Լրահոս

05.05.2017 12:45


Հայաստանում կաճեցնեն մաշկ, հյուսվածքներ և օրգաններ

Հայաստանում  կաճեցնեն  մաշկ, հյուսվածքներ և օրգաններ

ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի պրոֆեսորների գիտական նվաճումները շրջադարձային են բժշկության բնագավառում: Մեծ է նրանց ավանդը հատկապես բժշկական սարքաշինության զարգացման գործում: Գիտնականների ստեղծած սրտագիրների, էնցեֆալոգրաֆների, ռետինոգրաֆների անալոգներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան ընկերություների առաջարկած տեխնոլոգիաներին, ընդ որում, շատ ավելի մատչելի են:

«Գիտությունը պետք է ծառայի բժշկությանը: Դու կարող ես բուժել մարդուն՝ միմիայն իմանալով նրա օրգանիզմի աշխատանքի մանրամասները: Դա անում է ֆիզիոլոգիան»,- ասում է ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը:

Ինստիտուտի լաբորատորիաներում կատարվող հետազոտությունները միտված են բացահայտելու բուժման ավելի արդյունավետ միջոցներ՝ հատկապես այն հիվանդությունների, որոնք թվում է՝ ունեն բուժման մի շարք տարբերակներ, ինչը, ըստ Չեխովի, նշանակում է, որ այդ հիվանդությունները չունեն բուժում:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտը ձևավորվել է ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: 1959թ.-ից ի վեր կրում է ակադեմիկոս Լևոն Օրբելու անունը, ով հանդիսանում է նրա հիմնադիրը: Սկզբնավորման առաջին իսկ օրվանից այն դարձավ Հայաստանում ֆիզիոլոգիայի կենտրոնը: Ինստիտուտը առաջատար էր նաև Սովետական Միության նյարդաֆիզիոլոգիական կենտրոնների շրջանում:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտն այսօր համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան բուհերի (Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի որոշ ինստիտուտների, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի) և բժշկական կազմակերպությունների հետ: Ունեն համատեղ լաբորատորիա Սանկտ-Պետերբուրգի Սեչենովի անվան էվոլիուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի հետ: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պարբերաբար կյանքի է կոչում նորարարական ծրագրեր: Վերջինը, որը բացառիկ է իր տեսակով, վերաբերում է մաշկի և հյուսվածքների աճեցմանը: Դա վերականգնողական բժշկագիտության ուղղություն է, որը հիմնված է ցողունային բջիջների օգտագործման վրա:

«Ի՞նչ ասել է ցողունային բջիջ. դրանք օրգանիզմի այն բջիջներն են, որոնք մասնագիտացված չեն և ունակ են տարբերակվելու (վերածվելու) օրգանիզմի ցանկացած հյուսվածքի բջջի: Ցողունային բջիջներ ստանալու տեխնիկան հարաբերականորեն հեշտ է. ցանկացած լիպոսակցիայի կամ վիրահատության ժամանակ վերցնում են անջատված ճարպը, այնուհետև համապատասխան մշակմամբ ստանում են ցողունային բջիջներ: Վերջիններս ակտիվ կենսաքիմիական մոլեկուլների ազդեցությամբ հնարավոր է վերածել ցանկացած հյուսվածքի բջիջների»,-մանրամասնում է Նաիրա Այվազյանը:

Արտասահմանում այդ նույն մեթոդներով ոչ միայն մաշկ, նաև այլ օրգաններ և հյուսվածքներ են աճեցնում: Օրինակ՝ ինֆարկտի ժամանակ սպիները, որոնք մնում են սրտի վրա և հետագայում բարդություններ են առաջացնում, ծածկում են հյուսվածքներով, ինչի շնորհիվ վնասված սիրտն ավելի երկար է ծառայում տիրոջը: Ցողունային բջիջների միջոցով հնարավոր է նաև միզապարկ աճեցնել: Այս տեխնոլոգիան փրկություն է նաև շաքարային դիաբետով հիվանդների համար, ում մոտ վերքերը ուշ են փակվում: Շնորհիվ այս մեթոդի, կարող են ստեղծվել մաշկի «կարկատաններ», որոնք կդրվեն վերքերի վրա և հնարավորություն կտան վերականգնել անոթները: Մաշկն ամենահեշտ ստացվող օրգաններից է, որը կիրառվում է այրվածքների բուժման ժամանակ:

Մաշկի և հյուսվածքների աճեցման լաբորատորիա Ֆիզիոլոգիայի ինստիտուտում

Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 2 տարի է, ինչ գործում է Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիան: Առաջին ուղղությունը ցողունային բջիջների բնութագրումն ու անջատումն է, իսկ երկրորդը՝ հայտնաբերումն և փորձարկումը, թե որ մատրիքսները կլինեն ամենահարմարը, որպեսզի չմերժվեն օրգանիզմի կողմից:

«Օրինակ` հաճախ արհեստական մաշկ ստեղծում են աղիքների միջոցով, բնականաբար, մենք չենք կարող օգտագործել մարդու աղիքներ, փոխարենը կարող ենք վերցնել կենդանիները՝ մաքրելով բոլոր բջջային կոմպոնենտներից և հիմքին համապատասխան բջիջներ ավելացնել»,-ասում է Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի ղեկավար կ.գ.թ. Զարուհի Կարաբեկյանը:

Այժմ ինստիտուտը աշխատում է տարբեր գենետիկական ֆոներով ցողունային բջիջների շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր կլինի խուսափել աճեցված հյուսվածքների իմունային խնդիրներից, որովհետև ոչ միայն անհատը, այլև էթնոսն ունի իմունային սպեցիֆիկություն: Ուսումնասիրություններ կատարելու նպատակով իրենց օգնում և որոշակի նյութեր է տրամադրում ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը, ով նույնպես զբաղվում է այդ տեխնոլոգիաների կիրառությամբ: Սակայն ինստիտուտն ունի ժամանակակից սարքավորման՝ հոսքային ցիտոմետրի կարիք: Սարքը հնարավորություն է տալիս ավելի արագ և հստակ տարանջատել ցողունային բջիջները՝ արդյունավետ դարձնելով անջատելու գործընթացը, ինչպես նաև հետագայում անջատված բջիջները բուժիչ նպատակներով օգտագործելիս՝ հնարավոր է առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել դրանց կազմի՝ հետևաբար նաև բուժման արդյունավետության վերաբերյալ:

Զարուհի Կարաբեկյանի տեղեկացմամբ՝ այժմ փորձում են համագործակցության եզրեր գտնել տարբեր բժիշկների հետ: Վերջինները նույնպես շահարգրռված են ծրագրի իրականացմամբ. այդպիսով հնարավորություն կունենան ձեռք բերել մատչելի հյուսվածքներ և ապահովել իրենց հիվանդների կատարյալ բուժումը: Գաղափարը կյանքի կոչելու համար, սակայն, անհրաժեշտ են լուրջ ներդրումներ և ֆինանսավորում: Իրականում այսպիսի ակադեմիական ինստիտուների, որոնք ապրում են այսպես կոչված «բյուջետային ֆինանսավորմամբ», հիմնական գործառույթն է ծնել գաղափարներ, որոնք կդառնան կիրառելի: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պատրաստ է համագործակցել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մտադիր են նաև հետագայում ստեղծել կառույց, որը կծառայի որպես կենտրոն-կլինիկա: Այն կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը:

Այս խորագրի վերջին նյութերը