Աշխարհ

13.06.2017 21:10


Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս դառնալու հավաստագրման փուլերից մեկը (տեսանյութ)

Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս դառնալու հավաստագրման փուլերից մեկը (տեսանյութ)

Հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի ծրագրերից մեկի շրջանակում ավարտվել է Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չարլի» վաշտի 2-րդ մակարդակի գնահատման փուլը: Վրաստանցի զինծառայողների գնահատումն ավարտվել է «Վազիանի» զորավարժարանում անցկացված ցուցադրական վարժանքներով: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Գնահատումն անցկացվել է ՆԱՏՕ-ի «Հետադարձ կապի և օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի գնահատման» ծրագրի (The Operational Capability Concept Evaluation and Feedback Programme — OCC E&F) շրջանակում:

Գնահատման փուլին հետևել են Վրաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Զազա Չխաիձեն և ՆԱՏՕ-ի սպաներ:

Վարժանքների ընթացքում սցենարով մշակվել է հարձակողական գործողություն: Հետևակին հարձակման ժամանակ աջակցել է թեթև ավտոմոբիլային տեխնիկա, կատարվել են նաև վիրավորների տարհանման գործողություններ:

«Չարլի» վաշտը առաջին մակարդակի գնահատումը ստացել է 2016-ի նոյեմբերին: Գնահատման դրական արդյունքի դեպքում վրացական վաշտը կարող է 3 տարով դառնալ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NATO Response Force) մաս:

Ներկայում ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս է 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը:

Տեսանյութում ներկայացված է ցուցադրական զորավարժությունը։

Այս խորագրի վերջին նյութերը