Լրահոս

30.05.2017 18:20


Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել

Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել

Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը նոր մեղադրական եզրակացություն է ընդունել:

Ըստ թուրքական «Ajanshaber.com» լրատվական կայքի՝ մեղադրական եզրակացության մեջ կասկածյալների ցուցակում են հայտնվել գյուլենական շարժման ղեկավար Ֆեթթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի իշխանությունները համարում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնող, Գերմանիայում ապաստանած նախկին դատախազ Զեքերյա Օզը, ով նույնպես մեղադրվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ, ինչպես նաև ժանդարմերիայի մի շարք պաշտոնյաներ: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

14-րդ դատարանը բավարարել է նաև այս նոր եզրակացությունը հիմնական գործին կցելու դատախազության պահանջը:

Ավելի վաղ նույն դատարանը 2 անգամ մերժել էր ընդունել մեղադրական եզրակացությունը դրանում առկա թերությունների պատճառով:

Այսպիսով, 3-րդ փորձից ընդունված եզրակացության մեջ գործով անցնող կասկածյալների զգալի մասը համարվում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված գյուլենական կազմակերպությունների անդամներ:

Այս խորագրի վերջին նյութերը