2017 թ. հունիսի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
2017 թ. հունիսի 27-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին`ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:
Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
Փաստվեց, որ 2017թ-ի մայիսին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Ընդ որում, գնաճը վերականգնվում է փոքր-ինչ ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված ինչպես գյուղմթերքների գների սեզոնային ավելի քիչ նվազմամբ, այնպես էլ բնականոն գնաճի բաղադրատարրերի փոփոխություններով: Ըստ ԿԲ գնահատման, հունիսին ևս սպասվում է գնաճի ավելի արագ վերականգնում, սակայն այս դեպքում արդեն ազդեցության գերակշռող մասը բաժին կընկնի բնականոն գնաճին: Արդյունքում, կանխատեսվող 0.8%-ի փոխարեն հունիսի վերջին 12-ամսյա գնաճը կգտնվի 1.0%-1.2% միջակայքում:
Արձանագրվեց, որ hունվար-մայիս ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը գերազանցել է ակնկալիքները՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերի՝ համապատասխամաբար 14.4% և 11.1%: 2017թ. հունվար-մայիս ժամանակահատվա-ծում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 6.4%:Գերազանցումն առավելապես տեղի է ունեցել առաջարկի գործոնների ազդեցությամբ, մասնավորապես, արտահանման՝ սպասվածից ավելի արագ աճի տեմպերով՝ հունվար-մայիսին տ/տ 20.9%, և հարկային վարչարարությամբ: Եվ, քանի որ հարկաբյուջետային ազդակը երկրորդ եռամսյակում դարձել է ավելի զսպող՝ առաջին եռամսյակի 2.1%-ի դիմաց 4.0%, ապա ներքին պահանջարկի շարունակվող վերականգնումն ամբողջովին պայմանավորվել է ստեղծված մակրոտնտեսական կայունությամբ, ԿԲ կողմից իրականացվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և առկա համեմատաբար ցածր գնաճային սպասումներով: Արդյունքում, պահանջարկի վերականգնումը գերազանցել է սպասումները 0.1-0.2 տոկոսային կետով՝ հիմնականում ի հաշիվ մասնավոր սպառման գծով արձանագրված ավելի բարձր աճի, ինչը պայմանավորվել է շրջանառությունում գտնվող կանխիկի, ներմուծման և առևտրի ոլորտներում դիտված բարձր աճերով՝ համապատասխանաբար 19.1%, 24.4% և 12.8%:Միևնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը քննարկեց նաև պետբյուջեի պակասուրդի կրճատման հնարավոր դրական ազդեցությունը պետական պարտքի և մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից, ինչը, ըստ ԿԲ գնահատման, իր դրսևորումը կունենա ՀՆԱ ներուժի ապագա զարգացումներում:
Հաշվի առնելով տարվա առաջին եռամսյակում սպասվածի համեմատ արձանագրված բարձր տնտեսական աճը, ինչպես նաև երկրորդ եռամսյակում այդ զարգացումների շարունակականությունը` ԿԲ-ն իրական հիմքեր է տեսնում դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրում տնտեսական աճի կանխատեսումը դեպի վերև վերանայելու համար:
Արձանագրվեց, որ արտաքին հատվածում գործընկեր երկրների տնտեսական աճի փաստացի ցուցանիշները բավականին մոտ են եղել ԿԲ գնահատումներին, իսկ հումքային և պարենային ապրանքների շուկաներում դիտվել են գնանկումային դրսևորումներ, որոնք գնահատվել են կարճաժամկետ, քանի որ հիմնականում բնութագրվել են առանձին շուկաների առաջարկի զարգացումներով: Այսպես, մինչև հունիս Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հաշվարկվող պարենի գների ինդեքսի վարքագիծն արտահայտում է գնաճային միտումներ. համաձայն հունիսի 8-ի հրապարակման, մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ ինդեքսն աճել է 2.2%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 10.0%-ով: Իսկ հունիսին, պայմանավորված թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների առաջարկի մեծ ծավալներով, ձևավորվել են սպասվածից ցածր գներ: Խորհուրդը գնահատեց, որ նման իրավիճակում արտաքին հատվածից ապագայում էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:
Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումներըև արձանագրեց, որշուկայում տեղի ունեցած ճշգրտման արդյունքում միջբանկային տոկոսադրույքների և քաղաքականության տոկոսադրույքի միջև առկա ճեղքը կրճատվում է: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտության դեպքումկկիրառվեն դրամավարկային բոլոր հնարավոր գործիքները՝ տոկոսադրույքների շեղումը նվազագույնի հասցնելու համար:
Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումներիվերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը միակարծիք էր, որ թե՛ արտաքին և թե՛ ներքին տնտեսական զարգացումները էական գնաճային ազդեցություններ չեն պարունակում, գնաճային ռիսկերը հիմնականում հավասարակշռված են և գնաճային սպասումները՝ համեմատաբար ցածր: Ելնելով դրանից՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար գտավ անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ գնահատելով, որ դրանք բավարար նպաստում են գնաճի հետագա վերականգնմանը և կանխատեսվող հորիզոնում նպատակային ցուցանիշի ապահովմանը:
Միևնույն ժամանակ, Խորհուրդը գտնում էր, որ ակնկալվող մակրոտնտեսական զարգացումների դրսևորման պարագայում տոկոսադրույքը մի որոշ ժամանակ կպահպանվի նույն մակարդակում: Գնաճի և մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսվող հետագծից շեղման դեպքում դրամավարկային քաղաքականության ուղղությունները համապատասխանորեն կճշգրտվեն՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Այս մասին հայտնում են ԿԲհասարակայնությանհետկապերիծառայությունից։
2017 թ. հունիսի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
2017 թ. հունիսի 27-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը: