Հարցազրույց

18.01.2010 17:28


Կարինե Խոդիկյան

Կարինե Խոդիկյան

Հարցազրույց գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ

-ՀՀ մի շարք պաշտոնյաներ և քաղաքագետներ պնդում են, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերջնաժամկետը 2010թ. ապրիլի 24-ն է։ Դո՞ւք ինչ եք կանխատեսում։

-Եթե նկատի ունենանք, որ առջևում ապրիլի 24-ն է, և ԱՄՆ նախագահի առջև հերթական անգամ հառնում է «ցեղասպանություն» բառն ասելու անհրաժեշտությունը և պարտավորությունը, ապա կարծում եմ՝ հնարավոր է, որ ապրիլի 23-ին կամ գուցե նաև դրանից առաջ, և հնարավոր է, որ գիշերը (գիշերային դիվանագիտությունը մեզ մոտ ավանդական դառնալու հավակնություն ունի) ինչ-որ մի քայլ արվի, մի բան ստորագրվի, որպեսզի «ցեղասպանություն» բառը չասվի։ Ամենավառ երևակայությանս դեպքում անգամ չեմ կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ը հանկարծ սկսի Ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Ինչ վերաբերում է ավելի դրական տեղաշարժերին, որովհետև վերոնշյալը պարտադրված քաղաքական քայլ է, ապա ես դրանք էլ չեմ տեսնում։ Առաջին օրվանից չեմ հավատացել սահմանի բացմանը. եթե նույնիսկ սահմանը բաց տեսնեմ, էլի չեմ հավատա, որովհետև լավ իմանալով թուրքական դիվանագիտությունը՝ շատ հնարավոր է, որ մի շաբաթ կամ մեկ ամիս հետո հերթական պատճառով այդ սահմանը փակվի, առավել ևս, որ նրանք շատ ազնիվ են եղել ու հենց առաջին օրվանից ասել են, որ չեն տեսնում հայ-թուրքական հարաբերության բարելավում առանց ղարաբաղյան հիմնահարցում կոնկրետ քայլերի և լուծման։ Եթե այս իշխանությունները հանկարծ կատարեն թուրքական կողմի նախապայմանները, ապա դա կնշանակի մեր պետականության, ազգային ոգու և այլնի անկման կամ ավարտի սկիզբ։

-Հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ-ի խնդրի կարգավորման փոխկապակցվածությունն ակնհայտ է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ հեռանկար է սպասվում ԼՂ-ի հարցում։

-Տարին սկսվեց բավական ակտիվ։ Բոլորն ասում էին, որ ոչ մի կապ չկա, և մնում է կողքից լավ ծիծաղես այդ անկապ բացատրության վրա։ Էրդողանը գնում է Մոսկվա, Լավրովը գալիս է Երևան, Սերժ Սարգսյանն է գնում Մոսկվա, ամսվա վերջում պետք է հանդիպում լինի։ Սա միայն մեկ բան է նշանակում, որ ղարաբաղյան հարցի լուծման ինչ-որ տարբերակներ կան, կամ ինչ-որ քայլեր պետք է արվեն։ Դառը փորձը և հայկական ճակատագրի իմացությունն ինձ հուշում են (հաշվի առնելով նաև 2 տարի իրականացվող արտաքին քաղքականությունը և ֆուտբոլային դիվանագիտությունը), որ լավ բան չի սպասվում։ Ես խոսում եմ որպես գրող և նաև գրողի իմ բնազդն է հուշում, որ սարսափելի վտանգ կա։ Բայց նաև ասեմ, որ 2 օր առաջ կարդացի Արկադի Տեր-Թադևոսյանի հարցազրույցը և հասկացա, որ եթե ես գրողի իմ բնազդով եմ այդ ահռելի սարսափը զգում, ապա այդ զորավար մարդու մոտ, ով պայքարել և հաղթել է արցախյան ազտամարտում, նույնպես այդ տագնապը կա։ Ահռելի վտանգ է կախված մեզ վրա։ Ես ուզում եմ մնալ այն մարդը, որ պարզապես կմտածի, որ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած մարդն ով էլ որ լինի, այդպես հեշտ ու հանգիստ տարածք չի տա։ Մենք աշխարհում խայտառակ կլինենք, որովհետև որևէ ազգ այսպիսի նախաձեռնությամբ, այդպես իրեն պատեպատ տալով, ամեն ինչի գնալով հաղթանակած ու ազատագրած իր տարածքները չի հանձնում թշնամուն։ Եթե մենք ուզում ենք մարդկության պատմության մեջ առաջինը դառնալ, կամ այդպիսի խնդիր է դրած ոմանց առաջ, դա իրենց գործն է։

Ճնշումներ լինելու են Հայաստանի և, բնականաբար, Ադրբեջանի վրա։ Նայած, թե այդ ճնշումներն ում վրա ինչպես կազդեն։ Ադրբեջանին ինչքան էլ ճնշեն, արդեն կան մադրիդյան և մայնդորֆյան փաստաթղթերը։ Նրանք իրենց, համենայնդեպս, 5 տարածքի տեր արդեն զգում են։ Այսինքն, մինիմում 5 տարածքի խնդիր է դրված սեղանին։ Կա երկու ճանապարհ՝ եթե նեղ անձնական խնդիրներից ելնելով՝ այդ դավաճանական թղթի տակ ստորագրեն, դա մեր երկրում կարող է առաջացնել ֆորսմաժորային իրավիճակ։ Կամ էլ պետք է դիամգրավել։ Ես նույնիսկ ցանկանում եմ դիվանագիտական այսպիսի ճկունություն, հնարամտություն՝ ժամանակավոր հեռացնել, մինչև տեսնենք՝ գլխներիս ինչ է գալիս։ Բոլոր դեպքերում տագնապը կա։ Բայց եթե ես անվերապահ ասեմ, որ Սերժ Սարգսյանը կստորագրի այս փաստաթղթի տակ, նշանակում է, որ առաջին հերթին ինքնասպանվում եմ ես ինքս, որովհետև մարդկային հավատի ինչ-որ մի փշուր իմ մեջ մնացել է։ Միայն դա է ինձ փրկում ասելիքի վերջնական ցավից և այսպիսի բայղուշությունից։

-Երկու դեպքում էլ՝ և՛ եթե ԼՂ-ի հարցում ՀՀ-ն գնա զիջումների, և՛ եթե չգնա, ներքաղաքական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։

-Եթե ԼՂ-ի հարցում չգնան զիջումների, ապա հաստատ կարող եմ ասել, որ մինչև 2012-ը, քանի որ Սերժ Սարգսյանը 2 տարի նաև կարողացավ շատ բաների դիմագրավել ու շատ բաներ մարսել հենց արտաքին քաղաքականության ռևերանսներով, երկրում վիճակը բավական կամրանա, և այդ ժամանակ ինքը խնդիրներ կունենա արտաքին աշխարհի հետ։

-Այսինքն, եթե զիջումներ չլինեն, ներքաղաքական զարգացումները կգնան մինչև 2012թ. համապետական ընտրություննե՞ր։

-Այն մասով, որ վերաբերում է Ղարաբաղին։ Ընդդիմությունն այսօր շատ է խոսում լճացման վիճակից։ Իսկապես այսօր այդ լճացումը կա։ Երբ տանը կռիվ է լինում, բայց հանկարծ երբ դրսից ինչ-որ մի թշնամական հարված է գալիս քո տան վրա, տնեցիները համախմբվում են, բոլոր ձայները լռում են, որովհետև դրսի այդ հարվածն ուժեղ է։ Երբ դրսի հարվածը ժամանակավոր հեռանա, գուցե այն ժամանակ ընդդիմությունն արդեն սոցիալական արդարության, ավազակապետության, միջին խավի ստեղծման բոլոր կոչերը (ի դեպ, ես չեմ կոնկրետացնում. ընդդիմությունն ինձ համար այն է, որն այդ խնդիրներն առաջ կքաշի) առաջ բերի, և էլի հնարավոր է ֆորսմաժորային իրավիճակ։

Իսկ եթե Ղարաբաղի տարածքների վերադարձման խնդիր լինի, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հասարակության ակտիվությունը։ Այստեղ կա և՛ ցավը, և՛ իրատեսությունը, բայց նաև գիտեմ հայի համբերությունը, որ դանակը հասնում է ոսկորին, գիտեմ, որ հայի ոգին դեռ կոտրված չէ։ Եթե նման խնդիր լինի, ինձ համար պարզ է, որ ազգի արմատը պահող ողնաշարը չի կոտրվի, և այդ ժամանակ արդեն այս իշխանությունները խնդիրներ կունենան երկրի ներսում։ Մենք մեր աչքերի առաջ պետք է  ունենանք նաև պատերազմը, որովհետև եթե չես պատրաստվում պատերազմի, ուրեմն պատրաստվիր պարտության։ Ջայլամի պես գլուխներս ասֆալտի մեջ չխոթենք. կա՛ պատերազմի վտանգ, և մենք ինքներս արագացրինք այդ վտանգը։ Վերջին ժամանակներում ոմանք, քիչ է մնում, նույնիսկ ոսկեգույն եզրով մատուցարանի վրա Ղարաբաղը տան։ Կա՛ն այդպիսի «ուժեղ» նժդեհականներ։ Այդ սերմանված տրամադրությունները պատերազմի վտանգը շատ են մոտեցրել։ Երկրի ղեկավարը, տեսնելով իր երկրի թշվառ վիճակը՝ տնտեսությունը, հասարակության անհարդուժողականությունը կիսված, իրար ատող, թշնաբար իրար նայող, մեկը մեկի «տունը քանդող», մարտի 1 ունեցող, չպետք է գնար դարավոր թշնամու՝ թուրքերի հետ հարցեր լուծելու, սահման բացելու, երբ ղեկավարի և ժողովրդի միջև սահմանը փակված է։ Եվ չեն գնում ղարաբաղյան հանգուցալուծման այնպիսի իրավիճակում, երբ թույլ ես։ Մենք այսօր շատ թույլ ենք բոլոր առումներով, և այդ պատերազմը, որ կարող է լինել, ես սարսափում եմ մտածել, որ կարող է մեզ համար դառնալ վերջին ճակատամատը, որ գնանք, ապացուցենք այն ապացուցելին, որ ի սկզբանե բոլորս գիտեինք։

-Հայ ազգային կոնգրեսը 2008-ին ունեցած իր ներուժն այսօր պահպանե՞լ է։

-Ասածս նույն չափով վերագրեք նաև Կոնգրեսին։ Հասարակության մեջ դժգոհությունը չի պակասել։ Մարտի 1-ից հետո գումարվել են անարդարություններն ու անօրինությունները, որոնք միայն ավելացրել են իշխող վարչակարգի պատասխանատվության չափը։ Այսինքն, հասարակությունն իր դժգոհության չափը չի փոքրացրել. ընդհակառակը՝ Կոնգրեսն առայժմ գտնվում է սպասողական, վտանգի, տագնապի զգացողության առաջ։ Եթե զիջումների չգնան, և ղարաբաղյան ու հայ-թուրքական հարցերը սառեցվեն, այդ ժամանակ Կոնգրեսը կամ մեկ այլ ուժ, որ կառաջանա Կոնգրեսի մեջ կամ Կոնգրեսից դուրս և իր առաջ կդնի երկիրը երկիր դարձնելու խնդիրը, նա էլ կհաղթի։ Իսկ եթե չանի, կգնա լճացումով, բարոյալքումով, ավելի մեծ անկումներով հոգևոր, տնտեսական, քաղաքական դաշտում, քաղբանտարկյալները կդառնան մեր կյանքի մշտական ուղեկիցը, ջահելներին ծեծելը կդառնա հայ ժողովրդի բարի ավանդույթ։ Այդպես մինչև 2010-ն էլ կգնանք, 2022-ն էլ, 2032-ն էլ։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը