Լրահոս

04.12.2010 13:58


ՀԺԿ համագումարը և «Հակոբ Լևոնի Տեր-Պետրոսյանը»

ՀԺԿ համագումարը և «Հակոբ Լևոնի Տեր-Պետրոսյանը»

Այսօր հրավիրված ՀԺԿ 7-րդ համագումարում «Ժողովրդական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանն իր ելույթի ժամանակ լեզվի սայթաքում է ունեցել և Լևոն Տեր-Պետրոսյան ասելու փոխարեն հայտարարել է՝ Հայաստանում երկու մարդ է ժողովրդին իր հետևից տարել, դրանցից մեկը Ստեփան Կարենի Դեմիրճյանն է, իսկ մյուսը՝ Հակոբ Լևոնի Տեր-Պետրոսյանը:

Վ. Գրիգորյանի այս արտահայտությունը ծիծաղ է առաջացրել ներկաների, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ։

Համագումարի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և ընդգծել է, որ չեն կատարվել 2008թ. մարտյան իրադարձությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված ԵԽ բանաձևերը:

-Փակված չէ նաև հոկտեմբերի 27-ի էջը: Չլիներ քսանյոթը, չէր լինի մարտի 1-ը,-ասել է նա:

Ս. Դեմիրճյանը նաև նշել է, որ քրեաօլիգարխիկ համակարգը խոչընդոտում է երկրի զարգացումը, խորանում է սոցիալական բևեռացումը, մոտ մեկ միլիոն մարդ այսօր սոված է, տնտեսական ռեսուրսները կենտրոնացած են մի խումբ մարդկանց ձեռքին, կոռուպցիայի դեմ պայքարը չի սկսվել իշխանական բուրգից, գյուղացին զրկված է պետական աջակցությունից և այլն։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա, ըստ ՀԺԿ նախագահի, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ընդունված ոչ հայանպաստ բանաձևերը ցույց են տալիս, որ այդտեղ տանուլ ենք տվել, և Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումները Ղարաբաղի մասով ավելացել են:

Իսկ թե ի՞նչ շահեց Հայաստանը հայ-թուրքական արձանագրություններից, Ս. Դեմիրճյանի խոսքերով՝ հայտնի չէ, սակայն  Թուրքիան ֆուտբոլային դիվանագիտության մեջ ակտիվորեն ներգրավեց ղարաբաղյան հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը