Լրահոս

28.04.2017 18:32


Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, 2017թ. ապրիլի 28-ին փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017թ. ապրիլի 27-ի միջադեպի մասնակից փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գևորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2, 2.2.3, 5.1.2 և 5.2.1 ենթակետերի խախտման հատկանիշներով:

Փաստաբանի վարքագծի կանոնագրքի համաձայն՝

2.2.2 ենթակետ - փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):

2.2.3 ենթակետ- մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

5.1.2 ենթակետ- փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպես մասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։

5.2.1 (1) ենթակետ- փաստաբանը չպետք է` թույլ տա այլ փաստաբանի նկատմամբ արժանապատվությունը և փաստաբանի համբավն արատավորող գործողություններ ու արտահայտություններ:

Ըստ սահմանված կարգի՝

- կարգապահական գործը հանձնվելու է փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից ընտրված գործը նախապատրաստողին՝ եզրակացություն կազմելու և խորհրդի ներկայացնելու համար.

- նախապատրաստողի եզրակացությունը ներկայացնելուց հետո, կարգապահական գործը հանձնվելու է ՀՀ փաստաբանների պալատի՝ 12 անդամից կազմված խորհրդին, որի իրավասության մեջ է մտնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը.

- ՀՀ փաստաբանների պալատի նախագահը չի մասնակցում կարգապահական գործերով խորհրդի նիստերին:

ՀՀ փաստաբանների պալատի

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը