Լրահոս

15.06.2017 22:54


Սիրած աղջկան տարել է բժշկի ու համոզվելով, որ նրա կուսությունը խախտված չէ` սպանել է նախկին ընկերոջը

Սիրած աղջկան տարել է բժշկի ու համոզվելով, որ նրա կուսությունը խախտված չէ` սպանել է նախկին ընկերոջը

Սիրած աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման ընթացքում տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց ամբաստանյալ Գոռ Սարգսյանի պաշտպանների կողմից փաստաբանական հարցման ենթարկված տաքսիստը:

Վկան հայտնեց, որ 2016թ. ապրիլի 8-ին` ժամը 14.00-ի սահմաններում՝ սպանության օրը, Չարենցի փողոցից ուղևոր է փոխադրել Էրեբունի վարչական շրջան, իր արտահայտությամբ՝ Էրեբունի թաղամաս:

Հանդիպակաց կողմից երիտասարդը կանգնեցրել է տաքսին, անցել փողոցը, նստել մեքենան ու ասել՝ դեպի Էրեբունի:

Տաքսիստին տարօրինակ է թվացել, որ ուղևորն իր հետ չի խոսել ու իր հարցերին, մասնավորապես, Էրեբունու ո՞ր մասը, չի պատասխանել: Ուղևորը չի պատասխանել նաև հեռախոսազանգերին: Նա, ըստ տաքսիստի, իր վրա հիվանդ մարդու տպավորություն է թողել, ով չի գիտակցում, թե ինչ է անում, մտածել է, որ նա փախել է գժանոցից: «Դաուն վիճակում էր, գլուխն իրեն չէր ենթարկվում, ի՞նչ իմանամ ինչից»,- ասաց տաքսու վարորդը՝ ի պատասխան հարցի՝ հայտնելով, որ ուղևորի ձեռքին որևէ առարկա՝ դանակ, ձող, չի տեսել:

Կիսաթույլ վիճակում էր, չէր կարողանում իջնել ավտոմեքենայից, և քանի որ ուղևորն ասել է՝ Սևան, Սևան, ինքը մեկ այլ տաքսի մեքենա է կանգնեցրել, հարցրել Սևան կտանի՞ ու դրական պատասխան ստանալով՝ օգնել է ուղևորին առանց իր 1000 դրամ փոխադրավարձը վճարելու (ես ասացի 1000 դրամ պետք է տաս՝ բանի տեղ չդրեց) նստել այդ ավտոմեքենան:

Մեղադրողի հարցին, թե արդյոք ինքն իր մեքենան բոլոր նստողների՞ն է հիշում, վկան պատասխանեց, որ դեպքեր են լինում, որ հիշում է: Նա հավելեց, որ իր տեսողական հիշողությունը լավն է:

Վկան այդուհանդերձ, չհիշեց, թե ինչ էր հագել ուղևորը՝ ուշադրություն չի դարձրել, միայն ասաց, որ առանց օձիքի մայկա էր հագել: Սևան գնացող ուղևորը ապրիլին կարճաթև մայկայո՞վ էր հարցին տաքսիստը պատասխանեց՝ ցուրտ չէր, նորմալ եղանակ էր:

Ի պատասխան հարցերի՝ վկան ասաց, որ իր մեքենան տաքսու տարբերանշանով է եղել, ամբաստանյալը կանգնեցրել է մեքենան ու առանց օգնության անցնելով փողոցը՝ նստել է իր ավտոմեքենան:

«Ձեզ չվճարած մարդուն Սևան գնալու համար ինչպե՞ս նստեցրեցիք այլ՝ նույնպես ընտանիք պահող մարդու ավտոմեքենա, որպեսզի նա ավելի շա՞տ տուժի»,-հարցին վկան պատասխանեց՝ այդ պահին չեմ մտածել:

Դատարանը նկատեց, որ արդեն իսկ իմանալով ամբաստանյալն ինչի մեջ է մեղադրվում, ի՞նչ է կարծում սպանություն կատարած անձը պետք է իր հետ խոսե՞ր, զրուցե՞ր՝ բայց ինչի՞ պետք է չխոսեր, արձագանքեց վարորդը:

Դատարանը պարզաբանեց՝ մեկ երիտասարդ հեռացել է կյանքից, մյուսը դատապարտվում է, դատարանը սխալվելու իրավունք չունի, «բոլորս պատասխան ենք տալու մեր գործած մեղքերի համար, պետք է աշխատենք մեղքեր չգործել»: Ի պատասխան վկան հայտարարեց՝ «ես պատմում եմ ինչ որ տեսել եմ, ինձ ոչ ոք չի կարող ուղղորդել»:

Պաշտպանական կողմի՝ ամբաստանյալի վիճակն ավելի շատ նման էր թուլությա՞ն հարցին վկան պատասխանեց՝ ավելի շատ թույլ վիճակում էր:

Հարցին հետևեց դատարանի հարցը՝ ամբաստանյալը հոգեկան խիստ հուզմունքի վիճակո՞ւմ էր, վկան պատասխանեց՝ «իմ տեսանկյունից կորցրած, թույլ, հոգեկան մարդ»:

Պաշտպանական կողմը ամբաստանյալի հոգեվիճակի շուրջ այս և ավելի վաղ հարցաքննված մեկ այլ լրացուցիչ վկայի ցուցմունքների հիման վրա միջնորդեց նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու ամբաստանյալի մոտ աֆեկտի վիճակ առկա՞ է եղել, թե՞ ոչ:

Կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության վերաբերյալ մեղադրողը կարծիք կհայտնի միջնորդությանը ծանոթանալուց հետո:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ անց է կացվել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն. դատահոգեբան փորձագետը գտել է, որ հանցագործություն կատարելու պահին Գոռ Սարգսյանը գտնվել է խիստ լարված հոգեվիճակում: Ամբաստանյալի մոտ աֆեկտի վիճակ չի արձանագրվել, քանի որ չի եղել աֆեկտի վիճակ որակվելու համար անհրաժեշտ երրորդ՝ հյուծման, թուլության փուլը:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանում հարցաքննել էր փորձաքննությունը կատարած հոգեբանը, ով նորից պնդել էր, որ ամբաստանյալի մոտ աֆեկտի վիճակ չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, գործով տուժողը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Ազատ Աբրահամյանը, համակրել է և 2015թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերություն արել իր համակուրսեցի աղջկա հետ:

Աղջկա ցանկությամբ նրանք դադարեցրել են իրենց հարաբերությունները, թեև Ա.Աբրահամյանը ամեն կերպ տարբեր պատրվակներով փորձել է վերականգնել նախկին շփումը, սակայն դա արդյունք չի տվել:

2016թ. մարտից աղջկան համակրել է և մտերիմ հարաբերություններ է հաստատել Սևան քաղաքի բնակիչ, գործով ամբաստանյալ Գոռ Սարգսյանը: Աղջկա հետ շփման ընթացքում նա տեղեկացել է աղջկա ու Աբրահամյանի միջև նախկինում ունեցած հարաբերությունների մասին և ցանկացել է հանդիպել Աբրահամյանին այդ կապի վերաբերյալ զրուցելու նպատակով:

2016թ. ապրիլի 4-ին ՀՊՏՀ-ի մասնաշենքի մոտակայքում հանդիպել և զրուցել է Աբրահամյանի հետ, որի ընթացքում վերջինս հայտնել է իր ու աղջկա միջև նախկինում տեղի ունեցած հարաբերությունների մասին, միաժամանակ տեղեկացրել է, որ վերջինս «տուն տանելու աղջիկ չէ»:

Աբրահամյանի տեղեկություններից մտահոգվելով՝ Սարգսյանը աղջկան տարել է բժշկական կենտրոն՝ համապատասպան հետազոտության, որի արդյունքում պարզվել է աղջկա կույս լինելու հանգամանքը:

Այնուհետև Սարգսյանն Աբրահամյանի կողմից աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման նպատակով, իր ընկերների հետ միասին, ապրիլի 8-ին ժամը 13.30-14.00-ի սահմաններում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքին հարող տարածքում հանդիպել է Աբրահամյանին և նրա մի խումբ ընկերներին, որից հետո Աբրահամյանին առաջարկել է առանձնանալ և զրույցը ծավալել մյուսներից անջատ պայմաններում:

Ըստ մեղադրական եզրակացության, առանձնանալով մյուսներից` Սարգսյանն ու Աբրահամյանը քայլել են դեպի կենսաբանության մասնաշենքի ետնամասի կողմը, որտեղ էլ օգտվելով մեկուսի պայմաններից, ամբաստանյալը մեկ անգամ գլխով հարվածել է Աբրահամյանի դեմքի շրջանին՝ աջ աչքի ստորին կոպի հատվածում պատճառելով վնասվածք, ապա Աբրահամյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, նրա մոտ գտնվող ծակող-կտրող շեղբ ունեցող մեկսայրանի դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կենսականորեն կարևոր օրգաններին, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ապա Չարենցի փողոցով դիմել է փախուստի: Իսկ Աբրահամյանը Չարենցի փողոցից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.45-ին ստացած վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը