Լրահոս

30.06.2017 16:33


Ապարանում նոր ջրաղբյուր է հայտնաբերվել

Ապարանում նոր ջրաղբյուր է հայտնաբերվել

Ապարանի «Ձախի Ձոր» կոչվող աղբյուրից ստացվող 5-7 լիտր/վայրկյան ջրաքանակը քաղաքի ջրամատակարարումն ինքնահոս դարձնելու համար չէր բավականացնում: Հարակից վայրերում նոր աղբյուրներ հայտնաբերելու նպատակով «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Ապարան» տեղամասի աշխատակիցներն ու Գոտիավորման խմբի մասնագետները համատեղ ուսումնասիրություն սկսեցին: Արդյունքում կարճ ժամանակ անց հայտնաբերվեց մի նոր աղբյուր, որի ջուրը նախկինում չէր օգտագործվել: Ընկերության Ջրի որակի լաբորատորիայում վերցած փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս ջուրը ոչ միայն ենթակա է խմելու, այլեւ իսկական «ապարանյան» ջուր է:

Այժմ միայն անհրաժեշտ է կառուցել նոր ջրագիծ՝ հայտաբերված աղբյուրի ջուրը «Ձախի Ձորի» մյուս աղբյուրներին միացնելու համար, որոնք էլ իրենց հերթին հոսում են դեպի «Ժամեր» կոչվող օրվա կարգավորիչ ջրամբար: Ապարան քաղաքը սնող այս ջրամբար ջուրը հասցնելու համար ներկայումս օգտագործվում է տեղի «Եզնակ» պոմպակայանը: Բայց նոր աղբյուրը ՕԿՋ-ի ջրագծին միացնելուն պես այլևս այս պոմպակայանը շահագործելու անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայիս ջրաքանակը կավելանա ավելի քան 15լիտր/վայրկյանով, ինչը բավարար կլինի քաղաքի ջրամատակարարումն ինքնահոս դարձնելու համար:

Դե իսկ պոմպակայանն այդ դեպքում հնարավոր կլինի դարձնել պահուստային և օգտագործել միայն վթարների կամ ձմռան ամիսներին ցածր ջրաքանակ ունենալու դեպքում:

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը