Լրահոս

17.12.2010 17:44


Մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Մ. Գրիգորյանը 2010թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում,  վարելով ՀՀ ԱԱԾ -ում հաշվառված  ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, այն կանգնեցրել է  Արտաշատ քաղաքի  Օգոստոսի 23-ի  փողոցում՝ հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմասում:

ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի  2-րդ սպայական դասակի ՃՊԾ տեսուչներ  Ա. Բեկլարյանը, Հ. Սուքիասյանը եւ Դ. Մկրտումյանը ծառայություն կատարելու ժամանակ  հայտնաբերել են  խախտումը:  Դ. Մկրտումյանը  բարձրախոսով դիտողություն է արել  Մ. Գրիգորյանին եւ պահանջել, որ վերջինս  ավտոմեքենան դուրս հանի հանդիպակաց ուղեմասից:  Սակայն Մ. Գրիգորյանը վիճաբանել է ոստիկանության տեսուչների հետ եւ  չի կատարել նրանց օրինական պահանջները, այն է՝ չի ներկայացրել  ավտոմեքենայի  տեխանձնագիրը եւ վարորդական իրավունքի վկայականը,   վիրավորել նրանց:

Ըստ նախաքննության տվյալների՝ Մ. Գրիգորյանին է մոտեցել միջադեպին ականատես, ոստիկանության՝ Արարատի մարզային քննչական բաժնի քննիչ Ս. Նազարպուրը՝ փորձելով  կանխել միջադեպի հետագա զարգացումը: Սակայն Մ. Գրիգորյանը,  բռնություն գործադրելով Ս. Նազարպուրի եւ Դ. Մկրտումյանի նկատմամբ,  դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա իրենց ծառայողական պարտականությունները  կատարող, ոստիկանության աշխատակիցների՝ Դ. Մկրտումյանի եւ Ս. Նազարպուրի  նկատմամբ բռնություն գործադրելու համար Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Արարատի  մարզի  ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը