Լրահոս

10.05.2017 12:33


Այսօր առավոտյան զինծառայող է մահացել՝ զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին

Այսօր առավոտյան զինծառայող է մահացել՝ զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մայիսի 10-ի առավոտյան ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի (ծնված 1997թ., Էջմիածնի զ/կ) ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:

Նշվում է, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը