Լրահոս

16.12.2010 13:03


Տիգրան Կարապետյան. «Մեր հեռուստաընկերության վերաբերյալ որոշումը քաղաքական էր»

Տիգրան Կարապետյան. «Մեր հեռուստաընկերության վերաբերյալ որոշումը քաղաքական էր»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցութային հայտերի վարկանշային քվեարկությունից և լիցենզավորված անձանց ընտրությունից պարզ դարձավ, որ հեռուստաեթերից զրկվել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը թիվ 8 մրցույթում պայքարում էր «Երևան Հեռուստաընկերություն» ՓԲԸ -ի դեմ։ ՀՌԱՀ հանձնաժողովի 8 անդամների քվեարկությամբ «ԱԼՄ»-ը հավաքել էր 32, իսկ  «Երևան TV»-ն՝ 40 միավոր։

Վարկանշային քվեարկությունից  և լիցենզավորված անձանց ընտրությունից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողներին հայտնել է, թե քվեարկության հիմնավորումները 10-օրյա ժամեկտում կներկայացնեն և  հավելել, որ անձամբ իր քվեարկության վրա ներգործել է չափորոշիչներին ավելի համապատասխան լինելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ երբ ՀՌԱՀ նախագահ Գրրիգոր Ամալյանը հայտարարել է, որ մրցույթում «ԱԼՄ» հեռուստաընկերությունը պարտվում է, նրա հիմնադիր Տիգրան Կարապետյանը աղմուկով լքել է դահլիճը։

«7օր»-ի հետ զրույցում «ԱԼՄ Հոլդինգ»-ի հիմադիր Տիգրան Կարապետյանը դատապարտել է ՀՌԱՀ-ի որոշումը՝ այն անվանելով ուղղորդված և քաղաքական։

-Ես ակնհայտ տեսնում էի, որ այդ քվեարկության հետևում ինչ-որ ռեժիսոր կար, որովհետև ամեն ինչ սիմֆոնիկ ձևով նեդաշնակ էր։ Ես համարում եմ, որ մեր հեռուստաընկերության և «Ա1+»-ի  վերաբերյալ քաղաքական որոշում է եղել։ Ես դատապարտում եմ այդ որոշումը,-ընդգծել է նա։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ինքն ամեն ձևով պայքարելու է այս որշման դեմ։

-Իհարկե, ո՛չ «ստոյկա» եմ տալու, ո՛չ եսիմ ինչ եմ անելու, բայց ես քաղաքական պայքար եմ տանելու։ Առաջինը՝ դիմելու եմ դատարան՝ բոլոր ատյանները, մինչև Եվրադատարան։ Իսկ մնացածը մեր կուսակցության խորհրդում կորոշենք, թե ինչպես ենք անելու,-եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը