Լրահոս

08.06.2017 15:04


Հնագիտական հետազոտություններ կկատարվեն Ազատան, Ջրափի համայնքների դամբարանադաշտերում

Հնագիտական հետազոտություններ կկատարվեն Ազատան, Ջրափի համայնքների դամբարանադաշտերում

2017 թվականի մայիսի 30-ին և հունիսի 1-ին կայացել են միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերը: Նշենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, 26-րդ հոդվածի համաձայն՝ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է լիազորված մարմնին կից:
Հանձնաժողովը լսել է 2016 թվականի՝ 39 հնագիտական պեղման թույլտվություններով կատարված պեղումների հաշվետվությունները, որոնցից՝ 4 հուշարձանի պեղումներ չեն իրականացվել: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։
2016 թվականին պեղումներ իրականացրել են հետևյալ կազմակերպությունները` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը (ԳԱԱ ՇՀՀԿ), «Էրեբունի» ՊՀԱԹ-ը, Հուշարձանների վերականգնման կենտրոն ՓԲԸ և «Էթնոս» մշակութային գիտական հետազոտությունների կենտրոնը:
Ներկայացվող հաշվետվությունների ժամանակահատվածը ներառում է քարի, նեոլիթ-էնեոլիթյան, բրոնզ-երկաթի, ուրարտական, հելլենիստական, անտիկ դարաշրջանները և միջնադարը:
Հունիսի 1-ի նիստում քննարկվել և թույլտվություն է տրվել 2017 թվականի պեղման համար ներկայացված 36 հայտից 14-ին: Իրականացվելիք հնագիտական հետազոտությունները կկատարվեն ՀՀ Շիրակի մարզի Ազատան, Ջրափի համայնքների դամբարանադաշտերում, Հայկաձոր համայնքի ամրոց-բնակավայրում, Մեծ Սեպասար համայնքի վաղ բրոնզեդարյան բնակավայրում, Ջրաձոր համայնքի ամրոց բնակավայրում, Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում, ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում, ՀՀ Արագածոտնի Արտենի 1 անձավում և հնավայրերում, հայ արքաների Աղցքի դամբարանում, ՀՀ Վայոց ձորի մարզի «Մոխրոտ» բնակատեղիում, Ելփին համայնքի ժայռափոր համալիրում և Արենի-2 քարայրում, Գնիշակաձորի միջնադարյան համալիրում, ՀՀ Սյունիքի մարզի Աղիտու 3 և 7 քարայրներում, Սրաշեն համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքում, Գնդեվազի վտանգված պատմամշակութային օբյեկտների տարածքում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թագավորանիստ հնավայրում:
Նախատեսված պեղումներից 4-ը իրականացվել են արտերկրի գործընկերների հետ համատեղ:
Ներկայացված հայտերից 22-ը միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը կքննարկի հաջորդ նիստին, որը կկայանա ս. թ. հունիսի 9-ին:

Այս խորագրի վերջին նյութերը