Լրահոս

15.06.2017 15:57


«Սասնա ծռերը» Դատապարտյալների հիվանդանոցում ճնշումների մասին են հայտնում

«Սասնա ծռերը» Դատապարտյալների հիվանդանոցում ճնշումների մասին են հայտնում

Հայտնում ենք, որ Դատապարտյալների հիվանդանոցում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող Սասնա Ծռեր Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, և նաև՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։ Քաղբանտարկյալները գտնվում են հեղձուցիչ պայմաններում։ Չկա օդափոխության հնարավորություն։ Հիվանդանոցի տնօրինությունը այս հարցի կապակցությամբ ասել է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, և նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից և պետքարանից։ Սակայն երեկ Արթուր Սողոմոնյանին բժիշկ է անհրաժեշտ եղել, և նա երկար ժամանակ թակել է դուռը, սակայն՝ ապարդյուն։ Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիվանդասենյակի դուռը։
Վերոհիշյալը իրավական բնութագրմամբ կոչվում է անմարդկային վերաբերմունք դատապարտյալի նկատմամբ, և առավել ցնցող է, երբ հիվանդների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերվում Հիպոկրատին երդում տված բժիշկների հաստատությունում։ Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող 4 դատապարտյալները իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտում այս անմարդկային հաշվեհարդարի կապակցությամբ և սպասում Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությանը։

«Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը