Լրահոս

15.12.2010 17:17


Կոնկրետ քրեական գործեր չեն քննարկվել

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը Վաշինգտոնում կազմակերպված «Միացյալ ուժերով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը գլոբալ դաշինքի միջոցով» խորագրով խորհրդաժողովին:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելով համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր է գնահատվել ձեւավորված համագործակցության դրական փորձը եւ համաձայնություն ձեռք բերվել զարգացնելու այն՝ քննարկելով համագործակցության իրավական մեխանիզմների՝ մասնավորապես երկկողմանի հուշագրի ստորագրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքային հանդիպում է ունեցել նաեւ Համաշխարհային բանկի փոխնախագահ Լեոնարդ Մաքքարթիի հետ, որի ընթացքում նախանշվել են համագործակցությունը զարգացնելու ուղղությունները, որոնք կքննարկվեն 2011 թվականի գարնանը՝ ՀԲ-ի փոխնախագահի՝ Երեւան կատարելիք այցի ժամանակ:

Միաժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ 14.12.10թ նույնաբովանդակ պատասխան է ուղարկվել նաեւ նույն օրը «Հայկական ժամանակ» օրաթերթից գլխավոր դատախազությունում ստացված գրավոր հարցմանը, ինչը թերթում տպագրվել է կրճատված:

Ուստիեւ պարզաբանում ենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում կոնկրետ քրեական գործեր չեն քննարկվել, այլ՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը եւ դրա համար իրավական մեխանիզմների ձեւավորման հնարավորությանը վերաբերող հարցեր՝ զարգացնելու արդարադատության հաստատման բնագավառում համագործակցության ուղղությունները: Ինչ վերաբերում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային եւ բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործին, ապա տեղեկացնում ենք, որ այդ գործով առ այսօր Հայաստանի դատախազությունը իրավական փոխօգնության վերաբերյալ միջնորդագիր, հարցում չի ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը