Տնտեսական

04.12.2010 13:30


Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանը արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում

Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանը արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում բոլորովին վերջերս գործարկված շաքարի գործարանը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում: Հսկիչները տեղեկացրել են, որ գործարանի տնօրինությունը ժամանակավորապես փակել է բոլոր արտադրամասերը և տեղափոխվել Երևան: Իսկ աշխատողներին փոխանցել են, թե հարկադիր պարապուրդը կարող է տևել մի քանի ամիս: Նշենք, որ շաքարի գործարանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գործարանի աշխատակիցները նշում են, որ շաքարավազ արտադրելու համար հումք չկա: Ախուրյանի բնակիչ Հրաչ Պողոսյանը, ով աշխատում է շաքարի գործարանում, ասել է, թե իրենց աշխատանքի են կանչել գարնանը։

«Հումքի բացակայության պատճառով ժամանակավորապես դադարեցվել է գործարանի աշխատանքը մինչև գարուն,-ասել է Հրաչ Պողոսյանը:

Ախուրյանի շաքարի գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը հաստատել է, որ գործարանի աշխատանքների  ժամանակավոր դադարի պատճառը հումքի բացակայությունն է:

-Մինչ օրս ներկրվել է 17 հազ. տոննա կիսաֆաբրիկատ հումք՝ հիմնականում Բրազիլիայից: Իսկ հիմա հումքի ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել,-ասել է Էդուարդ Սարգսյանը:

Վերջինս նաև հավելել է, որ ունեն նաև արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ: Արտադրված շաքարավազը իրացվում է հիմնականում Հայաստանում: Իսկ հարևան երկրներից միայն Վրաստան է արտահանվել մոտ 1500 տոննա:

-Գործարանի աշխատանքների ժամանակավոր դադարի պատճառը արտադրանքի իրացման նոր շուկաներ գտնելն է: Ներկայումս գործարանը պահեստավորած այնքան շաքարավազ ունի, որը Հայաստանը կսպառի մեկ տարվա ընթացքում՝ մոտ 22 հազ. տոննա,- ասել է Էդուարդ Սարգսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը