Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2009թ. տարեկան զեկույցը «ՀՀ–ում լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին»
Ընդդեմ խոսքի ազատության հարձակումների ակտիվությամբ եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակով 2009-ը կարելի է պայմանականորեն բաժանել երկու իրարից տարբեր ժամանակահատվածների. առաջին կիսամյակը բնութագրվեց այն նույն բացասական միտումներով, որոնք բնորոշ էին նախորդ՝ 2008 թվականին, երկրորդը՝ եղավ համեմատաբար հանգիստ: 2009-ի սկզբին ազդեցիկ միջազգային կազմակերպությունները հրապարակեցին 2008 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցները, որոնցում մեր երկրի իրավիճակը ներկայացվում էր սուր քննադատական երանգներով: Մասնավորապես, «Հյուման Ռայթս Ուոթչ», «Ֆրիդոմ Հաուս», Ժուռնալիստների պաշտպանության կոմիտե (CPJ) եւ այլ կազմակերպություններ իրենց եզրակացություններում արձանագրում էին, որ 2008 թվականին ՀՀ իրավապահ մարմինները խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ահաբեկելու եւ բռնությունների դեպքերի անպատիժ մնալը հանգեցնում է ինքնագրաքննության եւ խոսքի ազատության սահմանափակման:
Մինչդեռ, 2009 թվականի առաջին կիսամյակում երկրում նմանատիպ իրավախախտումները պակաս չէին 2008 թվականից, որն այդ առումով, համենայն դեպս՝ վերջին տասնամյակում, աննախադեպ էր: 2009 թվականի հոկտեմբերի 20-ին □Լրագրողներ առանց սահմանների□ (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակեց ԶԼՄ-ների ազատության իր հերթական վարկանիշերը: Հետազոտությունն անց էր կացվել 175 երկրներում եւ հիմնված էր 2008 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունների գնահատման վրա: Նախորդ հետազոտության արդյունքների համեմատ 9 կետով իր դիրքը զիջած (111-րդ տեղում հայտնված) Հայաստանի վարկանիշի շարունակական վատացումը □Լրագրողներ առանց սահմանների□ կազմակերպությունը բացատրում է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների փաստերով եւ քաղաքական լարվածությամբ, ինչը անբարենպաստ ազդեցություն է ունեցել ԶԼՄ-ների եւ ընդհանրապես հասարակության վրա:
Բռնությունների եւ լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների այլ ձեւերի բարձրակետը 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակաշրջանում էր: Այս իմաստով իրավիճակը շատ բանով հիշեցնում էր 2008 թվականի նախագահական ընտրարշավը: Կրկին հաստատվեց տխուր օրինաչափությունը. ներքաղաքական իրավիճակի սրման ժամանակ ակտիվանում են ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները:
Ընդհանուր առմամբ 2009 թվականին լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների ավելի քիչ խախտումներ են արձանագրվել, քան 2008-ին: Այսուհանդերձ, ընդհանուր իրավիճակը եւ միտումները չեն կարող տագնապ չհարուցել: Ինչպես վկայում է վիճակագրությունը (իբրեւ հիմք վերցված են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալները), նույնիսկ համեմատաբար հանգիստ տարում բավականին շատ են ընդդեմ լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավախախտումները: Ստորեւ ներկայացնում ենք 2008 եւ 2009 թվականների տվյալների համեմատական աղյուսակը.
Խախտումներիտեսակները / Տարեթիվ
2008
2009
Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ
18
11
ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումներ
16
14
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ
14
13
ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտման ձեւերի՝ մեր օգտագործած դասակարգումը որոշ չափով պայմանական է: Մասնավորապես, լինում են միջադեպեր, որոնց ժամանակ, օրինակ, տեղեկություններ ստանալուն եւ տարածելուն խոչընդոտելն ուղեկցվում է լրագրողի նկատմամբ բռնությամբ: Նման փաստերից յուրաքանչյուրը վերագրված է խախտման այն տեսակին, որին, զեկույցի հեղինակների կարծիքով, առավել է մոտ: Այսուհանդերձ, չնայած այդ պայմանականությանը, կիրառված դասակարգումը հնարավորություն է տալիս առավել կոնկրետ եւ ակնառու ներկայացնել լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների ընդհանուր պատկերը: Բացի վերը նշված իրավախախտումներից, մենք արձանագրել ենք նաեւ լրատվամիջոցների նկատմամբ քողարկված ճնշումների եւ/կամ ազատության ապօրինի սահմանափակումների դեպքեր, որոնք կարող են որակվել նաեւ իբրեւ թաքնված գրաքննության դրսեւորումներ:
Ինչպես եւ նախորդ տարիներին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նշում է, որ աղյուսակում բերված տվյալները սպառիչ չեն եւ չեն հավակնում բացարձակ ճշգրտության: Երկրում ստեղծված պայմանների պատճառով ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաճախ ձեռնպահ են մնում իրենց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի հրապարակայնացումից, արհամարհում են իրենց հասցեին արված տարաբնույթ սպառնալիքները կամ նախընտրում են ինքնուրույն լուծել ծագող պրոբլեմներն ու հաղթահարել ապօրինի սահմանափակումները: Այս իսկ պատճառով ԽԱՊԿ-ն վստահ է, որ լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների իրական քանակը զգալիորեն գերազանցում է արձանագրվածներին: Սույն զեկույցում մենք ներկայացնում ենք հասարակական լայն արձագանք ստացած փաստերից առավել նշանակալիները:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունվարի 16-ին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ տուժեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Լրագրողը լուսանկարում էր ակցիան՝ ի պաշտպանություն այսպես կոչված «Յոթի գործով» ամբաստանյալների (հիշեցնենք, որ այդ գործով դատավարություն էր ընթանում Լեւոն Տեր-Պետրոսյանի յոթ կողմնակիցների նկատմամբ. վերջիններիս ներկայացված էր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանք ): Ոստիկաններից մեկը, նկատելով Շամշյանին, հարվածեց եւ տապալեց: Ընկնելիս Գագիկ Շամշյանը գլխով բախվեց երկաթե հենասյունին: Վերադառնալով «ՉԻ» խմբագրություն՝ Գագիկ Շամշյանն իրեն վատ զգաց եւ տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ ռենտգեն հետազոտությամբ նրա մոտ ախտորոշվեց ուղեղի ցնցում: Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ ինքն ունի իրեն հարվածած ոստիկանի լուսանկարը: Հունվարի 19-ին լրագրողը հրավիրվեց Շենգավիթ համայնքի ոստիկանություն՝ ցուցմունքներ տալու համար: Ըստ տուժողի՝ քրեական գործ հարուցվեց, որը հետագայում կարճվեց «հանցակազմի բացակայության պատճառով»:
Փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների եւ լրագրողների միջեւ: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով (հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեջ) նիստի ժամանակ դատական կարգադրիչները, դատավոր Ժորա Վարդանյանի հրահանգով, լրագրողներին առաջարկեցին հեռանալ նիստերի դահլիճից: Սրա հետ կապված լրագրողների եւ դատական կարգադրիչների միջեւ վեճ առաջացավ, որը վերածվեց քաշքշուկի: Դրա ընթացքում պատռվեց «Առավոտ» եւ □Չորրորդ իշխանություն□ թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի բաճկոնը: Վերջինս ԽԱՊԿ-ին տեղեկացրեց, որ նույն օրն իսկ ինքը գրավոր բացատրություն է տվել Կենտրոն համայնքի ոստիկանությունում: Հարուցվեց քրեական գործ, իսկ բաճկոնն ուղարկվեց փորձաքննության՝ վնասի չափը որոշելու համար: Սակայն այս գործը շուտով կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառով: Վնասը գնահատվեց 2000 դրամ, ինչից Գագիկ Շամշյանը հրաժարվեց:
Մարտի 13-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ծեծի ենթարկվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Այդ օրը բուհի ուսանողները «Միասին» երիտասարդական հասարակական կազմակերպության գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում, որը լուսաբանելու համար այստեղ էին նաեւ մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Երբ ակցիայի մասնակիցները վերադարձան համալսարան, լրագրողները նույնպես որոշեցին մտնել շենք եւ հարցազրույց վերցնել ուսումնական հաստատության ղեկավարներից, սակայն նախասրահում նրանց կանգնեցրին բուհի անվտանգության աշխատակիցները: Այսուհանդերձ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հաջողվեց ուսանողների հետ անցնել ներս եւ լուսանկարել: Այս առնչությամբ նրա եւ պահապաններից մեկի միջեւ բախում առաջացավ, եւ անվտանգության աշխատակիցները դաժանորեն ծեծեցին լրագրողին: Այստեղ գտնվող այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ուսանողներին եւ համալսարանի աշխատակիցներին հաջողվեց կասեցնել բռնությունը: Իսկ նախասրահ իջած բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը խնդրեց լրագրողներին դուրս գալ շենքից եւ արդեն փողոցում պատասխանեց ուսանողական ակցիայի վերաբերյալ հարցերին: Այս հարցազրույցից հետո Գագիկ Շամշյանն իրեն վատ զգաց, եւ այլ ԶԼՄ-ների գործընկերները նրան օգնեցին հասնելու «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության գրասենյակ: Այստեղ լրագրողի վիճակն ավելի վատացավ, սկսվեց արյունահոսություն: Շամշյանին «Շտապ օգնության» ավոտմեքենայով տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն: Բժիշկները նրա մոտ ախտորոշեցին միզուղիների վնասվածք եւ ներքին արյունահոսություն: Լրագրողին տեղավորեցին վերակենդանացման բաժնում, այնուհետեւ՝ նշանակեցին ստացիոնար բուժում: Մարտի 19-ին Գագիկ Շամշյանը դուրս գրվեց հիվանդանոցից:
Այս միջադեպի առնչությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մամուլի աջակցության □Ինտերնյուս□ ՀԿ-ն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր. «Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է ծագել կոնֆլիկտը լրագրողի եւ համալսարանի ներքին անվտանգության աշխատակիցների միջեւ, դաժանությունը, որ դրսեւորել են վերջիններս, որեւէ արդարացում չի կարող ունենալ»:
Տեղի ունեցածի դատապարտմամբ հանդես եկան նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, մի շարք քաղաքական միավորումներ եւ հասարակական կազմակերպություններ:
Մարտի 14-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորատի նիստում ընդունվեց հայտարարություն, որում Գագիկ Շամշյանի գործողությունները որակվեցին «ցինիկ, լրագրողին անհարիր»: Ըստ հայտարարության՝ Գագիկ Շամշյանը «ներխուժել է համալսարան՝ խանգարելով ուսումնական գործընթացը» եւ «նրա ապօրինի գործողությունների ընթացքում միջադեպ է տեղի ունեցել», որի հետեւանքով լրագրողը ստացել է մարմնական վնասվածք:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2009 թվականի մարտի 16-ի հաղորդագրության, Կենտրոն համայնքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») եւ 118 («Ծեծը») հոդվածներով: Մասնավորապես, հաղորդվում էր, որ բերման են ենթարկվել, ապա չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակվել լեզվաբանական համալսարանի պահպանության ղեկավարն ու երկու աշխատակիցները: Հուլիսի 14-ին քրեական հետապնդումը դադարեցվեց ՀՀ ԱԺ կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներման ակտի կիրառմամբ:
Ապրիլի 8-ի երեկոյան, Երեւանի Հյուսիսային պողոտայում ընդդիմության բողոքի միջոցառման ժամանակ հարձակման ենթարկվեց «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Դավիթ Ջալալյանը: Վերջինս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրեց, որ ոստիկանները հարձակվել եւ ծեծել են իրեն, երբ փորձել է լուսանկարել ցուցարարների դեմ նրանց գործողությունները: «Ա1+»-ի խմբագրություն վերադառնալուց հետո Դավիթ Ջալալյանի ինքնազգացողությունը վատացավ: Նա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ ստացավ բժշկական օգնություն: Միջադեպի կապակցությամբ լրագրողական մի շարք կազմակերպություններ (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ) տարածեցին հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում էր. «Սա առաջին դեպքը չէ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտում են հենց իրավապահները՝ վստահ լինելով, որ չեն պատժվի»: Հայտարարության հեղինակները նաեւ պահանջում էին ՀՀ ոստիկանության ղեկավարությունից՝ «նշանակել ծառայողական քննություն եւ պատասխանատվության ենթարկել այդ բռնությունը կատարած անձանց»:
Ապրիլի 30-ի լուսաբացին՝ ժամը 5-ին մոտ, Երեւանում, իր տան շքամուտքում դաժան ծեծի ենթարկվեց «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Անհայտ անձինք փայտե մահակներով հարձակվեցին նրա վրա, երբ լրագրողը նույն շենքում տեղակայված իր գրասենյակից տուն էր վերադառնում: Արգիշտի Կիվիրյանը ծանր վիճակում, գլխի եւ մարմնի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նույն օրը լրագրողական եւ իրավապաշտպան 11 հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր, որ հարցերը ծեծի ու բռնության միջոցով լուծելն արդեն հասարակական լուրջ սպառնալիքի է վերածվում, եւ որ՝ «պետական մարմիններն էլ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկում դիմակայելու դրան»: Փաստաթղթում նշվում էր նաեւ, որ «լրագրողների դեմ հարձակումների կատարողներն առայսօր դատարանի առջեւ չեն կանգնել»: Հայտարարության հեղինակները կոչ էին անում իրավապահ մարմիններին՝ հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Այս բռնության դատապարտմամբ հանդես եկան նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, երկրի խորհրդարանի պատգամավորներ, մի շարք կուսակցություններ: ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին նամակ հղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որում նշեց, որ «լրագրողների դեմ բռնությունների գործերով արդյունքների բացակայությունը հանցագործների համար անպատժելիության մթնոլորտ է ստեղծում եւ կարող է ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ նոր բռնարարքներ սադրել»:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, թե պետության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին:
Արգիշտի Կիվիրյանի վրա հարձակման փաստով ոստիկանությունը քրեական գործ հարուցեց ՀՀ Քրեական օրենսգրքի 117՝ «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը» հոդվածով, ինչն արժանացավ իրավաբանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ քննադատություններին:
Հետագայում գործը հանձնվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ, որտեղ այն վերաորակավորվեց ՀՀ ՔրՕր-ի 34-104 հոդվածով՝ սպանության փորձ: Հուլիսի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երկու անձանց նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրեց կալանքը: Նրանց մեղադրանք ներկայացվեց Արգիշտի Կիվիրյանի դեմ սպանության փորձի համար:
Մայիսի 6-ի երեկոյան բռնություն իրականացվեց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի նկատմամբ: Երկու անհայտ անձինք, դարանակալել էին լրագրողին իր տան մոտ, հարձակվել վրան, հարվածներ հասցրել, տապալել գետնին եւ դիմել փախուստի: Նվեր Մնացականյանը տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշեցին «թեթեւ մարմնական վնասվածքներ» եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին: Լրագրողը վստահաբար հայտարարեց, որ այդ միջադեպը առնչություն ունի իր մասնագիտական գործունեությանը:
Մայիսի 7-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, «Ֆեմիդա» ՀԿ-ը, □Թիմ□ հետազոտությունների կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Վանաձորի մամուլի ակումբը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր. «Հայաստանում լրագրողներին ահաբեկելն ու ծեծելն արդեն hասարակական աղետի են վերածվում»: Դատապարտելով Նվեր Մնացականյանի հանդեպ բռնությունը՝ 12 ՀԿ-ները ընդգծում էին, որ իրենց հայտարարությունը չպետք է ընկալվի միայն իբրեւ մեղավորներին բացահայտելու եւ պատժելու հերթական կոչ: «Միայն կոչերով բռնությունների ալիքին վերջ չի տրվելու. անհրաժեշտ են արմատական եւ արդյունավետ քայլեր: Իսկ այդ քայլերը պիտի անեն, առաջին հերթին, իշխանությունները, իրավապահ մարմինները, որոնց անգործությունը, բոլոր նախորդ դեպքերը բացահայտելու անկարողությունն ավելի ու ավելի լկտի եւ սանձարձակ են դարձնում ազատ խոսքն իբրեւ նշանակետ ընտրած հանցագործներին»:
Երեւանի Մաշտոցի ոստիկանության բաժանմունքում Նվեր Մնացականյանի վրա հարձակման փաստով հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔրՕր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 3 կետով («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»)։ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը օգոստոսի 21-ի մամուլի ասուլիսում այս գործի կապակցությամբ հայտնեց, թե լրագրողը սխալմամբ է տուժել: Ըստ նրա՝ ծեծի ենթարկող երկու երիտասարդներից մեկը Նվերին շփոթել է իր սիրած աղջկա հոր հետ, եւ միջադեպին «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին որեւէ առնչություն չունի։ Ոստիկանապետն ասաց նաեւ, թե նույնիսկ Նվեր Մնացականյանն է դա հաստատել։ Սակայն հաջորդ օրն իսկ լրագրողը «Report..am» ինտերնետային հրատարակությանն ասաց. «Ես ցավում եմ, որ մեր իրավապահներն այդ վիճակում են։ Եթե ոչ հրապարակային, բայց հարմար առիթների ժամանակ ես բազմիցս ասել եմ, որ դա նրանք են, իսկ ինձ հետապնդող մեքենան էլ եղել է «Գրանդ քենդիի» «նիվաներից»։
Այսպես, Ժամը 10։30-ի սահմաններում 9/01 ընտրատեղամասում բախում տեղի ունեցավ Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնազորի եւ «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ» թերթերի թղթակիցների միջեւ: Պատգամավորը իր թիկնապահներին հրահանգել էր լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեւ Մեսրոպյանին եւ Մարինե Խառատյանին դուրս հանել տեղամասից: Փոխադարձ վիրավորանքներով եւ հայհոյանքներով ուղեկցված բախման ժամանակ «ՉԻ» թղթակից Գոհար Վեզիրյանը ծեծի ենթարկվեց, ընդ որում՝ հարվածել էին նրա դեմքին եւ փորին։ Պատգամավորի թիկնապահները խլեցին նաեւ «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը եւ հեռախոսը: Երեք լրագրողներն էլ ստիպված լքեցին ընտրատեղամասը:
Ժամը 15-ի սահմաններում 8/01 ընտրատեղամասում բռնություն իրականացվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի նկատմամբ։ Երբ լրագրողը նկատել էր, որ ատլետիկ կազմվածքով երիտասարդների մի խումբ ցանկանում է լցոնումներ կատարել՝ սկսել էր նկարել։ Երիտասարդները մոտեցել էին նրան, վզից պոկել խմբագրական վկայականը, խլել խցիկը եւ սպառնացել։ Երբ Արթուր Հովակիմյանը ասել էր, թե դա իր աշխատանքն է, նրանցից մեկը պատասխանել էր. «Իմ գործն էլ քո գլուխը ջարդելն է»։ Լրագրողը ստիպված է եղել լքել ընտրատեղամասը։ Նրան վերադարձրել են խցիկը՝ նկարահանածը ջնջելուց հետո։
16։20-ի սահմաններում 8/05 ընտրատեղամասում հարձակման ենթարկվեցին «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը, «Tert.am» կայքի լրագրող Լիլիթ Թադեւոսյանը եւ Թրասնփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանը։ Վերջիններս նկատել էին, որ տեղամաս մտած տղաների մի խումբ փորձում է քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ: Սոնա Այվազյանը փորձել էր խոչընդոտել, իսկ՝ լրագրողները՝ լուսանկարել տեղի ունեցողը: Դրանից հետո այդ մարդիկ ոլորել էին լրագրողների եւ դիտորդի ձեռքերը, հեռացրել քվեատուփից ու լցոնում իրականացրել: Ըստ Արմինե Ավետյանի՝ իրենից խլեցին ֆոտոապարատը եւ ձայնագրիչը, բայց վարկաբեկիչ ոչինչ չգտնելով՝ վերադարձրեցին: Բախման ընթացքում լրագրողը թեթեւ վնասվածք ստացավ: Ըստ Լիլիթ Թադեւոսյանի՝ երբ ինքը փորձեց տեսնել, թե ինչ է կատարվում՝ իրեն էլ քաշքշեցին եւ թույլ չտվեցին նկարել։
Նույն օրը Ժամը 17.30-ի սահմաններում 7/25 ընտրական տեղամասում մի երիտասարդ հարձակվեց «Առավոտ» օրաթերթի թղթակից Նելլի Գրիգորյանի վրա։ Վերջինս, տեսնելով, թե ինչպես է այդ երիտասարդը սպառնում ՀԱԿ-ի վստահված անձին, խցիկը ձեռքին մտել էր տեղամաս, փորձել նկարել։ Սպառնացողը թողել էր վստահված անձին, բռնել լրագրողի շորերից, քաշքշել ու այդ ընթացքում գոռացել՝ «արա դու էս ո՞վ էս, ո՞վ ա քեզ թողել նկարես», այնուհետեւ խլել էր լրագրողի ֆոտոխցիկն ու փախել անհայտ ուղղությամբ։ Ընտրատեղամասում կային էլի մի խումբ տղաներ, ովքեր այն բանից հետո, երբ լրագրողը հայտարարեց, որ խոչընդոտվել է իր մասնագիտական աշխատանքը, վազեցին այն ուղղությամբ, ուր փախել էր չարագործը։ Ըստ Նելլի Գրիգորյանի՝ «Քիչ անց նրանք վերադարձան ֆոտոխցիկով, սակայն առանց հիշողության չիպի»։
Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց մամլո հաղորդագրություն, որով տեղեկացրեց, թե քրեական գործ է հարուցվել լրագրողների եւ դիտորդների նկատմամբ բռնությունների եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում լցոնումների փաստերի առթիվ: Այսուհանդերձ, լրագրողների նկատմամբ իրավախախտումներ իրականացրած անձանցից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց:
Հունիսի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակման գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ 2008 թվականի նոյեմբերի 18-ին երեք չարագործներ դարանակալել էին լրագրողին, ապա քարով հարվածել գլխին եւ ծեծել: Էդիկ Բաղդասարյանը «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Երեւանի Կենտրոնի ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕր-ի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն»): Մեղադրանք էր առաջադրվել Կարեն Հարությունյանին, որն էլ դատարանի առջեւ կանգնեց իբրեւ հարձակում գործածներից մեկը:
Այսուհանդերձ, նույն օրը «Հետաքննող լրագրողների» «Հետք» էլեկտրոնային թերթում տպագրված դատաքննությունը սկսելու մասին տեղեկատվության մեջ նշված է. «Իրավապահներն այդպես էլ չպարզեցին, թե 20-ամյա Կարեն Հարությունյանից բացի, ովքեր էին մյուս երկու անձինք, ովքեր անցյալ տարվա նոյեմբերի 17-ին հարձակվել էին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա, եւ ո՞վ էր այդ հանցագործության պատվիրատուն։ Կ. Հարությունյանը ոչ միայն ժխտել է միջադեպին իր մասնակցությունը, այլ ընդհանրապես հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այնուամենայնիվ, նախաքննական մարմինն ապացուցված է համարել նրան առաջադրված («Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը») մեղադրանքը»:
Հունիսի 23-ին Կարեն Հարությունյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
Օգոստոսի 7-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ (նախատեսված էին նրա հանդիպումները «մարտի 1-ի» գործով կալանավորվածների հարազատների հետ) միջադեպ տեղի ունեցավ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի հետ: Հայհոյանքներով լրագրողի վրա հարձակվեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ փորձեց խլել լուսանկարչական խցիկը: Քաշքշոց սկսվեց, որը դադարեցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամների եւ այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջամտությունից հետո: Գագիկ Շամշյանի ենթադրությամբ Արարատ Զուրաբյանին բարկացրել էր կամ այն, որ ինքը առաջին նախագահի հետ կադրում չի հայտնվել, կամ էլ այն, որ լրագրողը ներկաներից մեկին առաջարկել է Տեր-Պետրոսյանի հետ լուսանկարվել Շիրակի մարզի դարպասների ֆոնին: Հաջորդ օրը լրագրողը բոյկոտեց ՀԱԿ-ի առաջարկը՝ լուսաբանել Վանաձոր կատարելիք նույնատիպ այցելությունը:
Միջադեպի մասին Գագիկ Շամշյանն ինքն է տեղեկացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գծի» հեռախոսով: Մյուս կողմի տեսակետին նույնպես ծանոթանալու համար ԽԱՊԿ-ն պաշտոնական նամակ հղեց Արարատ Զուրաբյանի հասցեով՝ խնդրելով բացատրել կատարվածի պատճառները: Սակայն ՀՀՇ ղեկավարը ինչպես այդ նամակին, այնպես էլ մի շարք ԶԼՄ-ների նույնատիպ հարցումներին այդպես էլ չպատասխանեց:
ՃՆՇՈՒՄՆԵՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ
Ինչպես եւ նախորդ տարիներին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա տնտեսական, քաղաքական, իրավական եւ այլ լծակների օգտագործմամբ ճնշումներ գործադրելու բազմաթիվ փաստեր: Ընդսմին, աչքի է զարնում լրատվամիջոցներին եւ նրանց աշխատակիցներին առնչվող դատական գործերի առատությունը:
Հունվարի 14-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման համաձայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրիի քաղաքապետարանի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի միջեւ՝ քաղաքային հեռուստաաշտարակն օգտագործելու վերաբերյալ վեճի դատաքննության նոր փուլը: Նշենք, որ այս գործով լսումները սկսվել էին դեռեւս 2008 թվականին եւ մարզային մասնավոր հեռուստակայանի դեմ իշխանությունների տոտալ ճնշումների բաղկացուցիչ մասն էին կազմում: Իսկ ճնշումները ծայր էին առել այն բանից հետո, երբ նախագահական ընտրարշավի ընթացքում հեռուստաընկերությունը պատրաստակամություն հայտնեց եթեր տրամադրել բոլոր թեկնածուներին ու նրանց ներկայացուցիչներին եւ հրաժարվեց ենթարկվել պետական կառույցների, տարբեր մակարդակի պաշտոնյաների պահանջներին ու սպառնալիքներին:
2008 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի վճիռը, ըստ որի □ԳԱԼԱ□-ի հիմնադիրը պետք է դադարեցներ քաղաքային հեռուստաաշտարակի շահագործումը եւ ապամոնտաժեր նրա վրա տեղակայված սարքավորումները: Գործը ուղարկվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Հունվարի 14-ի նիստում քաղաքային վարչակազմը դատարանին ներկայացրեց Գյումրիի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը, որը քաղաքապետարանին թույլ էր տալիս աշտարակը հեռուստաընկերությանը վարձակալության տալ 1 տարի ժամկետով, 100000 դրամ ամսավճարով: «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչն իր հերթին նշեց, որ ընկերության սեփականատերը չի հրավիրվել ավագանու նիստին, որոշման մասին տեղեկացվել է միայն դատական նիստից մեկ օր առաջ՝ հունվարի 13-ին: Բացի այդ, ըստ «ՉԱՊ»-ի, վարձավճարն ակնհայտորեն բարձր է («ԳԱԼԱ»-ի հիմնադրի տվյալներով՝ հեռուստաաշտարակի հաշվեկշռային արժեքը 760 հազար դրամ է, եւ ստացվում է, որ տարեկան վարձավճարն այդ գումարին գերազանցում է համարյա 60 տոկոսով):
«ՉԱՊ»-ի ներկայացուցիչը դատարանին երկու միջնորդություն ներկայացրեց՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողմից քաղաքի մյուս հեռուստաաշտարակը շահագործելու վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումից տեղեկանք պահանջելու մասին եւ դատաքննության առարկա հեռուստաշտարակի դատատեխնիկական փորձաքննության մասին: Դատարանը երկու միջնորդությունն էլ ընդունեց: Քննությունը պիտի շարունակվեր համապատասխան տեղեկանքները ստանալուց հետո, սակայն դրանք այդպես էլ դատարան չեն ներկայացվել եւ դատավարությունը չի վերսկսվել:
Միաժամանակ, 2008 թվականին քննված՝ հարկային ստուգումներին եւ հեռուստաընկերությանը պարտադրված 25 միլիոն 212 հազար դրամ տուգանքին առնչվող գործով, 2009 թ. մարտի 13-ին «ԳԱԼԱ»-ի հիմնադիրը հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ հարկային ծառայության կազմած ակտը ընկերությունը փորձեց վիճարկել ՀՀ վարչական, ապա եւ՝ վերաքննիչ դատարաններում, սակայն ապարդյուն: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունեց: «ԳԱԼԱ»-ի հիմնադիրը ԵԴ ներկայացրած հայցը հիմնավորեց նրանով, որ խախտվել են խոսքի ազատության, արդար դատաքննության եւ սեփականության իր իրավունքները:
Փետրվարի 5-ին ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ ՀՀ գյուղատնտեսության այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանը սպառնալիքներ տեղալով հարձակվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի վրա: Լրագրողը լուսանկարում էր այստեղ հավաքված ցուցարարներին, ինչպես նաեւ՝ կառավարության նիստին ժամանող նախարարներին: Երբ Շամշյանը տեսել եւ լուսանկարել էր սպորտի եւ երիտասարդության հարցերի ու գյուղատնտեսության նախարարներին, վերջինս հանկարծակի բռնկվել եւ հարձակվել էր լրագրողի վրա՝ ասելով. «Արա, լակոտ, հերիք չի սաղիս թաքուն նկարես ու փախնես: Հեսա տես' քեզ ինչ օրն եմ գցելու»: Գյուղնախարարին զսպել էր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը՝ ասելով, թե լրագրողն իր գործն է անում: Սակայն Արամայիս Գրիգորյանը չէր հանգստացել եւ սպառնացել էր, որ կառավարության նիստից վերադառնալուց հետո Շամշյանի հետ հաշիվներ կպարզի: Լրագրողը որոշեց սպասել նրան, սակայն նախարարը մեքենան կանչել էր մյուս մուտքի մոտ եւ հեռացել: Այս փաստը լուսաբանվեց «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերում, սակայն միջադեպը նախարարի համար ոչ մի հետեւանք չունեցավ:
Փետրվարի 19-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս»ՍՊԸ դիմումը՝ վճռաբեկ դատարանի երկու՝ 2004 թվականի փետրվարի 27-ի եւ 2004 թվականի ապրիլի 23-ի վճիռները վերանայելու մասին: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 27-ին վճռաբեկ դատարանն անփոփոխ էր թողել ՀՀ Տնտեսական դատարանի նույն թվականի հունվարի 21-ի վճիռը, որով չէր բավարարվել «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցը՝ «Սինեմաքս» ՍՊԸ-ին 63-րդ դեցիմետրային հաճախականությամբ (որին հավակնում էր նաեւ «Ա1+»-ը) հեռարձակման լիցենզիա տրամադրելու մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին: Իսկ 2004 թվականի ապրիլի 23-ին վճռաբեկ դատարանն ուժի մեջ էր թողել Տնտեսական դատարանի մարտի 23-ի վճիռը, որով մերժվել էր «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ 2003 թվականի հունիսի 11-ին եւ հուլիսի 13-ին անցկացված մրցույթների արդյունքներով լիցենզիա չտրամադրելը պատշաճ ձեւով չհիմնավորելու համար:
Վճռաբեկ դատարան «Մելտեքսի» ներկա դիմումը պայմանավորված էր նոր հանգամանքներով, այն է՝ «Ա1+»-ի հիմնադիրն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, որով «Մելտեքս» ՍՊԸ-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելը համարվել էր Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում: Այսուհանդերձ, վճռաբեկ դատարանը որոշեց, որ «Ա1+»-ի հիմնադրի վիճարկած դատական վճիռներն ընդունվել են 2004-ին գործող օրենսդրությանը համապատասխան եւ ենթակա չեն վերանայման: «Մելտեքս» ՍՊԸ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին մասը, որը թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին օգտվել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից։ Հենց հիշյալ դրույթն էր վճռաբեկ դատարանի ընդունած որոշման հիմք հանդիսացել: Դեկտեմբերի 15-ին կայացած նիստում ՀՀ Սահմանադրական դատարանը գործի լսումը հետաձգեց մինչեւ 2010 թվականի փետրվարի 23-ը:
Փետրվարի 24-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրեց «Հիմա էլ' ՌՈ-ն» եւ «Նոր ժուչոկ էի՞ք տեղադրում» հրապարակումները, որոնցում տեղեկացվում էր, որ փետրվարի 21-ին Երեւանի Մայիսի 9-ի փողոցում ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրման պատասխանատու Հրաչ Հակոբյանը: Վերջինս տեղափոխվել էր Ռազմական ոստիկանություն, որտեղ նրան պահել էին շուրջ 9 ժամ՝ փորձելով պարզել, թե նա կապվա՞ծ չէ, արդյոք, հետախուզման մեջ գտնվող ինչ-որ անձնավորության հետ: Հակոբյանից առգրավել էին անձնական իրերը, այդ թվում՝ խմբագրության դռան բանալին եւ բջջային հեռախոսը: Ներկայացնելով տեղի ունեցածի այլ փաստեր եւս՝ «Հայակական ժամանակը» ենթադրում էր, թե՝ «ուժային կառույցները «ՀԺ»-ի դեմ ուղղված, նախապես ծրագրավորված համատեղ ինչ-որ օպերացիա են իրականացրել»։
Փետրվարի 25-ին Երեւանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ միջադեպ տեղի ունեցավ. քրեական հետախուզության բաժանմունքի ղեկավար Տիգրան Մուրադյանը փորձեց ճնշում գործադրել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ: Լրագրողը լուսանկարել էր ընդդիմադիր գործիչ Լյովա Եղիազարյանին բերման ենթարկելու պահը: Այստեղ ժամանած ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրոսյանին, ինչպես նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբին ոստիկաններն ասել էին, թե իրենց մոտ նման մարդ բերման չի ենթարկվել: Երբ Գագիկ Շամշյանը ներկաներին ցույց էր տվել իր նկարած կադրերը, քրեական հետախուզության բաժանմունքի ղեկավար Տիգրան Մուրադյանը հայհոյելով հարձակվել էր լրագրողի վրա՝ սպառնալով ջարդուփշուր անել ֆոտոխցիկը: ՀՀ ԱԺ պատգամավորները տեղի ունեցածի մասին հայտնեցին բաժնի պետին, որը լրագրողից ներողություն խնդրեց իր ենթակայի գործողությունների համար:
Մարտի 20-ին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը մերժեց «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին □Էրեբունի□ ՔԿՀ-ի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման՝ փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Մարտի 23-ին հրապարակվեց «Առավոտ» «Հայք», «Հրապարակ», «Տարեգիր», «Չորրորդ իշխանություն», «168 ժամ», «Հայկական ժամանակ», «ժամանակ» թերթերի, «Ա1+» հեռուստաընկերության, «Lragir.am» ցանցային հրատարակության ղեկավարների հայտարարությունը, որով կասկածի տակ էր առնվում հիշյալ հանձնաժողովի որոշման օրինականությունը: Մարտի 24-ին հայտարարությանը միացավ նաեւ «Ազգ» թերթը: Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունները մերժվել են 4 անգամ: Նույն հանձնաժողովը «Ժամանակ□ թերթի գլխավոր խմբագրին վաղաժամկետ ազատ արձակեց օգոստոսի 4-ին:
Մարտի 24-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի գործով դատավարությունը: Վերջինս մեղադրվում էր ՀՀ ՔրՕր-ի 343՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը» հոդվածով: Հիշեցնե

Խախտումների տեսակները / Տարեթիվ

Ինչպես արդեն նշեցինք, միջադեպերի (այդ թվում՝ լրագրողների նկատմամբ բռնությունների) առավելագույն քանակություն արձանագրվել է մայիսի 31-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը: