Հարցազրույց

20.12.2010 16:10


Ալբերտ Բազեյան.

Ալբերտ Բազեյան.

Օրերս հրատարակվել է Վալերի Հարությունյանի «Ծանր խաչ» գիրքը, որը նվիրված է «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատին ու նրա անցած ուղուն։ Գրքի մի հատված էլ նվիրված է ջոկատի հրամանատար Ալբերտ Բազեյանի կյանքին ու գործունեությանը։ Ձեզ ենք ներկայացնում «7օր»-ի հարցազրույցը Ալբերտ Բազեյանի հետ։

-Որո՞նք են  «Ծանր խաչ»-ի հիմնական շեշտադրումները։

-Առաջին հերթին, նման գրքերի հրատարակումը հարգանքի տուրք է մեր բոլոր հաղթանակի ուխտավորներին և հատկապես զոհված ազատամարտիկների հիշատակին, որոնք միշտ մեր հուշերում են։ Գրքում կան ակնարկներ այն մարդկանց մասին, որոնց գուցե և հասարակությունը այնքան էլ չի ճանաչում, բայց նրանք մասնակցել են մարտական գործողություններին և հերոսաբար ընկել են հայրենիքի մի մասի ազատագրման համար։

-Գրքում ներկայացված է նաև Ձեր գործունեությունը...

-Մենք ուղղակի հանրության դատին ենք հանձնում պատմություն կամավորական մի ջոկատի ու նրա շարքերում եղած ազատամարտիկների հետագա ճակատագրի մասին։ Գրքի երկրորդ մասում նաև ներկայացված է իմ՝ որպես ԵԿՄ փոխնախագահի, ԱԺ պատգամավորի, Երևանի քաղաքապետի գործունեությունը։ Սա կարելի է համարել մի փոքրիկ տարեգրություն՝ 20 տարվա հատված, որը կարող է օգտակար լինել վերլուծաբանների, հետազոտողների, պատմաբանների համար։

-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ թե՛ իշխանությունը և թե՛ տերպետրոսյանական ընդդիմությունը գրեթե նույն բանն են ասում, թե Հայաստանի զարգացումը ուղղակիորեն կապված է ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ, իսկ որպես լուծում տեսնում են, ըստ էության, միակողմանի  զիջումային տարբերակը։

-Ինձ մոտ միշտ հարց է ծագել, թե Ղարաբաղի չլուծված լինելու հա՞րցն է խանգարում Հայաստանի զարգացմանը, թե Հայաստանի այս ոչ զարգացած, ոչ ժողովրդական, թույլ տնտեսական վիճակն է խանգարում ԼՂ հարցի դրական լուծմանը։ Ես կողնմակից եմ այս տարբերակին, որ Արցախի հարցը հայանապաստ լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է մեր ներքին կյանքը կարգավորել, լուծել ժողովրդի սոցիալական, իրավական խնդիրները, հզորացնել բանակը, և այդ դեպքում մենք կարող ենք ավելի հայանպաստ լուծումներ ակնկալել։

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը

Այս խորագրի վերջին նյութերը