Լրահոս

01.06.2017 20:45


Փոքրիկների մեծ խնդիրները

Փոքրիկների մեծ խնդիրները

Հունիսի 1-ը տարվա ամենալուսավոր և գեղեցիկ տոներից է, որը ոչ միայն երեխաներին ուրախացնելու և նրանց իրավունքների պաշտպանության մասին խոսելու, այլև՝ փոքրիկների հոգեկան առողջության խնդիրների բարձրաձայնման համար հիանալի առիթ է:

Այս ենթաթեքստում կայացել է հանդիպում «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի հոգեբան-դասընթացավարների հետ և խոսեցինք ժամանակակից երեխաների ամենատարածված հոգեբանական խնդիրների և զարգացման խանգարումների մասին: «ԱՃ» կենտրոնը շուրջ 3 տարի հոգեբանական ծառայություններ մատուցելուց բացի կազմակերպում է զանազան հոգեբանական վերապատրաստման դասընթացներ՝ ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների համար:

Մանկական հոգեթեբաններին վերապատրաստող թրեյնինգավար-հոգեբան Գայանե Կիրակոսյանը ներկայացրեց մանուկների մոտ ամենատարածված հոգեբանական խնդիրները, որոնք շատ հաճախ ազդում են երեխայի ինքնազգացողության վրա՝ պատճառ հանդիսանալով երեխայի վարքի բացասկան փոփոխության, ինչն, իր հերթին, անհանգստություն և վախ է ներշնչում ծնողներին:

«Հիմնականում ծնողները, կամ խնամակալները դիմում են մանկական հոգեբանին, երբ երեխաների մոտ նկատվում է ագրեսիվ վարք այլ երեխաների, ծնողնորի կամ ինքն իր նկատմամբ: Բացի այդ, փոքրիկների ամենատարածված խնդիրը վախն է, որը դրսևորվում է տարբեր կերպ, սակայն, սովորաբար անհանգստության հիմքում հիմնականում ընկած է կորստի վախը, որը դրսևորվում է, երբ մայրը երկար ժամանակով լքում է երեխային »,- նշեց հոգեբանը:

Մասնագետի խոսքով, երեխայի վարքի բացասական փոփոխության հիմքում կարող է ընկած լինել նաև խանդը, որը պայմանավորված է երկրորդ երեխայի ծնունդով:

«Իհարկե, ամեն տարիքն ունի իր համապատասխան վախը, որը նորմալ է համարվում, սակայն, տարիքին անհամապատասխան վախերը, ագրեսիայի ակտիվ կամ պասիվ դրսևորումները, գիշերամիզությունը կարող են լուրջ հոգեբանական խնդրի ազդանշան հանդիսանալ, և այս դեպքում հարկավոր է դիմել մանկական հոգեբանի».- հավելեց Գայանե Կիրակոսյանը:

Վերջին տարիներին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էյ Հայաստանում, արդիական է դարձել աուտիզմ ունեցող երեխաների խնդիրների բարձրաձայնումը:

Ինչպես նշեց հոգեբան, վարքային մասնագետ Հայկանուշ Դիլանյանը, տարեց տարի նկատելի է աուտիզմի մասին մարդկանց տեղեկացվածության աճը։

«Աուտիզմի սպեկտրի խանգարունմերով երեխաների ծնողները հոգեբանական աջակցության են դիմում բավականին հաճախ, հատկապես, երբ աուտիստիկ ախտանիշները բացահայտվում են վաղ տարիքում, քանզի վաղ և բազմամասնագիտական միջամտությունն այսօր արդյունավետ աշխատանքի գրավականն է հանդիսանում»,- նշեց մասնագետը։

Նա պարզաբանեց, որ ցանկացած ծնողի համար նման ախտորոշումը հնչում է որպես դատավճիռ, որը մի վայրկյանում տակնուվրա է անում ամեն ինչ, սակայն, առաջին հերթին, ծնողը պետք է իր մեջ ուժ գտնի փնտրելու ճիշտ ճանապարհն և սթափ որոշելու իր և երեխայի հետագա անելիքը, քանզի փոքրիկին օդի պես անհրաժեշտ է ծնողների սերն և օգնությունը՝ առաջընթացի համար:

Իր հերթին, էրգոթերապիստ, RBT մասնագետ Ինեսսա Հարությունյանը ծնողներին տվեց զգայական ինտեգրացիայի խանգարումների վերաբերյալ հետևյալ խորհուրդները.

«Շատ ծնողներ բախվում են իրենց երեխաների զգայական նախընտրությունների հետ, օրինակ՝ ապուրներից հրաժարվելը, կամ միայն նախընտրելի բամբակյա ծածկոցով քնելը։ Մեծամասամբ երեխաները գտնում են այս կամ այն զգայական ազդակներն արդյունավետ վերամշակելու և դրանց հարմարվելու տարբեր ճանապարհներ, բայց մյուսների մոտ դա վերածվում է առօրեական, անընդմեջ կրկնվող խոչընդոտի, որի պատճառով խաթարվում է երեխայի բնականոն կենսագործունեությունը։ Այսպիսի երեխաների մոտ դիտվում է արդեն զգայական ինտեգրացիայի խանգարում»:

Նա հավելեց, որ զգայական ինտեգրացիայի խանգարումը կարող է ազդել երեխայի բոլոր 7 զգայական համակարգերի վրա, իսկ գերզգայունութունն երեխաների մոտ արտահայտվում է չափազանց բուռն արձագանքով, ոչ այդքան վառ գրգռիչների նկատմամաբ:

«Զգայական փնտրտուքը» արտահայտվում է նրանով, որ երեխան չի հագենում, չի բավարարվում որոշակի զգայակն ազդակնրով և անընդմեջ փնտրում է նոր զգացողություններ։

Ինեսսա Հարությունյանը հավելեց, որ նման խանգարումների վաղ հայտնաբերումն ու մասնագիտական միջամտությունը զգալիորեն թեթևացնում է նման երեխաների կյանքն ու կենցաղավարությունը:

Ամփոփելով մասնագետների խոսքը, «ԱՃ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն, հոգեբան-հոգեթերապևտ Արմինե Ավագյանը նշեց, որ այսօր Հայաստանում մանկական հոգեբանները բավականին պահանջված են, սակայն, հիմնական խնդիրը՝ որակյալ մասնագետ գտնելն է:

«Մեր օրերում տարածված է երևույթն երբ ծնողներն անտեսում են սեփական հոգեբանական խնդիրները, և բարդում դրանք սեփական երեխաների վրա: Մասնագետի համար շատ կարևոր է կատարել թե ճիշտ հոգեբանական ախտորոշում, թե ընտրել նպատակահարմար շտկողական տեխնիկաներ իր աշխատանքի համար երեխայի և նրա ծնողների հետ: Այդ իսկ պատճառով, մեր կենտրոնը կարևորում է որակյալ մասնագետների պատրաստումն ու ձգտում մատուցվող հոգեբանական ծառայությունները Հայաստանում հասցնել միջազգային մակարդակի; Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ նոր գիտելիքների և ինքնազարգացման ձգտող երիտասարդ մասնագետների».- նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը