Լրահոս

21.01.2010 15:04


Հայաստանի սեյսմիկ իրավիճակը նորմայի սահմաններում է

-Ամեն անգամ, երբ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունենում, լուրեր են տարածվում, թե հիմա շատ ավելի ուժեղ երկրաշարժ է լինելու։ Նշում են տեղը, ժամը՝ րոպեի ճշտությամբ, նշում են ուժը... Դա, ինձ թվում է, հիվանդ մարդկանց երևակայությունն է ուղղակի աշխատում։ Դրանք ստահոդ լուրեր են, որոնք տարածվում են ժողովրդին խուճապի մատնելու նպատակով,- ուժգին երկրաշարժի հնարավորության մասին խոսակցություններին ի պատասխան՝ «7օր»-ին ասել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը։

Այդ մարդկանց Հրաչյա Պետրոսյանը պայմանականորեն բաժանում է մի քանի խմբի. մի մասն ուղղակի բժշկի կարիք ունի, մյուս մասը հատուկ քաղաքական նպատակներով է դա անում՝ ժողովրդին հունից հանելու առիթը բաց չթողնելու համար, մյուս մասն էլ շառլատաններ են, որոնց թվում է, թե իրենք կարող են երկրաշարժ կանխատեսել։ Նա նշել է, որ հավանական երկրաշարժի մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Հրաչյա Պետրոսյանն ասել է նաև, որ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն ունի 150-ից ավելի դիտակայան, որոնք աշխատում են շուրջօրյա և գրեթե հավասարաչափ տեղակայված են ՀՀ ու ԼՂՀ ամբողջ տարածքով մեկ։

-Մենք սեյսմիկ ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը ստանում ենք շուրջօրյա։ Այդ նյութերը ուսումնասիրվում են, կան մասնագետներ, կան շուրջօրյա աշխատող հերթապահներ, որոնք գնահատում են ընթացիկ սեյսմիկ վտանգը,- նշել է նա։

Հունվարի 17-ին տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Հրաչյա Պետրոսյանն ասել է, որ դա կենտրոնական Հայաստանի սեյսմիկ ակտիվության ֆոնային դրսևորում էր։ Ներկայացնելով ընդհանուր սեյսմիկ իրավիճակը՝ նա նշել է, որ իրավիճակը նորմայի սահմաններում է։

Հրաչյա Պետրոսյանի խոսքերով՝ գոյություն ունի սեյսմիկ ֆոնի գաղափար և՛ տեղի ունեցած երկրաշարժերի քանակի առումով, և՛ դրանց միջոցով երկրակեղևում կուտակված էներգիայի անջատման առումով։

-Այսօր Կենտրոնական Հայաստանում ունենք սեյսմիկ ակտիվության քանակական ֆոնի աճ, այսինքն երկրաշարժերի քանակը սովորականից շատ է, բայց մագնիտուդային ֆոնային արժեքը նորմայի սահմաններում է։ Մեր տվյալները որևէ արտառոց բան ցույց չեն տալիս,- նշել է նա։

Նա նշել է նաև, որ երկրաշարժի նախապատրաստման հետ եղանակային պայմանները որևէ կապ չունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը