Լրահոս

18.12.2010 09:39


ՀՀ ԱԳ նախարար. «Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը»

ՀՀ ԱԳ նախարար. «Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը»

Իսպանիա այցելության շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայ-իսպանական հարաբերությունների, Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ հեղինակավոր Club de Madrid եւ FRIDE (Foundation of International Relations and Foreign Dialogue - Միջազգային հարաբերությունների եւ արտաքին երկխոսության հիմնադրամ) քաղաքագիտական կենտրոնների կողմից կազմակերպված հանդիպմանը, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Մադրիդում հավատարմագրված դեսպաններ:

Նախարար Նալբանդյանը պատասխանեց նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին, որի ընթացքում մանրամասն անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:

Պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ հարցին՝ Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց.

«Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարևոր հանգրվան էր' Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով:

Գագաթաժողովին ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ու ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին:

Հնգակողմ հայտարարությամբ ամրագրվեց, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009թ. հուլիսի 10-ի Լ'Ակվիլայի և 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները:

Աստանայում ևս մեկ անգամ հստակ նշվեց, որ կարգավորման համար առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի' մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

ԵԱՀԿ գագաթաժողովին վերահաստատվեց, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, ինչն ակնհայտ էր նաեւ Հելսինկիում, Աթենքում եւ Ալմաթիում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումների ժամանակ»:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ չնայած Աստրախանի հռչակագրին եւ Աստանայի հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, ինչի մասին են վկայում Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող վերջին հայտարարությունները:

«Առնվազն տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ Աստանայի հնգակողմ հայտարարության ընդունումից ժամեր անց Ադրբեջանի պատվիրակությունը մերժում էր ներառել եւ նույնիսկ հիշատակել այն գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերում»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ աշխարհի 50 երկրների շուրջ 70 պետության եւ կառավարության նախկին ղեկավարներ միավորող Club de Madrid-ի գլխավոր քարտուղար, Իսպանիայի նախկին արտգործնախարար Կարլոս Վեստենդորպի հետ: Հանդիպմանը հանգնամանալից զրույց տեղի ունեցավ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ:

Իսպանիայից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց իսպանական առաջատար El Pais թերթին:

Այս խորագրի վերջին նյութերը