Լրահոս

20.05.2017 11:16


Աղձք գյուղի պեղավայրում հնագետները վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են հայտնաբերել

Աղձք գյուղի պեղավայրում հնագետները վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրում հնագետներն այս տարի վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են պեղել: «Արմենպրես»-ի հետ զրուցում Աղձքի հնավայրի արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանն ասաց, որ արձանագրությունները վերծանման փուլում են: «Վաղ միջնադարյան արձանագիր տապանաքարեր մենք ընդհանրապես չենք ունեցել»,-ասաց նա:

Հնագետի խոսքով` պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը մինչև աշուն հուշարձանի տարածքում պեղման-մաքրման աշխատանքներ կիրականացնի:

«Մենք ակնկալում ենք այդ տարածքում վաղ միջնադարյան մոնումենտալ կառույցներ հայտնաբերել»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվելու է Աղձքը Հայաստանի ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկը դարձնելու համար:

Դեռ անցյալ տարի նոյեմբերին Աղձքի հնավայրում բացվեց Աղձքի արշավախմբի կողմից պեղված երեք մասունքատուփ-սնդուկներից ամենամեծը, որտեղ հայտնաբերվեցին հայոց արքաների մասունքներ:

Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։

Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան 364 թվականին գրավելով Անի-Կամախը՝ փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ՝ մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաև նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն ու դրանք հողին հանձնել Աղձքում։

Այս խորագրի վերջին նյութերը