Լրահոս

07.06.2017 09:33


Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է 360 կենդանու անկում

Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է 360 կենդանու անկում

Երևանի կենդանաբանական այգու պատասխանը կենդանիների անկման թվերի շուրջ տարածված տեղեկությունների մասով․

01.06.2017 թ.-ի դրությամբ Երևանի կենդանաբանական այգում առկա է 143 տեսակի 841 կենդանի: Երևանի կենդանաբանական այգում 2016 թ.-ի հունվարի դրությամբ առկա է եղել 140 տեսակի 1209 կենդանի, իսկ 2016 թ.-ի դեկտեմբերի դրությամբ` 150 տեսակի 849 կենդանի: Գրանցվել է 360 կենդանու անկում՝ որոնցից 268-ը ձկներ են, 20 գլուխը՝ խոտանվել են, իսկ մնացած 72-ը՝ անկել (հիմնական մասը՝ թռչուններ): 2016 թ.-ի ընթացքում այգու կենդանի հավաքածուն համալրվել է 10-ը տեսակով (նվիրաբերություն, պահատվություն, փոխանակում): 2016-ի դեկտեմբեր եւ 2017-ի հունվար ու փետրվար ամիսներին կենդանաբանական այգում անկում է ապրել 18 տեսակի 35 առանձնյակ: Նրանց մի մասը անկել է առողջական օբյեկտիվ պատճառներով, որոշ մասը՝ էվթանազիայի է ենթարկվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (բնության մեջ պատահում է, որ կենդանիները կռվում են իրար հետ կամ, ինչպես գիտեք, հարձակման են ենթարկվում թափառող շների կողմից. Լինում է, որ վազելիս կոտրվածք են ստանում՝ շատ արյուն կորցնելով եւ այլն), զգալի մասը՝ պարզապես ծերությունից: Այս բոլոր դեպքերը պատշաճ կարգով ուսումնասիրվել եւ ակտավորվել են օրենքով պահանջվող բոլոր նորմերի պահպանմամբ: Այսինքն խոսելով կենդանիների մասին` անհրաժեշտ է հաշվի առնել, որ նրանք թանգարանային ցուցանմուշներ չեն, այլ կենդանի արարածներ, որոնք ցավոք, բայց անխուսափելիորեն մահկանացու են: Նշենք նաեւ, որ ցուցանիշների մասով անհանգստանալու կարիք չկա, քանի որ այգում անկման չափը էականորեն քիչ է թույլատրելի տարեկան 10%-ից եւ կազմում է ոչ ավելի, քան 3%:

Շների հարձակման և եղնիկների անկման մասով

Ցավոք թափառող շների ներխուժումը կենդանաբանական այգու տարածք եզակի երեւույթ չէ, քանի որ առկա են դրան նպաստող մի շարք հանգամանքներ։ Դրանցից գլխավորը այգու պարագծով ցանկապատի, պարսպի բացակայությունն է։ Քաղաքապետարանի հետ այդ հարցը քննարկվել է, նախագիծը օրակարգային է, եւ հաջորդ փուլով անպայման կյանքի կկոչվի: Բայց նույնիսկ աշխարհի ամենապաշտպանված կենդանաբանական այգիներն այս խնդրից չեն կարողանում լիարժեք խուսափել։ Շների առկայությունն այդ տարածքներում նաեւ իր օբյեկտիվ պատճառներն ունի: Այդ հողերն անկախության առաջին տարիներից բռնազավթված են եղել հարեւանությամբ բնակվող քաղաքացիների կողմից։ Մեր ջանքերով, մոտ վեց տարվա համառ պայքարից հետո դրանք ազատագրվել են, սակայն հետեւանքները դրանց ծավալների պատճառով, դեռեւս չի հաջողվել մինչեւ վերջ վերացնել։ Այս նպատակով արդեն իսկ մշակվում է պարսպապատման նախագծի վերջնական տարբերակը՝ այգու հիմնադրին, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանին հանձնելու համար:

Կենդանիների ապօրինի վաճառքի հետ կապված անաղբյուր տեղեկությունների մասով

Իհարկե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ Այգին ունի ոչ գիշատիչ կենդանիների վաճառք իրականացնելու իրավունք՝ ամրագրված օրենքով, ու վաճառք թաքցնելն ուղղակի անտրամաբանական է։ Բացի այդ՝ կենդանի վաճառելը ասեղ վաճառել չէ, որ ժամանակակից տեխնոլոգիաների դարում կարողանաս թաքցնել հանրությունից, ընդ որում՝ ներկայացնելով որպես շան կողմից հոշոտում։ Քանի որ ցանկացած լրագրող արագ արձագանքման դեպքում կարող է հենց տեղում ծանոթանալ իրավիճակին։ Մի կողմից ցավում եմ, որ այս դեպքը ձեզ հետաքրքրել է մեկ ամիս անց միայն, մյուս կողմից՝ ուրախ, որովհետև մայիսի 6-ին հոշոտված եղնիկների մարմինների տեսարանը ամենադուրեկաններից չէր։ Ի դեպ, հոշոտված մարմինների մնացորդները մինչեւ հիմա պահվում են այգու սառցարանում:

Այս խորագրի վերջին նյութերը