Լրահոս

04.06.2017 23:02


Հայաստանի հավաքականը հաղթել է Սենթ Քիթս և Նևիսի ընտրանուն՝ 5:0 հաշվով (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը հաղթել է Սենթ Քիթս և Նևիսի ընտրանուն՝ 5:0 հաշվով (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում 5։0 հաշվով հաղթել է Սենթ Քիթս և Նևիսի ընտրանուն:

Առաջին գնդակը մրցակցի անպաշտպան դարպասն ուղարկել է Ռուսլան Կորյանը: Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել, այնուհետև եռապատկել է հաշիվը։ Արթուր Սարկիսովը 4-րդ գոլն է խփել, իսկ 90-րդ րոպեին Արտակ Եդիգարյանն է գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սենթ-Քիթս և Նևիսի հետ ընկերական խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է․

«Չէի ասի՝ բարձրակարգ մրցակից էր: Այն առումով էր լավ, որ փորձում էինք արագ խաղալ, փորձում էինք եզրափակել շատ արագ, մեզ համար այնքան կարևոր չէր շատ գոլ խփելը, կարևոր էր ճիշտ խաղալը, որը պետք կգա Մոնտենեգրոյի հետ խաղին: Մարդիկ կարծում են, թե այս հաղթանակը մեզ շատ բան է տալիս, բայց իրականում ոչինչ չի տալիս: Պետք է այս խաղից հետո վերլուծություններ անել, հասկանալ, թե որտեղ ենք վատ խաղացել: Պետք է փորձենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի Մոնտենեգրոյի հետ խաղին լավ պատրաստված ներկայանանք:

Մոնտենեգրո ենք մեկնելու հաղթանակի հասնելու համար: Իհարկե, հեշտ խաղ չի լինի, դեռ 5 օր ժամանակ կա, փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ: Չի լինի այն խաղը, որը եղավ այստեղ՝ Հայաստանում: Լինելու էլ ավելի հետաքրքիր և դժվար խաղ: Այսօր ինձ շատ լավ էի զգում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛՝ հոգեպես: Մարզիչը ճիշտ գտավ, որ պետք է ընդամենը 1 խաղակես խաղամ, այդ իսկ պատճառով որոշեց փոխարինել ինձ»:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն էլ հետխաղային ասուլիսում նշել է․

«Այս խաղը կարևոր էր, տեսանք, թե մեր թիմն ինչ վիճակում է գտնվում: Տեսանք բոլորի պատրաստվածության մակարդակը: Կարծում եմ, որ Մոնտենեգրոյի դեմ խաղին թիմը պատրաստ կլինի: Թեթև հարվածներ եղան, սակայն, զերծ մնացինք վնասվածքներից, և դա ամենակարևորն է:

Մենք խաղաժամանակ տրամադրեցինք Օզբիլիսին` իմանալով, որ «Բեշիկթաշի» հիմնական թիմում նա խաղային պրակտիկա չունի: Առաջին խաղակեսն Արասը, իրոք, շատ լավ անցկացրեց, սակայն երկրորդում նույնը անել նրան թույլ չտվեց ֆիզիկական վիճակը: Մարկոսի համար էլ կարևոր էր խաղաժամանակ ստանալ: Նա մեծ շանսեր ունի հանդես գալու Մոնտենեգրոյի հետ խաղում: Գոհ եմ Արտակ Եդիգարյանի և Գագիկ Դաղբաշյանի խաղից:

Այո՛, սպասում էինք, որ մեծ առավելությամբ ենք գործելու: Բայց ավելի լավ ստացվեց առաջին խաղակեսը: Երկրորդում մենք փոքր ինչ ավելի պասիվ էինք: Շանսերը մեծ են, որ նորեկներից 1-2 խաղացող կլինի Մոնտենեգրոյի դեմ խաղի մեկնարկային կազմում: Ուրախալի է, որ իրենց նորամուտը նշեցին նորեկներ, ուրախալի է նաև, որ գոլերով աչքի ընկան մեր հարձակվողները` Կորյանը և Սարկիսովը: Շատ հնարավոր է, որ Մոնտենեգրոյի դեմ էլ հարձակողական կազմով գործենք: Պետք է ձգտենք հաղթանակի բոլոր խաղերում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը