Լրահոս

21.01.2010 16:08


Կառավարությունը փորձում է կատարելագործել ֆինանսական վերահսկողությունը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 1999թ. հունիսի 10-ի «ՀՀ պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման եւ վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Որոշման ընդունումը պայմանավորված է բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների տնօրինման գործընթացի միասնականությունն ապահովելու անհրաժեշտությամբ ու ֆինանսական կառավարման ու վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։

Որոշման վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է հետեւյալը. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս որոշման վրա, որովհետեւ վերջին օրերին բուռն քննարկման առարկա են դարձել արտաբյուջետային ֆոնդից պետական եկամուտների կոմիտեի տարեվերջին կատարած ծախսերը։ Պետական եկամուտների կոմիտեն եւ մեր մնացած գերատեսչությունները, որոնք ունեն արտաբյուջետային ֆոնդեր, մինչեւ օրս իրավասություն ունեին ինքնուրույնաբար որոշել, թե ինչ ծախսեր են նրանք իրականացնում, 15 տոկոսի չափով վերաբաշխում կարող էին անել այդ արտաբյուջետային ֆոնդերից։ Ըստ էության, մենք չէինք կարողանում վերահսկել, թե այդ միջոցների հաշվին ինչ ծախսեր են ծրագրում իրականացնել մեր գերատեսչությունները։ Առաջին քայլը, որ մենք իրականացրեցինք եւ որն իր դրական արդյունքն արդեն իսկ տալիս է, այն է, որ հրապարակային ենք դարձրել արտաբյուջետային բոլոր ծախսերը։ Նույնիսկ այն ծախսերը, որոնք վրիպում են ֆինանսների նախարարության ուշադրությունից, դառնում են հանրության քննարկման առարկա։ Եվ ՊԵԿ-ի այս դեպքը դրա վառ ապացույցն է։ Երկրորդ հանգամանքն այն է, որ լիազորությունների հետ միասին պետք է բարձրացվի ֆինանսների նախարարության պատասխանատվությունը, այն պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել ծախսերի վերաբերյալ արտաբյուջետային հայտերը, որքանով են դրանք բխում այս կամ այն գերատեսչության ծրագրերից եւ մեր պետության շահերից։ Եվ այդ առումով նախարարությունը պետք է խստապահանջ լինի։ Պետք է նաեւ նշենք, որ արտաբյուջետային ֆոնդերի ծավալները բավականին մեծ են, եւ այդ միջոցների հաշվին միլիոնավոր, միլիարդավոր դրամների ծախսեր են իրականացվում, որոնք մինչեւ օրս չեն գտնվել կառավարության պատշաճ վերահսկողության տակ։ Այս խնդիրը մտահոգում է ոչ միայն մեր քաղաքացիներին, այլ նաեւ մեր պատգամավորներին։ 2010թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ երեք կարեւորագույն խնդիրներից մեկը, որ մտահոգում էր նրանց, հենց արտաբյուջետային ֆոնդերի պլանավորման եւ ծախսերի իրականացման գործընթացներն էին։ Այդ դեպքերը վկայում են, որ մտահոգությունը տեղին է, քննադատությունը, որ հնչում է մեր հասցեին, տեղին է։ Այսուհետեւ մենք խստագույնս պետք է հետեւենք, թե ինչպես են այդ ծախսերն իրականացվում, ինչ նպատակների համար, ուստի այս որոշումը, կարծում եմ, այս ոլորտում կարգուկանոն կմտցնի եւ մենք այսուհետեւ հստակ պատկերացում կունենանք, ինքներս կհաստատենք արտաբյուջետային ֆոնդերի ծախսերի ուղղությունները եւ պատասխանատու կլինենք' արդյո՞ք արդյունավետ ենք մենք բաշխում այդ միջոցները, եւ այսուհետեւ բոլոր արտաբյուջետային ֆոնդերի համար միասնական ստանդարտներ կլինեն։ Շատ հաճախ արտաբյուջետային ֆոնդերից գնումներ կատարելու համար մրցույթներ են հայտարարվում, որի մասին մենք իմանում ենք մամուլից, միլիոնավոր դոլարի տենդերներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Հարց է ծագում' ինչպե՞ս են այդ պարտավորությունները կատարվելու, ինչպե՞ս ենք դրա տակից դուրս գալու, որովհետեւ չնայած դրանք արտաբյուջետային ֆոնդերի հաշվին են, բայց ի վերջո պետական պարտավորություններ են։ Եթե արտաբյուջետային ֆոնդում միջոցներ չլինեն, մենք այդ պարտավորությունները պետք է պետական միջոցներից կատարենք, ուստի անթույլատրելի է առանց կառավարության որոշման տնօրինել արտաբյուջետային միջոցները։ Այսօրվա մեր որոշումով մենք, ըստ էության, խնդիրն ամբողջությամբ լուծում ենք»։

Այս խորագրի վերջին նյութերը