Լրահոս

16.12.2010 15:42


Կառավարությունը որոշել է

ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Դրա արդյունքում հնարավոր կլինի ստեղծել կազմակերպության կողմից մեր երկրում իրականացվող նախագծերի իրավական հիմքեր, նպաստել տարաբնույթ համատեղ ծրագրերի կատարմանը։
Գործադիրը լրացրել և փոփոխել է օտարերկրյա պետությունների բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը։ Մասնավորապես, այսուհետև ավելի հստակ ու համակարգված կկազմակերպվի տեղեկատվության փոխանակումը և շահագրգիռ գերատեսչությունների համագործակցությունը։ Կարգ է ներառվել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի վերաբերյալ դրույթը։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել երեք անձի։
Որոշմամբ հաստատվել է Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող վարելահողի մի մասը փոխադրվել այլ կատեգորիա' բնակելի կառուցապատման համար։
Կառավարության որոշումներով երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տրվել Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Հույս և կյանք» ՍՊԸ-ին։
Հիմք ընդունելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքները' ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ գործադիրը որոշել է 2011թ. ապրիլի 25-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 15-ի և սեպտեմբերի 12-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2011թ. ապրիլի 30-ի, օգոստոսի 6-ի, օգոստոսի 20-ի և սեպտեմբերի 17-ի շաբաթ օրերը։

Այս խորագրի վերջին նյութերը