Լրահոս

16.12.2010 19:17


ՀԱԿ հայտարարությունը հեռուստահաճախականությունների մրցույթի արդյունքների վերաբերյալ

Հեռուստահաճախականությունների մրցույթում, ինչպես եւ սպասվում էր, Ա1+ հեռուստաընկերությունը կրկին եթեր հեռարձակվելու իրավունք չստացավ։ ՀՌԱՀ-ի անդամները, հերթական անգամ դրսեւորելով ստրուկի՝ իրենց պարտադրված հոգեբանությունը, անմռունչ կատարեցին նախագահականից իջեցված քաղաքական պատվերը։ Դրանով անկատար մնաց նաեւ Ա1+-ին եթեր վերադարձնելու մասին Եվրոպական դատարանի որոշման իրագործումը։

Հասկանալի է վարչախմբի անասնական վախը հեռուստատեսային լայն լսարանով ազատ խոսքի տարածման հանդեպ։ 2002 թվականին ապօրինաբար փակելով միակ ազատ այս հեռուստատեսությունը, վարչախումբն ավելի շատ իր քամահրանքն ու ցինիզմն էր դրսեւորում սեփական ժողովրդի նկատմամբ։ Այժմ արդեն, երբ ազատ հեռուստատեսությամբ, ի թիվս այլոց, կարող է շատերին հասանելի դառնալ նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի խոսքը, միակ դրդապատճառը սարսափն է նույն այդ ժողովրդից։ Եւ հենց այդ սարսափի աստիճանով էլ կարելի է պատկերացում կազմել, թե որքան խախուտ են ապօրինի այս իշխանության  հիմքերը։

Միջազգային ժողովրդավարական հանրությունը, Եւրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Եւրոպական միությունը, ԱՄՆ-ը գեթ հիմա պե՞տք է հասկանան, որ նման հարցերում ու նման ռեժիմների հետ ներողամտության, համոզման, սիրաշահելու, հոդորների իրենց քաղաքականությունը սնանկ է եւ որեւէ արդյունքի չի հանգեցնում։ Ազդում է միայն կոշտ ու վճռական դիրքորոշումը, ճշմարտությունը բացեիբաց ասելու սկզբունքը։

 

Այս խորագրի վերջին նյութերը