Լրահոս

21.01.2010 09:21


ՀՀ Շիրակի մարզպետի հրամանով Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեությունը դադարեցված է

Գյումրիի բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնը Շիրակի մարզում սկսել է գործել 2007թ. դեկտեմբերի 12-ից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Կենտրոնի գործունեության նպատակն է աջակցել Շիրակի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվության հասանելի դարձնելուն, խթանել հասարակայնության մասնակցությունը այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացում, նպաստել բնապահպանական հարցերում հասարակայնության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, այդ ոլորտում արդարադատության մատչելիությանը, ուստի նաև երկրի ընդհանուր ժողովրդավարացման ու կառավարման բարելավմանը:

 Անցած երկու տարիների ընթացքում, իր առաքելության շրջանականերում, Գյումրու Օրհուս կենտրոնը ծավալել է ակտիվ գործունեություն և, համագործակցելով մարզում գործող պետական բնապահպանական կառույցների, ՏԻՄ-երի, ՀԿ-ների և ԶԼՄ-ների հետ, էական դրական տեղաշարժեր է ապահովել ՀՀ Շիրակի մարզում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ: Կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծվել է Գյումրու շրջակա միջավայրի պահպանության հասարակական կոալիցիա, որին ներկայումս  անդամակցում է մարզում գործող 28 ՀԿ, գործում է բնապահպանական տեղեկատվության հասարակական էլեկտրոնային ցանց, որը պարբերաբար բնապահպանական տեղեկատվություն է տարածում Շիրակի մարզում և Գյումրիում գործող ավելի քան քառասուն կազմակերպությունների շրջանում: Երկու տարվա ընթացքում կենտրոնում բնապահպանական տարբեր խնդիրների վերաբերյալ կազմակերպվել են հարյուրից ավելի հանրային քննարկումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, մամլո ասուլիսներ, դասընթացներ, ինչպես նաև մատուցվել են խորհրդատվական եւ տեխնիկական ծառայություններ: Կենտրոնի այցելուների և մատուցված ծառայություններից օգտվողների քանակը նշված տարիների ընթացքում կազմում է ավելի քան երեք հազար մարդ: Կենտրոնի աշխատանքի արդյունքում հասարակության ուշադրությունը սևեռվել է մարզի բնապահպանական մի շարք հիմնախնդիրների վրա, անհրաժեշտության դեպքում ՀԿ-ների շրջանում կազմակերպվել է ստորագրահավաք և համապատասխան նամակներ ու ուղերձներ են հղվել տեղական ինքնակառավարման եւ պետական մարմիններին, նախարարություններին, ՀՀ Ազգային ժողովին և Օմբուդսմենին: Կենտրոնի տարածքում է գործում նաև Գյումրու ,Արևորդիե պատանեկան էկոակումբը:

 Իր գործունեության ողջ ընթացքում Գյումրու Օրհուս կենտրոնն ապահովել է գործունեության թափանցիկություն ու հանրային հաշվետվողականություն, պարբերաբար անցկացվել են փորձագետների խորհրդի նիստեր, որոնց ընթացքում ներկայացվել են մանրամասն հաշվետվություններ:

 Կենտրոնի աշխատանքը բարձր է գնահատվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից և երկու տարիներին էլ կենտրոնը ճանաչվել է հանրապետությունում գործող լավագույն կենտրոններից մեկը (2009թ. կենտրոնն արժանացել է հատուկ վկայագրի):

 Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է 14 Օրհուս կենտրոն, որոնցից ներկայումս դադարեցված է միայն Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեությունը: Կենտրոնի գործունեությունը դադարեցվել է ՀՀ Շիրակի մարզպետի 28.12.2009թ. թիվ 118 հանձնարարականով' 2010թ. հունվարի 13-ից, այն պատճառաբանությամբ, որ ավարտվել է կենտրոնի համադասողի պայմանագրի ժամկետը և քանի որ, ըստ եռակողմ հուշագրի, ՀՀ Շիրակի մարզպետարանը պատասխանատվություն է կրում Կենտրոնի գույքի համար, ի պահ է վերցնում այն մինչև նոր պայմանագրի կնքումը: Պետք է նշենք, որ նման գործողություն չի իրականացվել 2009թ. նույն ժամանակահատվածում և Օրհուս կենտրոնի համադասողը առանց պայմանագրի աշխատել է մոտ երկու ամիս: Այսինքն անցյալ տարի Շիրակի մարզպետարանին չէր անհանգստացնում կենտրոնի գույքի անվտանգությունը, իսկ այս տարի հանկարծ սկսեց խիստ անհանգստացնել:

 Բացի այդ ՀՀ Շիրակի մարզպետարանը, որպես իր այս գործողության օրինական հիմք վկայակոչում է եռակողմ հուշագիրը, որի դրույթները ինքը անցած տարիների ընթացքում բազմիցս խախտել է: Մասնավորապես, հուշագրում նշված է, որ Մարզպետարանը պետք է հոգա Կենտրոնի էլեկտրաէներգիայի, ջեռուցման և  ընթացիկ պահպանման ծախսերը  (հոդված 5, կետ 2), բայց մինչև հիմա մարզպետարանին չի էլ հետաքրքրել, թե ինչպես է կենտրոնը հոգացել այդ ծախսերը:

 

Հուշագրում նշված է նաև, որ ԵԱՀԿ-ն Կենտրոնի գործունեության առաջին տարվա ընթացքում մարզպետարանի փոխարեն վճարում է Կենտրոնի տեղացի համակարգող մասնագետի հոնորարը (հոդված 5, կետ 1), բայց համակարգողի հոնորարը 2009թ. վճարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

 Այսինքն ՀՀ Շիրակի մարզպետարանը ընտրողական մոտեցում է ցուցաբերում հուշագրի դրույթների նկատմամբ և կիրառում է միայն այն դրույթները, որոնք իրեն առավել ձեռնատու են:

 Բացի այդ պարզվում է, որ ՀՀ-ի ,ամենաօրինապահե մարզպետարանը Շիրակի  մարզպետարանն է, քանի որ մյուս բոլոր մարզերում ոչ մի Օրհուս կենտրոն չի փակվել եռակողմ հուշագրի դրույթների համաձայն:

 Բայց պարզվում է, որ այստեղ մեղավորը, ոչ թե մարզպետարանի օրինապահությունն է կամ համակարգողի պայմանագրի ժամկետի լրանալը, այլ 2009թ. ընթացքում Գյումրու Օրհուս կենտրոնի ծավալած գործունեությունը: 

 Գյումրու Օրհուս կենտրոնը երկու անգամ, այսպես ասած, խառնել է ՀՀ Շիրակի մարզպետարանի հաշիվները, առաջին անգամ տեղեկատվություն է տարածել Շիրակի մարզպետարանի բակում իրականացրած ծառահատումների մասին, իսկ երկրորդ անգամ դիմել է վարչական դատարան, ընդդեմ Շիրակի մարզպետի տրամադրած շինարարական թույլտվության, որը տրվել էր օրենքի պահանջների կոպիտ խախտումներով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության և ջրօգտագործման թույլտվության:

 Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանը պարզապես վրեժ է լուծում Գյումրու Օրհուս կենտրոնի համադասողից իր աշխատանքը պարտաճանաչ և բարեխիղճ կատարելու համար:

 Պետք է նշել նաև, որ Շիրակի մարզում Օրհուս կենտրոն ստեղծելու նպատակով ԵԱՀԿ երևանյան գրասենյակին է դիմել ոչ թե Շիրակի մարզպետարանը, այլ ,Բիոսոֆիաե հասարակական կազմակերպությունը, դրա համար էլ Շիրակի մարզպետարանը առանձնապես շահագրգիռ էլ չէ, որ այս կենտրոնը գործի:

 Նշենք նաև, որ կենտրոնի համակարգողը ընտրվել է ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում և ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված է եղել ներկայիս փորձագիտական խորհրդի ամբողջ կազմը:

 Կենտրոնի Փորձագետների խորհուրդը գտնում է, որ նպատակահարմար չէ Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեության դադարեցումը, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ կենտրոնի հետագա արդյունավետ գործունեության վրա: Մասնավորապես, խաթարվել է կենտրոնի բնականոն գործունեությունը, դադարել է բնապահպանական տեղեկատվության հասարակական էլեկտրոնային ցանցի գործունեությունը: Բացի այդ, կենտրոնն իրականացնում է մի շարք ընթացիկ ծրագրեր տարածաշրջանի ՀԿ-ների և ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների հետ:

Գևորգ Պետրոսյանս, 

Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող

Այս խորագրի վերջին նյութերը