Լրահոս

19.06.2017 14:50


Ռուս կինը ներել է իր ականջը կտրած ամուսնուն՝ Գեղամին

Ռուս կինը ներել է իր ականջը կտրած ամուսնուն՝ Գեղամին

Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ վիճաբանության ժամանակ կնոջ մազերը և ականջի վերևի հատվածը կտրելու գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել՝ տուժողի հետ հաշտության հիմքով:

Ավելի վաղ Փաստինֆո-ն տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզում կինը վիրավորել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ամուսնու մանկահասակ երեխային, ինչի հետևանքով երեխան սկսել է լացել:

Ըստ մեղադրանքի՝ Գեղամը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում գտնվող իր տանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել մի ռուս կնոջ հետ և 2016 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 22:00 սահմաններում, տանը կնոջ կողմից իր մանկահասակ երեխային վիրավորելու և լացացնելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Գեղամը նրան գցել է գետնին և ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Ապա նստելով կնոջ վրա, բռնել է ձեռքերից և մկրատով կտրել նրա մազերի մի փունջը և աջ ականջի վերևի հատվածը:

Դատաբժիշկների գնահատմամբ՝ կնոջ առողջությանը պատճառվել է տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ աջ ականջախեցու վերին կեսի աճառների վնասումով կտրած վերքի ձևով:

Գեղամին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 113-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով՝ որպես խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարանի վարույթում գտնվելուց հետո ամբաստանյալը և տուժողը դատարանին հայտնել են, որ հաշտվել են:

Տուժող կինը դատարանից խնդրել է կարճել Գեղամի վերաբերյալ քրեական գործի վարույթը՝ հայտնելով, որ հաշտվել է նրա հետ և քաղհայցի պահանջ չունի:

Ամբաստանյալը ևս դատարանին խնդրել է կարճել գործի վարույթը՝ հաստատելով կնոջ հայտարարությունն առ այն, որ հաշտվել են:

Ուստիև՝ դատարանը որոշել է նրանց հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճել:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը