Լրահոս

14.12.2010 10:56


ԵԽ–ում Ադրբեջանի պատվիրակությունն ու Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոքի նոտա են հղել ընդդեմ հայ պատգամավորի

ԵԽ–ում Ադրբեջանի պատվիրակությունն ու Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոքի նոտա են հղել ընդդեմ հայ պատգամավորի

Եվրախորհրդարանում Ադրբեջանի ներկայացուցչությունը, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը բողոքի նոտա են  հղել եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկին' ընդդեմ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ  Եվրախորհրդարանի դեկտեմբերի 1-2-ի նիստին Նաիրա Զոհրաբյանը ԵԽ-ում «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» վերնագրով ֆիլմն է ցուցադրել, որտեղ պատմում են, թե ինչպես են ադրբեջանցիները ոչնչացնում հայկական գերեզմանները:

ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը դժգոհել է, թե հայկական կողմը խեղաթյուրել է փաստերը, ԵԽ պատգամավորներին թյուրիմացության մեջ գցել, և այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղել:

-Ես վստահ եմ, որ Եվրախորհրդարանը սթափ մոտեցում կցուցաբերի ադրբեջանական հերթական անհեթեթությանը, ուստի մենք պատրաստվում ենք շարունակել մեր այս՝ իմ գնահատմամբ ճիշտ, աշխատաոճը,-«7օր»-ին ասել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության համաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև նշել է, որ պատվիրակությունը նախապատրաստվում է ցուցադրել «Բաքու-Մարաղա-Սումգայիթ» ֆիլմը։ Քանի որ ֆիլմը բավական մեծ է և նիստի ընթացքում այն ցուցադրելը տեխնիկապես աննպատակահարմար է, Ն. Զոհրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահայանին՝ այդ ֆիլմերի ավելի փոքր տարբերակը պատրաստելու համար։ Դրանք կցուցադրվեն հաջորդ նիստին, որը, ի դեպ, նախատեսված է Երևանում (2011թ. նոյեմբերին)։

-Մեկ բան վստահ կարող եմ ասել. երբ մենք ԵԽ-ի շենքում ցուցադրեցինք «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» ֆիլմը, այն իրապես շատ մեծ տպավորություն թողեց ԵԽ պատգամավորների վրա։ Ֆիլմից հետո դահլիճում երկար ժամանակ քար լռություն տիրեց,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ նիստից դուրս ՀՀ պատվիրակության անդամները բազմաթիվ այլ հանդիպումներ են ունեցել, մասնավորապես ԵԽ պատգամավոր Բերտ Սթայսի հետ, ով առաջիկայում գալու է Հայաստան և Արցախ։ Բերտ Սթայսը նաև զբաղվում է ԵԽ-ից Ջուղա դիտորդական առաքելություն ուղարկելու հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը