Հարցազրույց

16.03.2009 21:13


Արման Մուսինյան.

Արման Մուսինյան.

 - Ինչո՞վ է պայմանավորված Հայ ազգային կոնգրեսի որոշումը Երևանի ավագանու ընտրություններում ցուցակի առաջին հորիզոնականում առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մինչ այդ տարբեր թեկնածություններ էին քննարկվում՝ Ստեփան Դեմիրճյան, Խաչատուր Սուքիասյան...

 - Երկարատև քննարկումների արդյունքում մենք հանգեցինք հետևյալ որոշմանը՝ Երևանի կշիռը երկրի քաղաքական, տնտեսական կյանքում շատ մեծ է, եթե չասենք անկյունաքարային։ Դրանով պայմանավորված՝ կայացվեց որոշում ամենայն լրջությամբ մասնակցել ընտրություններին։ Մենք ձևակերպեցինք հստակ ուղերձ, երբ ՀԱԿ-ի քաղխորհուրդն ու կենտրոնական գրասենյակը որոշում ընդունեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը։ Լինելու են քաղաքական ընտրություններ։ Սա շատ ավելին է քան քաղաքապետի ընտրությունը և ոչ մի կերպ չպետք է թույլ տալ, որ ընտրովի ևս մեկ իշխանություն քրեականացվի։ ՀԱԿ-ը ձևակերպեց քաղաքական ուղերձ, որ սա, ըստ էության, լինելու է նախագահական ընտրությունների շարունակությունը և նախագահական ընտրությունների «երկրորդ փուլը»։ Իշխանական կողմն էլ հստակ ձևակերպեց իր ուղերձը՝ հետայսու իշխանական օղակները քրեականացվելու են։ Խնդիրը կայանում է հետևյալում. եթե իշխանությունները հերթական անգամ տոտալ կերպով կեղծեն ընտրությունները, «նկարելով» իրենց հաղթանակը, ապա ևս մեկ ընտրովի իշխանություն կքրեականացվի։ Համաժողովրդական շարժման հաղթանակի պարագայում Հայաստանում կձևավորվի ավազակապետության ներսում, կամ եթե կուզեք կողքից, լեգիտիմ իշխանության մարմին։ Դրանից հետո ներկայիս համակարգի փլուզումը կդառնա ժամանակի հարց։

- Չե՞ք կարծում, որ իշխանության թեկնածու Գագիկ Բեգլարյանի հետ մրցապայքարը քաղաքական տրամաչափի առումով  կթուլացնի Լևոն Տեր-Պետրոսյանին։

 - Եվս մեկ անգամ շեշտեմ. սա քաղաքապետի ընտրություն չէ, մենք չենք պայքարում Գագիկ Բեգլարյանի կամ այլոց դեմ։ Կոնգրեսը, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, պայքարում է Սերժ Սարգսյանի, ներկայիս համակարգի դեմ։ Սա պայքար է սահմանադրական կարգի վերականգնման համար։ Այն է՝ նախագահական ընտրությունները շարունակվում են։

 - Դուք խոսեցիք ընտրակեղծիքների մասին։ Եթե իշխանությունները գնան այդ ճանապարհով՝ ի՞նչ եք անելու։ Ընտրողները ի՞նչ երաշխիք ունեն, որ կեղծման ձևերը չեն կրկնվի։

- Եկենք ամրագրենք մեկ բան՝ ընտրությունները կեղծում կամ չեն կեղծում իշխանությունները։ Մենք բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք կեղծիքների դեմ, մեր ունեցած բոլոր ռեսուրսներով փորձելու ենք դրա դեմն առնել։ Իշխանությունները երկու տարբերակ ունեն՝ կամ գնալ տոտալ կեղծիքների ճանապարհով ու  ջարդ ու փշուր անել այս ընտրությունները, կամ համակերպվել կոնգրեսի հաղթանակի հետ։

- Երկրորդ տարբերակը որքանո՞վ է իրատեսական։

 - Չեմ կարող ասել։ Բայց կարող եմ հետևյալը նշել. կեղծելու, բռնություններ գործադրելու, իշխանական ապօրինությունների ռեսուրսը, այնուամենայնիվ, մաշվել է։ Այն է՝ համաժողովրդական շարժումը տվել է իր արդյունքը, այն իմաստով, որ վերը նշված քայլերին գնալու իշխանությունների ռեսուրսները նվազել են, քանի որ հասարակությունը ավելի համախմբված ու գիտակից է դարձել։ Ավելին, եթե 2008թ.-ի փետրվարին սոցիալական ճգնաժամի գործոնը չէր գործում, ապա այս հանգամանքն ընտրությունների համատեքստում լուրջ գործոն է դարձել։ Սա է պատկերը։ Կամ իշխանությունները պետք է գնան ընտրակեղծիքների ճանապարհով, կամ էլ պետք է համակերպվեն օրինական ընտրություններ անցկացնելու գաղափարի հետ։

 - Ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու ընտրությունների ժամանակ։

 - Ակտիվ, նախաձեռնող, միանգամից ասեմ՝  բացառապես օրենքի շրջանակներում, բայց մինչև վերջ պայքարող և նախահարձակ։ Հասարակության հետ լինելու ենք ակտիվ երկխոսության մեջ։

 - Պերմանենտ հանրահավաքներ լինելու՞ են,  թ՞ե  ոչ։

- Պատրաստ ենք և օգտվելու ենք  մեր բոլոր սահմանադրական իրավունքներից։ Մենք որևէ քայլ օրենքից դուրս չենք անելու և չենք վարանելու կատարել բոլոր այն քայլերը, որոնք օրենքի շրջանակում են։

- Հնարավո՞ր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վերանայի մինչև մայիսի 1-ը հանրահավաքներ չանելու մոտեցումը։

- Ֆորմալ առումով, մոտեցումն այդ կարող է  պահպանվել։ Սակայն, երբ մենք մայիսի 1-ը հայտարարեցինք հաջորդ հանրահավաքի օր՝ դա բնավ չէր նշանակում, որ նոր իրավիճակի ստեղծման պարագայում ՀԱԿ-ը  չի կարող որոշում կայացնել ավելի շուտ հանրահավաք անցկացնելու մասին։ Այս պահին նման որոշում, կամ այս հարցի քննարկման անհրաժեշտություն կոնգրեսը չի տեսնում։

 - Ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգության» վարքագիծը։ Արդյո՞ք կմիանան նրանք ձեզ։

 - «Ժառանգության» հետ այժմ ընթանում են բանակցություններ, և կարծում եմ միայն դրանց ավարտից հետո հնարավոր կլինի խոսել արդյունքների մասին և տալ գնահատականներ։ Մի բան կարող եմ ասել՝ շատ ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը միասնական, համախմբված ճակատով մասնակցի ընտրություններին։ 

- Կարելի՞ է ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ազգային համաձայնության կառավարություն կազմելու իշխանությունների ենթադրյալ առաջարկը կարող է կյանքի կոչվել Երևան քաղաքում։

- Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է հետևյալը.  երկրում իրավիճակը վատացել է, և չի բացառվում, որ այս ռեժիմը նույնիսկ առաջարկ անի մեզ ստեղծելու ազգային համաձայնության կառավարություն։ Մենք ասել և ասում ենք ենք հետևյալը. որևէ հարցի շուրջ այս իշխանությունների հետ երկխոսությունը  հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե դադարեցվեն հալածանքներն ու ազատ արձակվեն քաղաքական բանտարկյալները։ Դրանից հետո մենք կարող ենք նստել, երկխոսել, թե ինչպես երկիրը դուրս բերել այս քաղաքական, տնտեսական ճգնաժամից։  Ճիշտ չէ դա կապել ընտրությունների հետ։ Եթե մեր այս պահանջները կատարվեն, անկախ ընտրություններից, մենք երկխոսության հարցում որևէ խնդիր չենք տեսնում։>

- Դուք նշեցիք, որ քաղաքապետի ընտրությունները ձեզ համար բացառապես քաղաքական ընտրություններ են...

 -Բացառապես։

- Եթե ՀԱԿ-ը հաջողության հասնի, ապա այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կդառնա՞ քաղաքապետ, թե՞ մեկ ուրիշը կստանձնի Երևանի ղեկավարությունը։

- Մենք այս ընտրությունները բացառապես դիտում ենք երկրում սահմանադրական կարգը վերականգնելու տեսանկյունից։ Եթե այս առաքելության մեջ անհրաժեշտ կլինի նման քայլի գնալ, ապա կարծում եմ մենք պատրաստ ենք գնալ նաև
դրան։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ստանձնել ցանկացած առաքելություն՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար։

Զրույցը վարեց՝ Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը