Հարցազրույց

19.01.2010 15:24


Լուսինե Սահակյան

Լուսինե Սահակյան

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ

-Ձեզ համար սպասելի՞ էր դատարանի որոշումը։

-7 տարվա ազատազրկում իհարկե չէի սպասում, առավել ևս, երբ դատարանը 316-րդ հոդվածի 1-ին մասով հռչակեց Նիկոլ Փաշինյանի անմեղությունը, իսկ մեղադրող կողմը 225 հոդվածի 1-ին մասով 6 տարվա ազատազրկում պահանջեց։ Պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները գոնե մեկ տարի պահանջված պատժաչափից ավելի ցածր են տալիս։ Նիկոլ Փաշինյանի պարագայում, փաստորեն, հակառակը եղավ։

-Դատավճիռը բողոքարկելո՞ւ եք։

-Իհարկե, վերաքննիչ դատարանում բողոքարկելու ենք, սակայն հույս չունենք նաև վերաքննիչ դատարանից։ Կբողոքարկենք նաև վճռաբեկ դատարանում։ Սակայն, ցավոք, ճանապարհն էլի մնում է եվրոպական դատարանը։ Փաստորեն, Հայաստանում մենք չենք կարողանում որևէ  խնդիր լուծել, Հայաստանում այնպիսի արդարադատություն չի իրականացվում, որպեսզի ստիպված չլինենք դիմել միջազգային դատարանների։

-Զուտ քաղաքական տեսանկյունից այս վճիռն ի՞նչ էր նշանակում։

-Պատժի տարրեր է պարունակում իր մեջ, դա ակնհայտ է, քանզի այս դատավճիռն այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ։ Ցավոք, դատավորը մնաց իր կայացրած նախկին դատավճիռներին հավատարիմ։ Սակայն պատժաչափը, որ սահմանվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, խոսում է այն մասին, որ  նրա նկատմամբ կա հատուկ վերաբերմունք։

-Դատարանը, սակայն, 316-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչեց Նիկոլ Փաշինյանի անմեղությունը և արդարացրեց նրան։ Ի՞նչ էր դա նշանակում։

-Դերասանություն։ Ձևականություն։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը