Հարցազրույց

28.06.2017 08:37


Սիմոն Մարտիրոսյան. Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը

Սիմոն Մարտիրոսյան. Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն օրեր առաջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Տոկիոյում իր մրցելույթներից Մարտիրոսյանն այնքան էլ գոհ չէ, քանի որ չէր հաջողել ռեկորդային մոտեցումը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ծանրորդը խոսեց չեմպիոնական տպավորությունների եւ 246 կգ-ը չֆիքսելու պատճառների մասին:

- Աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն դարձաք: Ի՞նչտպավորություններով եք վերադարձել Տոկիոյից:

- Ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ դառնալ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Ինձ համար նոր քաշեր բարձրացրի, որոնք նախկինում չէի արել:

- Փորձեցիք նոր ռեկորդ սահմանել` հրում վարժությունում մոտենալով 246 կգ-ին: Թվացծանրաձողն արդեն գլխավերեւում է, բայց ինչ-որ բան խանգարեց:

- Երեւի թե պատճառը շտապելն էր: Ես զգացի, որ կարող էի այդ քաշը պահել գլխավերեւում: Նաեւ լարվածություն կար, քանի որ ռեկորդային մոտեցում էր: Առաջիկա համաշխահային Ունիվերսիադայում կամ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պատրաստվում եմ բարձրացնել այդ քաշը:

- Մրցակիցներին մեծ առավելությամբ եք գերազանցում: Սա հոգեբանականառավելություն տալի՞ս է:

- Դա օգնում կամ խանգարում էր, երբ միջազգային փորձս պակաս էր: Հիմա արդեն նշանակություն չունի: Ես կատարում եմ այն, ինչն ինձնից պահանջվում է:

- Ի՞նչ եք մտածում ծանրաձողին մոտենալուց առաջ:

- Պարզապես պետք է կենտրոնանամ ծանրաձողի վրա, թողնեմ լարվածությունը, որ կարողանամ քաշը ֆիքսել: Այլ բաների մասին չեմ մտածում:

- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում այդ կիլոգրամները գլխավերեւում պահելու համար:

- Ինձ մոտիվացնում է այն, որ ինձնով հպարտանում են: Ծանրամարտն իմ մարզաձեւն է: Ես դրանով ապրում եմ:

- Ունե՞ք թալիսման:

- Ես ունեմ խաչ, որը յուրաքանչյուր մրցման ժամանակ ինձ հետ է: Այն ինձ ուժ է տալիս:

- Ո՞րն է ծանրամարտում Ձեր գերնպատակը:

- Իհարկե իմ գլխավոր նպատակն օլիմպիական ոսկին է: Փորձելու եմ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնալ:

- Ի՞նչ, եթե ոչ ծանրամարտ:

- Մի որեւէ հանգիստ բան կընտրեի (ծիծաղում է,- խմբ): Իմ մտքում միայն ծանրամարտն է:

Այս խորագրի վերջին նյութերը