Լրահոս

21.06.2017 17:07


Հայաստանում այս տարի գրանցվել է ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի սպանության 4 դեպք

Հայաստանում այս տարի գրանցվել է ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի սպանության 4 դեպք

Հայաստանում այս տարվա հունիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի սպանության 4 դեպք, իսկ 2016 թվականին գրանցվել է 10 նման դեպք: Տվյալներն «Արմենպրես»-ին ներկայացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանեկան բռնության դեպքերի հիմնական պատճառներ են ընտանեկան-կենցաղային բնույթի վիճաբանությունները»,- նշեցին ՀՀ ոստիկանությունում:

2016 թվականին ընտանիքում կատարված սպանության 10 դեպքերից 3-ի դեպքում որդին սպանել է հորը, 2-ի` ամուսինը սպանել է կնոջը, 2-ի դեպքում որդին սպանել է մորը, 1-ի` նախկին փեսան սպանել է կնոջ մորը, 1-ական դեպքերում զուգընկերը սպանել է ընկերուհուն և մայրը սպանել է երեխային:

ՀՀ ոստիկանության ենթակա ստորաբաժանումներում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները ներկայումս կազմակերպվում և իրականացվում են ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ ոստիկանության պետի կողմից 2015 թվականին հաստատված` «Ընտանեկան բռնության դեպքերի առաջին արձագանքման և բռնության զոհերի հետ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին» հրամանի պահանջների համաձայն, ըստ որի՝ ընտանեկան բռնության զոհերին ոստիկանության ստորաբաժանումներում ցուցաբերվում է առանձնակի ուշադրություն, յուրովի մոտեցում:

«Բացի այդ, քաղաքացիների իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով ոստիկանության բաժիններում տեղադրվել են տեղեկատվական անկյուններ, որոնցում ներկայացված են ընտանեկան բռնության մասին գրականություն, ՀՀ-ում ընտանեկան բռնության ոլորտում գործող և ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների տվյալները, թեժ գծերի հեռախոսահամարները:

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերը կանխարգելելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից սպասարկվող վարչական տեղամասերում գտնվող դպրոցներում, ուսումնական հաստատություններում պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում հանդիպումներ և զրույցներ՝ «Կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» և «Ընտանեկան բռնություն» թեմաներով»,- նշում են ոստիկանությունից:

Այս խորագրի վերջին նյութերը