Լրահոս

07.07.2017 10:40


Արցախի Խաչմաչ գյուղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրություն

Արցախի Խաչմաչ գյուղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրություն

Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գյուղում հուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, և ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արցախցի հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, հուլիսի 14-ին, ցուցադրվելու է «Ընդհատված մանկություն» ֆիլմը, հուլիսի 15-ին՝ «Թևանիկ»-ը և 16-ին՝ «Վերջին բնակիչ»-ը:

«Տեղեկացնեմ, որ սա կանոնավոր բնույթ է կրելու, ամեն տարի հրավիրելու եմ կինոոլորտի հայ և արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր ցանկություն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում», ահա այս խորագիրը կրող մեր գաղափարը ես արդեն ներկայացրել եմ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, արտաքին գործերի նախարարին, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանին և ստացել նրանց հավանությունը։ Այս իդեան ներկայացրել եմ նաև իմ ամերիկյան գործընկերներին՝ «ARTsakh Arts and Cultural Foundation»-ի հիմնադիրներ Ադրինե Միրզայանին, ով նաև իմ «Վերջին բնակիչը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է, և Գարո Մադենլիանին։ Ֆիլմերի ցուցադրության գաղափարը հավանության արժանացավ նաև նրանց կողմից։

Այս ամենը նպատակ է հետապնդում՝ ճանաչելի դարձնել մեր հայրենիքը միջազգային հանրության կողմից: Օտար կինոգործիչները, ռեժիսորներն իրենց դերասանական կազմով կգան ու կտեսնեն Արցախը, կհիանան նրա հրաշագեղ բնությամբ, կլինեն պատմամշակութային վայրերում, կշփվեն արցախցիների հետ ու կծանոթանան մարդկանց խնդիրներին, կճանաչեն Արցախն ու արցախցիներին, ի վերջո, կծանոթանան հայ ժողովրդի պատմական անցյալին ու ներկային:

Այսպիսով, հայկական կինոմատոգրաֆիան զարգացնելուց զատ, Արցախը նաև լայն ճանաչում ձեռք կբերի հատկապես արվեստի ոլորտում»,-ասել է ռեժիսորը և հավելել, որ հուլիսի 22-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում էլ ցուցադրվելու է իր «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Մանրամասները՝ «Արցախպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը