Աշխարհ

04.05.2017 08:38


Ֆրանսիայում տեղի է ունեցել նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը․ Լե Պենը պարտվել է (տեսանյութ)

Ֆրանսիայում տեղի է ունեցել նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը․ Լե Պենը պարտվել է (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ 39-ամյա Էմանուել Մակրոնը և 48-ամյա Մարին Լե Պենը հեռուստաբանավեճի են մասնակցել։

Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական դեբատներում հաղթանակը շնորհել են «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնին։ Այս մասին է վկայում BFMTV հեռուստաալիքի պատվերով «Elabe» հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցումը։ Մակրոնին նախապատվություն է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, իսկ Լե Պենին՝ 34 տոկոսը։ 3 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

Մակրոնը 64 տոկոսով հաղթել է նաև «Figaro»-ի անցկացրած հարցման արդյունքներով։ 36 տոկոսը կողմ է արտահայտվել Լե Պենին։

Ինչպես փոխանցում է «Reuters» գործակալությունը, հեռուստաբանավեճը տևել է 160 րոպե, որի ընթացքում Մակրոնն ու Լե Պենը կտրուկ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։

Օրինակ՝ եվրոյի հարցում Լե Պենի դիրքորոշման պատճառով Մակրոնը նրան անվանել է «վախի գերագույն քրմուհի»։

«Եվրոն բանկիրների արժույթ է, այլ ոչ թե ժողովրդի»,-հակադարձել է Լե Պենը և պնդել, որ անհրաժեշտ է Ֆրանսիան վերադարձնել ազգային արժույթի՝ ֆրանկի։ Իսկ Մակրոնը համոզված է, որ եվրոյից հրաժարվելը Ֆրանսիային կհանգեցնի ճակատագրական հետևանքների։

Մարին Լե Պենը Մակրոնին անվանել է էլիտայի թեկնածու, ով ոչ մի բարեփոխում չի առաջարկում։ Մակրոնն էլ իր մրցակցին մեղադրել է «ստի ռազմավարության» գործածման մեջ, ով շատ խոսում է, քիչ անում։

Մակրոնը նաև ընդգծել է, որ Լե Պենը հակասեմական և քսենոֆոբիական հայացքներով հայտնի հոր իրական ժառանգն է։

Մարին Լե Պենը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հետ լայն կապերին և դեմ՝ նոր սառը պատերազմին։

«Մենք Ռուսաստանի հետ սառը պատերազմ վարելու որևէ պատճառ չունենք։ Կան բոլոր պատճառները նրա հետ դիվանագիտական, առևտրային, ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար, քանի որ դա մեծ երկիր է»,-ասել է Լե Պենը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մայիսի 7-ին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը