Լրահոս

15.12.2010 14:57


Orange-ը շահագործման է հանձնում Հայաստանում առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով

Orange-ը շահագործման է հանձնում Հայաստանում առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով

Orange-ը շահագործման է հանձնում Հայաստանում շարժական կապի առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով: Հայաստանի առաջին ամբողջովին « արևային » բազային կայանը գտնվում է Սյունիքի մարզում' Լիճք գյուղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, Քաջարան-Մեղրի մայրուղուց ոչ հեռու:

Կայանը չունի սնուցման այլընտրանքային տարբերակ և ի տարբերություն այլ կայանների' չի սնվում ոչ էլեկտրական ցանցից և ոչ էլ վառելիքով: Արևային սնուցմամբ աշխատող կայանը էկոլոգիապես մաքուր է ու խնայում է ոչ միայն էլեկտրաէներգիան և բացառում դրա հետ կապված ծախսերը, այլ նաև ամբողջովին ինքնուրույն է կառավարվում և կարող է կառուցվել նույնիսկ ենթակառուցվածքներից, մասնավորապես' էլեկտրական էներգիայի աղբյուրներից հեռու գտնվող վայրերում:

Կայանի կառուցման գործում Orange-ը համագործակցել է ֆրանսիական Tenesol կազ­մակերպության հետ: Orange-ի «արևային ծրագիրը» մեկնարկել է 2007 թ.-ին Սենեգալում Ժան-Մարի Գարսիայի' Orange Արմենիայի ներկայիս տեխնիկական տնօրենի ղեկավարությամբ: Orange-ի 13 երկրներում մինչ օրս կառուցվել և գործում են մոտ 900 «արևային» կայաններ:

« էներգիայի այլընտրանքային վերականգնվող աղբյուրների օգտագործման խթանումն Orange-ի կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է ողջ աշխարհում: Այս կայանը հեռահաղորդակցության և արևային էներգիայի ամենաարդիական տեխնոլոգիաների համակցումն է և առաջին «արևային» կայանն է Հայաստանում, որը լիովին անկախ է էներգիայի այլ աղբյուրներից : Orange-ի «արևային ծրագրի» նպատակն է նա­­խագծել և շահագործել ինժեներական նորարար այնպիսի լուծումներ, որոնք նպաստում են կայուն զարգացմանը և տեխնոլոգիական նորարարությունը ծառայեցնում բնապահպանական խնդիրների երկարատեւ լուծմանը», ասաց Orange-ի Տեխնիկական գծով տնօրեն Ժան-Մարի Գարսիան:

Ըստ հաշվարկների' յուրաքանչյուր արևային բազային կայան թույլ է տալու տարեկան խնայել առնվազն 35 տոննա CO2 և 13,000 լիտր վառելիք:

Արևային բազային կայանների կառուցումը Orange-ի' շատ ավելի ընդարձակ « կանաչ »  ռազմավարության կարևորագույն և խորհրդանշական մասն է, որի նպատակն է մինչև 2020թ. կրճատել ընկերության կողմից CO2-ի արտանետումները 20%-ով, իսկ էներգիայի օգտագործումը' 15%-ով:

« Կայանը սնվում է բացառապես արևի էներգիայով, իսկ համակարգը կառուցված է այնպես, որ այն մառախուղի կամ ձյան ժամանակ կարող է ինքնուրույն գործել մինչև 5 օր: Կայանը նաև չի պահանջում սպասարկման կամ շահագործման ոչ մի առանձին ջանք կամ ներդրում' բացառությամբ ժամկետանց կուտակիչ մարտկոցների փոխարինումը նորերով յուրաքանչյուր 5-7 տարին մեկ անգամ», ասաց Հայաստանում «արևային» նախագծի ղեկավար Վահագն Եղոյանը:

Orange և Tenesol ընկերությունները «արևային» նախագծի համար 2010թ. պարգևատրվել են « Նորարարություն կանաչ էներգիայի համար» մրցանակով'  հեռահաղորդակցության ոլորտում նորարարությունների ամենահեղինակավոր Global Telecoms Business Innovation Awards մրցանակաբաշ­­խությանը:

Այս խորագրի վերջին նյութերը