Լրահոս

19.05.2017 12:55


Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Այս տարի մայիսի 20-ին, ժամը 18:00-ից Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում «Էրեբունի» թանգարանը հանդես կգա «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո՝ ներկայացնելով Վան քաղաքի մշակութային ժառանգությունը, որն այսօր, ցավոք, մեզ չի պատկանում:

Արգելոց-թանգարանի Գիշերվա այցելուները մինչև կեսգիշեր հնարավորություն կունենան բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Վան. կորուսյալ մայրաքաղաք» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց առաջին մայրաքաղաք Վանին: Թանգարանին կից բացօթյա սրահում կլինեն Վանի հնագիտական ժառանգության վերաբերյալ դասախոսություններ: Իրիկնամուտին Էրեբունի թանգարանի դիմացի հարթակում ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնի սաները հանդես կգան երաժշտական ու պարային կատարումներով, նաև կցուցադրեն Վանի ազգային տարազը: Այնուհետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոստան» ազգագրական երգի ու պարի համույթը 1 ժամ շարունակ այցելուներին կներկայցնի Վանի ժողովրդական երգ ու պարի, ծեսերի գեղեցիկ բեմադրություններ:

Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կեզրափակվի կեսգիշերին՝ «Էրեբունի» միջնաբերդում զբոսնելով:

«Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2017թ. կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Այս խորագրի վերջին նյութերը