Լրահոս

15.12.2010 12:54


ԱԺ-ն աշխատանքները սկսեց հերթական ընդմիջումով, ՀՅԴ-ն էլ եկավ, գնաց

ԱԺ-ն աշխատանքները սկսեց հերթական ընդմիջումով, ՀՅԴ-ն էլ եկավ, գնաց

Դեկտեմբերի 15-ին իր աշխատանքներն է շարունակել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Վարման կարգով ելույթ է ունեցել ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա նշել է' երեկ իրենք հայտարարել էին, որ չեն մասնակցելու արտահերթ նստաշրջանի աշխատանքների թե' քննարկումներին, թե' քվեարկություններին' բացատրելով, թե ինչու: Իրենց բացատրույթունները, ըստ Վ.Հովհաննիսյանի հաստատվել են, քանի որ երեկ իրենք առաջարկություններ էին ուղարկել Պետական գնումների մասին օրենքի վերաբերյալ, որոնք սակայն մերժվել են:

-Կարելի էր այդպես էլ ակնկալել, քանի որ մի քանի ժամվա մեջ կառավարությունը չէր կարող դա լուրջ քննարկել: Սակայն, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահից որովհետև նա երեկ հրավիրեց բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին, հասկանալու համար այս ներկայացված հսկայական փաթեթների մեջ որտեղ կան խնդիրներ: Չգիտեմ ինչպես մնացած խմբակցությունները, բայց մեր խմբակցությունը երեկ ամբողջ օրն աշխատեց և երեկ երեկոյան ներկայացրեց մի փաթեթ' մի մասը, որտեղ արդեն առաջարկներ ունենք, մի մասը, որտեղ ոչ մի առաջար հնարավոր չէ անել, որովհետև հնարավոր չէ կարդալ այդ ամենը, բայց որտեղ ենք խնդիրներ տեսնում,- ասել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ Կառավարությունն իրենց տեղեկությամբ համաձայնվել է որոշ դեպքերում երկրորդ ընթերցումները հետ քաշել արտահերթ նստաշրջանի օրակարգից:

Նա նաև նշել է, որ դա, իհարկե, փոխում է իրավիճակը, բայց դեռ պետք է տեսնել, քանի որ կառավարության և ԱԺ-ի միջև բանակցությունները դեռ շարունակվում են:

Ի դեպ, չնայած վարման կարգի համար հատկացված ժամանակն ավարտվել էր, սակայն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վահան Հովհաննիսյանին չէր ընդհատում: Իսկ շարունակելով նրա խոսքը' Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ստացել է ՀՅԴ խմբակցության առաջարկություններն ու մտահոգությունները' գրավոր, և փոխանցել է կառավարության համապատասխան ներկայացուցչին.

-Այսօր իրենք գրավոր կպատասխանեն ՀՅԴ-ին:

Վարման կարգով ելույթ է ունեցել նաև « Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և նշել, որ անթույլատրելի ձևով բերված օրենքները քննարկվել են, սակայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանվածության մասին» ՀՀ օրենքը խախտել է ողջ ընթացակարգը: Մասնավորապես, օրինագծի վերամշակված տարբերակ է ներկայացվել հանձնաժողովի քննարկելուց հետո, իսկ այդպիսի ընթացակարգ չկա: Այլ օրինագծերը ևս, նրա խոսքերով ահավոր վիճակում են եղել:

-Ես համաձայն եմ, որ եթե մտահոգություններ ունեն իմ գործընկերները, պատգամավորները, ես կստեղծեմ, կազմակերպչական բոլոր գործառույթները կիրականացնեմ, կհրավիրեմ կառավարության յուրաքանչյուր անդամի, որը պատասխանատու է հարցի համար և կփորձենք, որ իմ բոլոր գործընկերներին նրանք պատասխան տան,- արձագանքել է Հովիկ Աբրահամյանը' նշելով, որ ինքը դեմ է որևէ օրենք կոծկելուն:

Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ ինքը երեկ դիմել է ԱԺ նախագահությանը, որպեսզի վերոնշյալ օրինագծի քվեարկությունը չկազմակերպվի, սակայն պատասխան չի ստացել.

-Դրա համար խնդրում եմ 20 րոպե ընդմիջում խմբակցության անունից:

Հովիկ Աբրահամյանը ընդմիջում է հայտարարել: Այդ ընթացքում նա ԱԺ դահլիճում «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ Հովիկ Աբրահամյանը վրդովված ինչ-որ բան է քննարկել: Ընդմիջումից հետո «Ժառանգությունը» հայտարարել է, որ չի մասնակցելու « Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանվածության մասին» ՀՀ օրենքի քվեարկությանը և մյուս պատգամավորներին կոչ է արել նույն կերպ վարվել: Օրինագիծը, այդուհանդերձ, ընդունվել է:  

Ի դեպ, ընդմիջումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավորներն այդպես էլ չեն վերադարձել դահլիճ:  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը