Հարցազրույց

15.01.2010 19:26


Պետրոս Մակեյան

Պետրոս Մակեյան

Հարցազրույց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ

-Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանը թիվ 10 ընտրատարածքի ընտրություններից 2 օր հետո արդեն հայտարարեց, որ շատ լավ էլ հասկանում էին, որ Նիկոլ Փաշինյանը որևէ դեպքում չէր ընտրվելու։ Հետևաբար իմաստը ո՞րն էր, որ մի շարք երիտասարդներ, այդ թվում նաև Ձեր որդին դառնային «թնդանոթի միս»։ Դուք նույնպես ծեծի ենթարկվեցիք։

-Ես նախապես նման բան չեմ իմացել։ Մեր թիմը բավական ծավալուն էր. միայն 4 ընտրատեղամասում մենք ներկայացրել ենք մոտ 50-60 երիտասարդների, ու պատասխանատուները եղել են մեր կուսակցության քաղխորհրդի անդամները։ Եվ մենք վստահ էինք, որ այդ համակարգը Նիկոլի դեմ էր. չեղած թեկնածուով, առանց քարոզչության ո՞նց էինք հաղթանակը ֆիքսելու։ Ինձ համար դա հարց էր, բայց տղաների հետ խոսելիս ես ասում էի՝ ո՛չ հաղթանակի ժամանակ ոգևորվեք, ո՛չ էլ պարտության ժամանակ հիասթափվեք. սա քաղաքական պրոցես է, և դա մեր քաղաքական պարտքն էր քաղբանտարկյալների հանդեպ։ Կարծում եմ՝ մեր հայտարարության մեջ էլ նշված է, որ որևէ ընտրության, որևէ հաղթանակի մասին խոսելն անիմաստ է։ Եթե իրենք քաղաքական որոշում ընդունեին, որ թույլ տային Նիկոլին արձանագրել հաղթանակ, դա ուրիշ բան, իսկ ընտրության պրոցեսով ինչքան էլ կազմակերպված լինեիր...ընդդիմությունը շատ լավ կազմակերպված էր, բայց դուք տեսեք՝ ինչ էին անում։ Ապշելու բան է. նույնիսկ կարող էին վստահված անձին ներքաշել կրիմինալ բաների մեջ և ցանկացած ձևով դուրս բերել, որովհետև սափրագլուխներին հստակ պլան է տրված եղել։ Նրանք անջատված են, էլ չեն նայում՝ Մակեյանն է, 60 տարեկան մարդ է, ինչ վնաս կլինի, իրենք պլանը պետք է կատարեն։ Չեն կատարում, ուրեմն կերակրամանի խնդիր են ունենում։

-Ասում եք, որ այս պայմաններում հնարավոր չէ ընտրություններով ինչ-որ բան փոխել, բայց «Հայ ազգային կոնգրեսը» շարունակ պնդում է, որ «սահմանադրական ճանապարհով» է պատրաստվում իշխանափոխություն անել։ Այսինքն, կարելի՞ է ասել, որ սահմանադրական ճանապարհի այդ մարտավարությունն այլևս ձախողված է։

-Գիտե՞ք, 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների քվեարկությունից հետո ամեն ինչ գնում էր սահմանադրական ճանապարհով, ամեն ինչ՝ քվեարկությունը, առաջադրումը, ընտրությունը, հետընտրական զարգացումները, և որևէ մեկը կասկած չուներ, որ գնում էր հանգուցալուծման՝ իշխանափոխության, եթե չլիներ թիվ մեկ ահաբեկիչ այդ մարդկային վիժվածքի հրամանը՝ դիպուկահարներով խաղաղ ժողովրդի վրա կրակել։ Իմացե՛ք, սահմանադրական ճանապարհ ասվածը ոչ միայն...մթնոլորտի, միջավայրի փոփոխությունը կբերի ա՛յդ փոփոխությանը, և միայն կրակոցներով չէ, որ հնարավոր է։ Ես սահմանադրական ասելով հասկանում եմ ինտենսիվ աշխատանք, որի դեպքում խնդիրը հստակ ձևավորում ես, հասարակության համար ընկալելի, ու ընդդիմության գործողություններն ընկալվում են այնպես, որ դու ազնիվ գնում ես այդ հանգուցալուծմանը։ Այն հասարակությունը, որը փետրվարի 26-ին Օպերայում էր, որի ժամանակ ես փակված եմ եղել և պատմելով եմ լսել, այդ հասարակության 80-90%-ը կգա հրապարակ, և այս իշխանությունները, այս ռեժիմը վախենում են դրանից։ Այս պահին ընդդիմությունը՝ մենք, դեռևս այդ հարցադրումը չենք արել, որովհետև պրոցեսներ են գնում՝ հայ-թուրքական, Ղարաբաղի հարց։ Միանշանակ դրա պահը ճիշտ պետք է ընտրենք։ Պահը եթե ճիշտ ընտրեցինք, ես վստահ եմ, որ մենք գալիս ենք սահմանադրական ճանապարհով խաղաղ իշխանափոխության։

-Ճի՞շտ եք համարում, որ, ՀԱԿ–ը ներկայացնող մի շարք գործիչների որդիներն ակտիվ պայքարի մեջ են, նույնիսկ ծեծ են ուտում, իսկ ոմանց զավակներն այդքան էլ ակտիվ չեն։

-Իմ տղան, Դավիթ Մաթևոսյանի տղան, մեր ակտիվի բոլոր տղաներն այս պայքարի առաջին գծում են։ Եթե իմ տղան առաջին գծում չլինի, ես մյուս տղաներին ի՞նչ իրավունք ունեմ ասեմ՝ եկեք մասնակցե՛ք։ Ինձ անընդհատ մեղադրում են, որ իմ տղաներն իմ հետ են։ Դա եղե՛լ է ու կլինի՛, որովհետև ես այդ դեպքում իրավունք չունեմ ուրիշին ներգրավվել այս պայքարի մեջ։

-Պարո՛ն Մակեյան, եթե Դուք ասում եք, որ նախապես չեք իմացել, որ թիվ 10 ընտրատարածքում պարտվելու եք, արդյոք Ձեզ հիմա խաբված չե՞ք զգում, որ, փաստորեն, Դավիթ Մաթևոսյանը և այլոք իմացել են, բայց Ձեզ, պատկերավոր ասած, առաջին գիծ են ուղարկել։

-Ինձ ոչ ոք առաջին գիծ չի ուղարկում, ե՛ս եմ գնում առաջին գիծ։

-Այդուհանդերձ, Ձեզ ոչ ոք չի տեղեկացրել, որ պարտվելու եք։

-Ես 15 տարվա քաղաքական փորձ ունեմ, ինձ մյուսնե՞րը պետք է ասեն։ Ի՞նչ է, ինձանից լա՞վ են հասկանում այդ արդյունքի մասին։ Առաջին գիծ գնալը իմ բարոյական պարտքն է։

-Դուք Ձեզ խաբված չե՞ք զգում։

-Բացարձա՛կ։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի նման պատրաստ եմ գործիք դառնալ սրանց հեռացնելու համար, բայց կոնկրետ անձի գործիք չեմ դառնում։

-Չե՞ք կարծում, որ դարձել եք կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի գործիքը։

-Ես Լևոն Տեր-Պետրոսյանի գործիքը...ես մեր ժողովրդի գործիքն եմ։

-Ճի՞շտ եք համարում, որ ընտրություններից ընդամենը 2 օր առաջ՝ հունվարի 8-ի հանրահավաքի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է մարտի 1-ին՝ փաստորեն, նախօրոք տեղեկացնելով, որ եթե թեկուզ կեղծիքներ լինեն, հանրահավաքներ և նմանատիպ գործողություններ ՀԱԿ-ը, միևնույն է, չի անելու։

-Բայց ի՞նչ գործողություններ պետք է անենք լոկալ, մեկ տեղամասի համար, երբ Հայաստանում հիմնական պրոցեսները գնում են նախագահական ընտրությունների ժամանակ։ Ի՞նչ է, գյուղապետի համար հելնենք, սկսենք հեղափոխությո՞ւն անել։

-Իհա՛րկե։

-Հիմա ժողովրդին հանենք, որ ասենք՝ այս 10-րդ ընտրատարածքում կեղծիքնե՞ր են արվել։ Ժողովուրդը դա գիտի։ Ժողովրդին մենք պետք է կարողանանք հանել, որ ամբողջ պրոցեսը փոխենք։

-Չե՞ք կարծում, որ աստիճանաբար ՀԱԿ-ի ընտրազանգվածը մարում է։

-Չէ՛, ընտրազանգվածը չի մարում. ընտրազանգվածը կողմնորոշվում է, դժգոհ է, ապատիայի մեջ է։ Մահանա՞լը...ֆիզիկապես, բնականաբար, մի մասը հեռանում է, շատ քիչ մասը, բայց կարծում եմ՝ մեր հասարակությունն իր հիմնական ֆունկցիան կկատարի։ Հակառակ դեպքում իմացե՛ք՝ պետականություն ենք կորցնում։ Երևանի կենտրոնում երբ 2 հազար դրամով ձայն են գնում, ապշելու բան է։

-Եթե ընտրազանգվածին չեք կորցնում, այդ դեպքում թիվ 10 ընտրատարածքում մասնակցության ցածր մակարդակն ինչո՞վ եք բացատրում։

-Այդ ամբողջ խուժանը շրջափակել էր բոլոր ճանապարհները, և նորմալ մարդը նսեմացած էր զգում այդ խուժանների միջով անցնելիս։ Որովհետև նրանք գիտեն, որ եթե Մակեյան Պետրոսը գնում է, ձայնը չի տալիս իրենց այդ հանցագործին՝ դրածոյին, բնականաբար, իրենք ամեն ինչ անում են, որ Մակեյանը չմտնի ընտրատեղամաս։ Եթե մտավ, ուրեմն պետք է քվեարկի իրենց օգտին։ Իսկ մի մասն էլ իմանալով, որ այդ միջանցքը կա, տանից դուրս չէր գալիս։ Մյուս մասն էլ մտածում էր, որ այս ընտրությամբ, բնականաբար, հարց չէր լուծվում. նույնիսկ Նիկոլի, քաղբանտարկյալների խնդիրն իրենք այդքան սրտին մոտ չընդունեցին։ Նրանք ընդունում են, որ երկի՛րը փոխեն, վիճա՛կը փոխեն։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը