Հարցազրույց

20.01.2010 18:35


Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյան

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մամուլի ասուլիսից

-Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ իրականացված դատավճիռը չափից ավելի խիստ էր՝ հաշվի առնելով նաև այն տեսակետը, որ, այդպիսով, նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել։

-7 տարի, թե 6 տարի կլիներ, եթե մարդը նեղության մեջ է, շատ չի կարելի կտցահարել և անընդհատ շահարկումների արժեքների ճանապարհով գնալ՝ մի կողմից հերոսանալով, որ սրտով պաշտպանում են լրագրող Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից էլ ասում են՝ տե՛ղն էր, այդպես էլ պետք է լինե՛ր։ Նա նեղության մեջ է։ Ես չեմ տեսել՝ որևէ մեկին մեղադրեն կամ կալանավորեն, հանկարծ ասի՝ ինքը մեղավոր է։ Բոլորն էլ ասում են՝ մենք անմեղ ենք, արդարադատությո՛ւնն է սխալ։ Դրա համար արդարադատությունն իր սցենարը, բողոքելու ճանապարհներն ունի և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։ Այնպես որ, եթե պայքարի մեջ ես մտել, այդ լաց ու կոծը հեչ տեղին չէ։ Մանավանդ գոնե ճանաչելով Փաշինյանին. ինքն ինչ ասում էր սկզբից, ասում է այսօր, ասաց նաև դատական պրոցեսում, ինքը չի կոտրվում, և շատ լա՛վ է, որ մենք շատ քիչ չկոտրվող հայեր գոնե ունենանք։ Այսինքն, պետք է մարդուն գնահատել ըստ արժանվույն։ Բայց իմ կարծիքով եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, այդ 10 զոհերը չէին լինի, որովհետև մոլլայական մոգերի պես անընդհատ ժողովրդին կարողացավ իր ափերից հանել և, այդքանով հանդերձ, տեղում լինել. 10 մարդ զոհվի, և ոչ մեկը չտեսնի՞, թե որտեղ այդ մարդն ընկավ, կարծեք թե այդ մարդն այդ միջավայրում, այդ տեղում չէր։ Այնպես որ ոչ թե մեղադրական առումով եմ ասում... միգուցե դա իրավական հարթության խնդիր է՝ մի քիչ շատ տվեցին, կարելի էր պակաս տալ, բայց որ հանցանքը կար և պետք է դատապարտվեր, կարծում եմ՝ դա արդեն լիազոր մարմինների գործն է, և եթե քննարկման խնդիր կա, դրա համար էլ համապատասխան մարմիններ կան, որոնք կարող են քննարկել։

-ԵԽԽՎ-ն պահանջ կամ հորդոր ուներ՝ այն գործիչները, ովքեր մարտի 1-ից հետո ինքնակամ կներկայանան, նրանց հանդեպ պատիժները պետք է մի քիչ ավելի մեղմ լինեն, և համաներման ազդեցությունն ունենային։ Դատարանն իր այս որոշմամբ արդյոք չխախտե՞ց այդ հորդոր-պահանջը։

-Միգուցե ցանկությունների տեսքով կարելի է նաև ենթադրություններ անել։ Մնացած խնդիրները կլուծի նորից դատաիրավական համակարգը։ Ես բազմաթիվ տարիներ անընդհատ կրկնել եմ, որ ինձ համար տիզբոնային գործառույթներն իմ քաղաքական գործունեության մեջ որևէ նշանակություն չունեն։ Հիմա էլ Եվրախորհուրդն այսպիսի որոշում կանի, նորից ձայնից չգիտեմ՝ ինչ կանի, հետո ձայնից չի զրկում, մենք էլ ասում ենք՝ լավ աշխատեցինք... դրանք այն խաղերն են, որ իմ ազգային և պետական մտածողությունից դուրս են։ Ես կուզենայի՝ որտեղ բնակվում եմ, հաշտ լինեմ իմ հարևանի հետ։ Ի՞նչ կապ ունի Եվրախորհուրդը։ Նե՛րսը պետք է կարողանանք ինչ-որ ձևով կարգավորել և փորձո՛ւմ ենք կարգավորել։ Գնալ, մտածել, որ եվրախորհուրդները, եվրամիությունները կամ գերհզոր տերությունները մեր նկատմամբ բանաձևեր պետք է իրականացնեն ժողովրդավարական գործընթացներում... ժողովրդավարական գործընթաց ասածը ո՞րն է, եթե այդ ժողովրդավարական գործընթացները չգնահատեցին Հրանտ Դինքի սպանությունը, Բաքվի, Սումգայիթի ջարդերը, առավել ևս՝ այսօր դեռևս մտմտում է Ցեղասպանության ամբողջ գործոնը վերհանել։ Այդ ժողովրդավարության հանգույցը որտե՞ղ է մշակվում, որ ես էլ հավատամ, որ Եվրախորհուրդը ճիշտ որոշումներ պետք է կայացնի։ Մենք գիտենք մեր դարդն ու ցավը, մենք գիտենք և՛ մեր աղբը, և՛ դրական կողմերը։ Պետք է փորձենք ինքներս լուծել։ Հենց դա է պատճառը, որ մենք, երևի թե ինչ-որ տեղ երկմտանք ունենալով, փորձեցինք մեր ձեռքով լուծել կարևորագույն խնդիրներից մեկը՝ հայ-թուրքական հարաբերությունները, որոնք միայն սահմանի բացում չեն. դրանք պատմական ճշմարտությունների մի փոքր ակունքում կանգնելու խնդիր ունեին։ Այնպես որ մտածել, որ Նիկոլ Փաշինյանի թև ու թիկունքը Եվրախորհուրդը պետք է լինի, ես այդպես չեմ կարծում։ Անկախ նրանից՝ ինչպիսին է իրավիճակը, մարդը նեղության մեջ է, և ես շատ հպարտանում եմ, որ իմ ազգակիցներն անընդհատ փորձում են ինչ-որ ձևով ամոքել նեղությունը։ Բնականաբար, մեր արդարադատությունն այս ճանապարհն էլ ունի, առավել ևս դատական ատյաններում. եթե ինչ-որ բաներ չեն վերլուծվում, այդ հնարավորությունն ունի արդարադատության խորհուրդը, երկրի նախագահը։ Այնպես որ արդարության համար պետք է պայքարել. հենց այնպես օդից արդարությունը չի իջնում։ Տա՛ Աստված, որ այնքան պայքարեն, որ մի 2 տարի պակաս լինի, տա՛ Աստված, որ ներվի, որովհետև հայի արժեքը վերջին հաշվով հայն է. վատ հայ չկա, կա լավ հայ և շատ լավ հայ։

-Արդարության վերականգնման պայքարի ճանապարհին հատկապես ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը։

-Սցենարնե՛րը ես ասացի։ Կարող է ավելի բարձր ատյանի դատարան, միջազգային դատարան դիմել։ Հանրապետության նախագահն այս դեպքում մեկ լիազորություն ունի՝ եթե դատապարտյալը ներման խնդրագիր է ուղարկում, նա քննարկում է (հատուկ կառույց կա), իր որոշումը կայացնում է։

-Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ եթե Նիկոլ Փաշինյանը ներման խնդրագրով դիմի՝ Սերժ Սարգսյանը նրան ներում կշնորհի։

-Մեր մեծ սխալը հենց այն է, որ բոլորս ուզում ենք՝ նախագահի փոխարեն մե՛նք մտածենք։

Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը