Լրահոս

28.06.2017 23:04


Հայաստանյան մենաշնորհները նաև արցախյան մենաշնորհներ են

Հայաստանյան մենաշնորհները նաև արցախյան մենաշնորհներ են

Արցախի Հանրապետության ԱԺ հունիսի 28-ի նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանը քննադատել է Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը` տնտեսության բոլոր ճյուղերի մոնոպոլիզացման մեջ մեղադրելով Սերժ Սարգսյանին: 2040թ. Հայաստանի բնակչությունը չորս միլիոնի հասցնելու Սերժ Սարգսյանի խոսքերը նա համարել է բացահայտ ցինիզմ և հանրությանն ուղղված ծաղրանք:

Այնուհետև պատգամավորը նշել է. «Ես հավատում եմ, որ Հայաստանի բնակչությունը աճելու ներուժ ունի, սակայն ես միաժամանակ վստահ եմ, որ բնակչության նվազման, հատկապես արտագաղթի վրա մեծապես ազդում է այսօր Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Ըստ միջազգային տարբեր զեկույցների Հայաստանն աշխարհի ամենամոնոպոլիզացված տնտեսությունն է, գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով կան մենաշնորհներ` սկսած առաջին անհրաժեշտության ապրանքներից, դեղերից, մինչև մերձարևադարձային մրգեր, շինանյութ կամ կենցաղային քիմիա: Միանգամայն ակնհայտ է, որ առանց Սերժ Սարգսյանի ցանկության այս համակարգը մի քանի ժամ էլ չի կարող աշխատել: Վստահությամբ պետք է նշել, որ մենաշնորհներից ստացվող, բնակչությունից քերվող գումարների հսկայական մասը գնում է հենց Սերժ Սարգսյանի գրպանը:

Ինչու՞ եմ ես խոսում սրա մասին: Որովհետև հայաստանյան մենաշնորհները նաև արցախյան մենաշնորհներ են: Մենք մեկ միասնական տնտեսական դաշտում ենք և սպառում ենք նույն շաքարավազը, բանանը, շինանյութը, մանկական կերն ու դեղամիջոցներն ինչ Երևանի սպառողը: Հետևաբար հայաստանյան մենաշնորհները դաժանորեն հարվածում են նաև արցախյան սպառողի գրպանին:

Ինչպե՞ս պետք է աճի Հայաստանի բնակչությունը, եթե գրեթե նույն կենսամակարդակն ունեցող Վրաստանում երեխա պահելը կրկնակի էժան արժի, քան Հայաստանում:

Հիմա նորածիններից գողացող մենաշնորհային համակարգի հայրը` Սերժ Սարգսյանը, խոսում է Հայաստանի բնակչության աճի մասին: Արդյո՞ք կա ավելի մեծ ցինիզմ, քան հայ ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի բացահայտ արհամարհանքով ու հեգնանքով լցված այս ելույթները»:

Այնուհետև նա կոչ է արել Արցախի իշխանություններին ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա` Հայաստանում մենաշնորհները վերացնելու համար:

«Ես չգիտեմ այդ ճնշումն ինչպես է լինելու` համոզելով է լինելու, Արցախ եկող ապրանքների չափով քվոտա ուզելով և շուկա նոր դերակատարներ մտցնելով է լինելու, թե ուղղակի չոր պահանջ դնելով է լինելու, սակայն այս պայմաններում, երբ Արցախում տեղի է ունենում աշխատատեղերի կրճատում, երբ ընտանեկան տնտեսությունները հզորացնելու խնդիր ունենք, երբ ամեն օր կարող ենք արթնանալ լայնածավալ պատերազմական իրավիճակում, մենք ուղղակի պարտավոր ենք ոչնչացնել մեր թիկունքին ամեն օր հարվածող թշնամուն` Հայաստանում հաստատված մոնոպոլիստական համակարգը»,-եզրափակել է Խանումյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
«Վերածնունդ» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը