Աշխարհ

04.07.2017 08:20


Չելյաբինսկում նավակի շրջվելու հետևանքով վանաձորցի երկու եղբայրներն ու նրանց երեխաները զոհվել են (տեսանյութ)

Չելյաբինսկում նավակի շրջվելու հետևանքով վանաձորցի երկու եղբայրներն ու նրանց երեխաները զոհվել են (տեսանյութ)

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ողբերգական պատահարի արդյունքում հայեր են զոհվել, որոնց մեջ նաեւ մանկահասակ երեխաներ կան: Սարսափելի պատահարը, որը յոթ կյանք է խլել, այս մասին հայտնում է news.am-ը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդկանցից մեկը իր եւ 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա գետի վրայով, նավակը հանկարծակի շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են նավակի տակ, նրանք օգնություն են կանչել, գոռացել, ափին կանգնած 2 տղամարդիկ՝ մյուս երեխաների հայրերը, նետվել են ջուրը՝ օգնություն ցույց տալու, սակայն խեղդվել են իրենք եւս: 2 տղամարդու՝ 40 եւ 45 տարեկան, մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաեւ 10 տարեկան մի աղջկա ու 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաեւ 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մի տղամարդու որոնում են։

Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։ Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ջրավազանը նախատեսված չի եղել ոչ լողալու, ոչ էլ նավակով զբոսնելու համար: Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 50-100 մետր հեռավորության վրա։ Նույն աղբյուրի համաձայն՝ զոհված քաղաքացիներից եւ ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանց հագին փրկարարական բաճկոններ չեն եղել։ Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ «Մաքսիմկա» ջրավազանի վրա զբոսնողները վանաձորցիներ են, ովքեր Չելյաբինսկում մշտական բնակություն էին հաստատել արդեն մի քանի տարի:

Այս խորագրի վերջին նյութերը