Լրահոս

05.05.2017 17:40


Լեջանի գյուղապետը նաև դիվահարություն է բուժում

Լեջանի գյուղապետը նաև դիվահարություն է բուժում

Արմեն Մկրտչյանի խոսքով, դևերի դեմ կռիվն այսօր Լեջանում ավելի հեշտ է, քան տարեկան ընդամենը 20 միլիոն դրամ բյուջեով տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելը։

Լոռու մարզի Լեջան համայնքի ղեկավար Արմեն Մկրտչյանն ասում է՝ գյուղապետի պարտականությունները կատարելուց բացի, այլ գործ էլ է անում․ դիվահարություն բուժելու հատուկ հմտություններ ունի:

Դևերի ու սատանաների գոյությանը հավատացող գյուղապետը պատմում է, որ իր պապից է սովորել «դևին բռնել»: «Եթե դիվահարություն ա արդեն, դևը ի հայտ ա եկել, դևին էլ ենք բռնում, կապում ու ոչնչացնում, ու հիվանդը բուժված գնում ա»,- ասում է Լեջանի գյուղապետը, նաև նկարագրելով դևի տեսքը․ «Կարա մարդու դեմքով ըլի, գլխին պոզեր ըլի, մարմինն ուրիշ բան ըլի, ձեռուոտն ուրիշ բան ըլի։ Կամ խառը, հակառակը»։

Հարցին, մեր միջավայրում իսկապես դևե՞ր կան, պատասխանում է․ «Դե դա գիտե՞ք ինչպես, մի քիչ ճիշտ չի ըլի, բայց համեմատեմ էս կերպ։ Հիմա մարդիկ որ ասում են Աստված կա, մարդ էլ կա, ասում ա՝ մինչև չտենամ, չեմ հավատա։ Բայց մենք բոլորս հավատում ենք Աստծուն, չէ՞։ Նույնն էլ դևերի գոյությունն ա՝ մարդ կա հավատում ա, մարդ կա՝ չի հավատում։ Բայց դիվահարությունը գոյություն ունի»։

Լեջանի գյուղապետը չմանրամասնեց՝ ինչպես է բռնում, կապում ու ոչնչացնում դևերին ու դրանցից ազատում հիվանդներին․ «Դե դուք իմ լրիվ գաղտնիքներն ուզում եք իմանաք արդեն…»: Վստահեցնում է, թե դևերի ճիրաններից բազմաթիվ հիվանդներ է փրկել ոչ միայն Լեջանում, այլև հարևան համայնքներում, անգամ արտասահմանում։

Ընդամենը սովորական ջրի մեջ մի քանի մետաղադրամ ու մի մեծ ասեղ է գցում։ Ապա, հիվանդից պահանջում է ուշադիր նայել ջրամանին ու պատմել տեսած պատկերների մասին։ Արմեն Մկրտչյանը վստահ է. հիվանդը ջրի մեջ տեսնում է վախի պատճառներն ու իրեն հաջողվում է վերացնել դրանք մի քանի րոպեի ընթացքում։

«Հիվանդները տարբեր տեսարաններ են տեսնում, տարբեր կենդանիներ են տեսնում, ինչից վախեցել են։ Հետո դևեր էլ են տեսնում, դև, սատանա։ Դևերը մարդկանց շփոթության մեջ են գցում»,- ասում է Արմեն Մկրտչյանը: Անկուսակցական գյուղապետը Լեջանում անցած հոկտեմբերին երկրորդ անգամ է ընտրվել համայնքի ղեկավար: Առաջին անգամ գյուղապետ է դարձել մոտ 20 տարի առաջ՝ 1996 թվականին։ Սակայն, 2002-ին պարտվել է մրցակցին։ 15 տարի անց կրկին առաջադրվել ու հաղթել է։

«Ես մարդկանց չեմ խաբում։ Ինչ արել եմ՝ ազնվորեն, ինչով կարացել, օգնել եմ միշտ, ու մարդիկ գնահատել են, երևի իմ աշխատանքը, իմ ազնվությունը»,- ասում է Մկրտչյանը։ «Դև բռնելու ձեր ունակությունն օգնու՞մ է համայնքը ղեկավարելիս»,- այս հարցին պատասխանում է․ «Մեկը մեկին խանգարում ա ժամանակի բնույթով։ Բայց գյուղապետ լինելու համար էս հարցը չէ, տենց։ Ես չեմ շահարկում ու առիթից չեմ օգտվում»։

Մանրամասները՝ Ազատությունում

Այս խորագրի վերջին նյութերը