Լրահոս

03.07.2017 14:35


Հայաստանի կողմից հետախուզվող 12 հազար քաղաքացուց 10 հազարը զինծառայությունից խուսափածներն են

Հայաստանի կողմից հետախուզվող 12 հազար քաղաքացուց 10 հազարը զինծառայությունից խուսափածներն են

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի իրավապահ մարմինների հետախուզության մեջ է գտնվում 12698 մարդ: Նրանցից 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով): razm.info-ն գրում է, որ այս մասին նշված է ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ:

ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով՝ ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը օրինական հիմքերի բացակայության դեպքում պատժվում է.

  • տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով,
  • կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով,
  • կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Եթե արարքը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հերթական անգամ հավանություն էր տվել օրենքի նախագծի, որով պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած երիտասարդները տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից: Այսպիսով, ոլորտը կարգավորող օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի մայիսի 1-ը: Նախագիծը դեռևս պետք է հաստատի ՀՀ Ազգային ժողովը:

Նախկինում ևս իրավակարգավորման այս մեխանիզմը կիրառվել է ու դրա ժամկետը երկարացվել է տարիներ շարունակ: Այն ժամանակ դա հիմնավորվում էր նրանով, որ քրեական հետապնդումից ազատվելով քաղաքացիները վերադառնում էին Հայաստան:

Դրանից բացի, նշվում էր, որ մասնավորապես 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը