն շարունակել է քննարկել «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում զարմանք է արտահայտել ՀՀ կառավարության համառության կապակցությամբ, որ ամեն կերպ փորձում է անցկացնել այս օրենսդրական նախաձեռնությունը:

Նա նաև ընդգծել է, որ կոալիցիոն կուսակցությունները, ինչպես նաև հենց կառավարությունն առաջարկել էին, որպեսզի օրենսդրական փաթեթից հանվեր «Լեզվի մասին» օրենքը, սակայն դա այդպես էլ չի արվել:

-Այս փաթեթով մենք ճանապարհ ենք բացում նաև լեզվի ոլորտում աղանդավորության մուտքին, իսկ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է,-հայտարարել է Ա. Մինասյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ նշել է.

-Կառավարությունը, որը հռչակել է Հայկական աշխարհ կառուցելու իր մոլուցքի մասին, երևի այն պատկերացնում է այսպես' ուղղակի պարտադրանքով, օրենքները խախտելով, և այստեղ ես չէ, որ պետք է գնահատական տամ, թե ինչպես համադրել կառավարության այս գործելակերպը 2 օր առաջ Հանրապետական կուսակցության 20-ամյակի կապակցությամբ հանրապետության և ՀՀԿ նախագահի ելույթները:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ իր շնորհակալությունն է հայտնել կառավարությանը, այն բանի համար, որ «Լեզվի մասին» օրենքն իրականում հնարավորություն տվեց շատ մարդկանց մտածել և խոսել մեր լեզվի, հայեցի դաստիարակման, լեզվամտածողության մասին, և, միևնույն ժամանակ, շատ մարդկանց դիմակներ պատռել, շատ մարդկանց նոր դիմակներով և նրանց դիմակահանդեսները տեսնել:

-Հնարավորություն էր նաև շատ կազմակերպությունների տեղ գտնել ընդդիմադիր դաշտում և հուրախություն մեզ բոլորիս, որոնողափնտրողական աշխատանքները դեռ շարունակվում են և դեռ երկար կշարունակվեն,-ավելացրել է Կ. Ավագյանը:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ հայտարարել է, որ չի կարող չանդրադառնալ այն մտքի փայլատակումներին, որոնց իրենք ականատես են եղել վերջին 7 օրերի ընթացքում, երբ որ կարելի է 7 օր անընդհատ խոսել և մեկ նորմալ, կոնկրետ միտք չարտահայտել.

-Այլ ընդամենը ցույց տալ, որ իրենք կատարում են հստակ այն պատվերը, որ դիմացը Նոր տարի է և Նոր տարին լավ դիմավորելու համար հարկավոր է պատվերները լավ կատարել:

Ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա էլ նկատել է, որ մտքի փայլատակումն այն է, որ կառավարությունն առաջարկել է հանել «Լեզվի մասին» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն հենց կառավարությունն ինքն իրեն մերժել է:

-Առաջարկում եմ կանգնել մի պահ և մտածել' ինչ է կատարվում և ինչ է արվում: Դեռ ուշ չէ, կարելի է և անհրաժե'շտ է այս փաթեթը հանել քննարկումից: Եթե ուզում եք լավ կրթություն, սա այլ խնդիր է, բայց լեզվի հետ կապված նման քայլերն իսկապես աններելի են և չունեն որևէ գնահատական,-ասել է Տ. Թորոսյանը,-մարդիկ, ովքեր նպաստելու են նման որոշումների ընդունմանը, ես չեմ ուզում ասել սերունդներն իրենց չեն ներելու, վստահ եմ, իրենց հոգու խորքում իրե'նք էլ իրենց չեն ներելու, նրա'նք, ովքեր հասկանում են: Իհարկե, համոզված եմ' կան մարդիկ, ովքեր չեն  հասկանում' ինչ է կատարվում և որևէ բան չունեմ իրենց ասելու: Բայց վստահ եմ' շատերն այս դահլիճում հիանալի հասկանում են' ինչ է կատարվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը