Լրահոս

13.05.2017 09:59


Վյաչեսլավ Զայցև. «Հայկական խոհանոցը փորձություն է կազմվածքի համար»

Վյաչեսլավ Զայցև. «Հայկական խոհանոցը փորձություն է կազմվածքի համար»

Համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ-դիզայներ, ռուսական նորաձևության ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցևը կարծում է, որ Հայաստանում նորաձևության հետ կապված խնդիր չկա:

«Հրաշալի նորաձևություն ունեք: Ես ամսագիրը թերթեցի, տեսա մոդելներին, ինձ շատ դուր եկան»,- Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց նա:

Զայցևը ճիշտ է համարում այն, որ հայ դիզայներներն իրենց ստեղծած հագուստներում օգտագործում են նաև ազգային նախշերը: Sputnik Արմենիայի հարցին, թե էթնիկ տարրերն ապագայում կարո՞ղ են նորաձևության միտում դառնալ, Զայցևը նշեց՝ յուրաքանչյուր նկարչի յուրօրինակությունն արտահայտվում է այն ժամանակ, երբ նա պատճենում է ազգային հագուստը: «Պարզապես պատճենելը ձանձրացնող է և անհետաքրքիր… Ազգային հագուստից լավը չկա, այն հորինելը շատ բարդ գործ է: Ազգային հագուստը պետք է հիմք լինի, իսկ լուծումները՝ բոլորովին այլ բան: Հատկապես կարևոր է կտորի ընտրությունը, որը պետք է ընդգծի նկարչի յուրօրինակությունը»,- ասաց Զայցևը:

Իսկ գեղեցիկ ու նորաձև լինելու համար դիզայները խորհուրդ է տալիս հետևել սեփական կազմվածքին: «Թեև դուք հրաշալի խոհանոց ունեք, դժվար է կանգ առնել ու հետևել կազմվածքին: Ես ինձ վրա զգացի դա: Ամեն ինչ շատ համեղ է»,- խոստովանեց դիզայները:

Հետո ավելացրեց, որ իրեն շատ է դուր եկել Երևանը: «Գեղեցիկ քաղաք է՝ հրաշալի մարդկանցով ու գեղեցիկ ճարտարապետությամբ, հետաքրքիր եկեղեցիներ տեսա»,- ասաց նա:

Ըստ Զայցևի՝ Երևանում անցկացրած ժամանակն անչափ հագեցած է եղել: Նշենք, որ մայիսի 12-14-ը Երևանում «Նորաձևության շաբաթ» է կազմակերպվել, որն անցկացվում է Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով: Նորաձևության երևանյան շաբաթը բացել է Վյաչեսլավ Զայցևը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը