Տնտեսական

15.12.2010 15:06


Նոր իրավասություններ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին

Նոր իրավասություններ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին

ՀՀ Ազգային ժողովի արտակարգ նիստի օրակարգում դեկտեմբերի 15-ին քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, որը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը:

Նա նշել է, որ օրենքով նախատեսվում է պատժամիջոցների խստացում, հանձնաժողովի վերահսկողական կարողությունների ուժեղացում, ինչպես նաև սահմանվել է տուգանքների ստորին և վերին շեմ և այլն:

Իր ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը նշել է, որ բոլոր քաղաքակիրթ պետություններում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը համարվում է ամենախիստ կառույցը, քանի  որ տնտեսական ազատ մրցակցությունը երկրում բազմաթիվ հարցեր է լուծում:

Ներկա օրենքում հանձնաժողովի կողմից տուգանքների ինստիտուտը, նրա խոսքերով, շատ սիմվոլիկ բնույթ է կրում:

-Տնտեսական դաշտում շրջանառության մեջ մասնակցող կողմերը կարող են խախտումներ թույլ տալ, որոնց արդյունքում կապահովեն գերշահույթներ, բայց սիմվոլիկ մի 500 հազար դրամով են տուգանվել, որի պարագայում ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է միլիոնների գերշահույթների պարագայում 500 հազար շատ հեշտությամբ և ուրախությամբ տալ,- ընդգծել է Վարդան Բոստանջյանը և հավելել, որ այդ առումով ևս կան փոփոխություններ, որոնց համաձայն տուգանքների ռեժիմը խստացվում է' հասնելով մինչև 2մլն-ի: Այդ գումարը, սակայն, ըստ Վ.Բոստանջյանի ևս քիչ է:

Նա նշել է նաև, որ գործող օրենքում բացակայում են հանձնաժողովի կողմից օրենքի խախտումներ հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում դրանք ապացուցելու լիարժեք մեխանիզմներ:

-Այլ երկրներում այս կառույցից, պատկերավոր ասեմ, վախենում են բոլորը, ընդհուպ' տվյալ երկրների նախագահները: Ուզում եմ ասեմ, սա շատ ուժեղ կառույց է և այս կառույցին պետք է այնպիսի իրավունքներ վերապահել, ինչպիսիք չեն վերապահվում հարկային, մաքսային, ուժային մարմիններին, որոնք սուբյեկտիվ գործոններից նաև ելնելով ցանկանում են ուզուրպացնել նման իրավասությունները,- նշել է Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքերով տնտեսական մրցակցության պաշտպանության ինստիտուտը ՀՀ-ում ամփոփվում է չորս ինստիտուտով' գերիշխող դիրք, հակամրցակցային, համակենտրոնացման ինստիտուտ և անբարեխիղճ մրցակցություն:

Վարդան Բոստանջյանը նշել է նաև, որ օրենքում սահմանված է, որ շուկայում 1/3 իրացման ծավալներ ունեցողները համարվում են գերիշխող դիրք ունեցողներ, սակայն օրինագծում կա նաև շուկայական իշխանություն կատեգորիան, որը շատ կարևոր է.

-Ենթադրենք այնպես ստացվի, որ գործեր կաուչուկի Նաիրիտ գործարանը: Պարզ է, որ Հայաստանում երկու հատ չէր լինելու և նա գերիշխող դիրք էր ունենալու թե ներքին, թե արտաքին շուկայում: Նման գերիշխող դիրքերը տվյալ երկրի համար, ըստ էության վատ բան չեն, բայց տնտեսվարող սուբյեկտներն ունեն շուկայական իշխանություն: Առաջին հերթին սա պետք է բացահայտել: Նոր փոփոխություններով սահմանվում են այսպիսի մոտեցումներ,- ընդգծել է նա և հավելել, որ պետք է սահմանել հստակ կարգ շուկայական իշխանություն ունենալու վերաբերյալ:

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը