Լրահոս

15.12.2010 15:00


Տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ լիագումար նիստը

Դեկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն ասոցիացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել  բանակցությունների 3-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին, արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ տարին  աննախադեպ էր Հայաստան- Եվրոպական միություն բարձրաստիճան փոխայցելություններով, քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, նաեւ' դրանց բովանդակային առումով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ արձանագրեց, որ այս տարվա հուլիսին բանակցությունների մեկնարկից ի վեր, դրանք վարվել են 14 ուղղություններով, որոնցից բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են 9-ը, մնացած ուղղություններով քննարկումները շարունակվում են եւ ակնկալվում է քննարկումներ սկսել եւս 10 ոլորտների շուրջ:  

Զրույցի ընթացքում ամփոփվեցին վերջերս կայացած  Հայաստան - ԵՄ խորհրդի 11-ի նիստի, ինչպես նաեւ երկու օր առաջ Արեւելյան Գործընկերության նախարարական հանդիպման արդյունքները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հաջորդ տարվա մայիսի 27-ին Բուդապեշտում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: 

Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը հանգամանալից քննարկեցին անցնող տարում համագործակցության նոր ձեւաչափի շրջանակներում կատարված աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Նույն օրը ԱԳՆ-ում Հայաստանի արտգործնախարարի կողմից բացվեց Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ լիագումար նիստը, որին մասնակցում էին Հայաստանի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ Եվրոպական տարբեր կառույցների պաշտոնյաներ, Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններ:

Այս խորագրի վերջին նյութերը